Օգոստոս 22, 2025
122 դիտում

Պեպ Գվարդիոլա․ Այսօր բոլորը երջանիկ են ձեւանում են, բայց դա ամենամեծ սխալն է


Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Manchester City


Պեպ Գվարդիոլան իսպանական GQ-ին ծավալուն հարցազրույց է տվել, որից առանձնացրել ենք առավել հետաքրքիր մտքերն ու առաջարկում ենք մեր ընթերցողներին ծանոթանալ դրանց հետ։

Լուսանկարը` Manchester City


«Գուցե թեստ հանձնեմ ու կենսաբանական տարիքս ավելի երիտասարդ ցույց տա, բայց ինձ 75 տարեկան եմ զգում: Ես ավերված եմ, ամեն ինչս ցավում է: Հուսով եմ՝ որոշ ժամանակ անց ավելի լավ կլինեմ, քան հիմա եմ։ 

Ֆուտբոլիստի կարիերան ավարտեցի, երբ միտքս ասաց․ «Բավական է, ես հոգնած եմ, այլեւս չեմ կարող»։ Նույնը պատահեց նաեւ իմ մարզչական աշխատանքի ժամանակ, երբ «Բարսելոնա»-ում էի։ Հասավ մի պահ, երբ ասացի․ «Բավական է, բավական է։ Ես ուզում եմ փնտրել այլ մարտահրավեր»։ Երբ փորձում ես չափազանց շատ բան անել, ամեն ինչ պարզապես չի ստացվում։ Բայց խնդիրը իմ գլուխն էր, ոչ այնքան մկաններս, կամ ծնկներս, կամ ոտքերս։ Գլուխն ամեն ինչ է։ Մարզիկների եւ ամենքի մոտ։ Դա ամենաքիչ ուսումնասիրված օրգանն է, հավանաբար բարդ կառուցվածքի պատճառով։ Բայց ամեն ինչ բխում է գլխից։ Սպորտում միտքը կառավարում է ամեն ինչ։ Մեծ եւ մեծագույն մարզիկների տարբերությունը գալիս է գլխից։ Բոլորն ունեն հմտություններ, տաղանդ, բայց վերահսկողությունը, դիմացկունությունը, մտավոր ուժը, որ կյանքը ոչ այլ ինչ է, քան ընկնել ու նորից վեր կենալ՝ գալիս է գլխից։ 

Ես սա ասում եմ ոչ միայն ինձ, այլ բոլոր գործընկերներիս համար՝ մարզչի աշխատանքը 24/7 ռեժիմով է։ Քո ուսերի վրա ճնշումը հսկայական է։ Որոշակի պատասխանատվություն ես ունենում շատ մարդկանց համար՝ խաղացողների, նախագահի, մարզական տնօրենի... Երբ մի բան չի ստացվում, ունենում եմ նրանց հիասթափեցրած լինելու զգացողություն։ Ես չգիտեմ՝ այսօրվա երեխաները գնում են եկեղեցի, թե ոչ, բայց մեր ժամանակ դա դաստիարակության շատ կարեւոր մասն էր։ Եվ լավ կամ վատ արարքների մեղքի զգացումը խորապես արմատացած է իմ մեջ։ 

Լուսանկարը` Manchester City


Հաջողությունը երկնքից չի ընկնում։ Դուք պետք է ժամեր ներդնեք դրան հասնելու համար։ Այլ գաղտնիք չկա։ Սպորտում մի բան հաստատ է՝ միշտ չէ, որ կարող ես հաղթել։ Դա անհնար է։ 

Պրեմիեր լիգան 6 անգամ հաղթելուց հետո գալիս է մի ժամանակ, երբ անկում ես ապրում։ Դա մարդկային բնույթ է։ Չստացված մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթի»-ի համար առողջարար էր։ Հաջողությունը շփոթեցնում է։ Եվ դուք մտածում եք. «Մենք կվերականգնվենք, մենք կվերադառնանք...»։ Բայց մրցակիցը սպասում է քո սայթաքելուն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դու շատ ես հաղթել։ Եվ հաղթանակը նյարդայնացնում է նրանց։ 

Ես ուրախ եմ, որ ձախողվել եմ։ Ես սիրում եմ ձախողումները։ Այս հասարակությունում, որտեղ ամեն ինչ պետք է կատարյալ լինի, որտեղ դու պետք է քո ուտելիքը հրապարակես Ինստագրամում... իբր «Օ՜, ինչքան լավ, ինչքան երջանիկ եմ»։ Ամեն օր մենք պետք է ապացուցենք, որ երջանիկ ենք։ Բայց ես տխուր եմ, ես ձախողվում եմ եւ պարտվում։ Հետո ի՞նչ։ Անվանեք մեկին, ով դա չի անում։ 

Այսօր մենք կարծում ենք, որ միայն ուրիշների ասածն է կարեւոր: Մենք ուզում ենք ամբողջ օրը ձեւացնել, թե երջանիկ ենք: Եվ դա ամենամեծ սխալն է: Նորմալ է, երբ տխուր եք, հիասթափված, պարտված, ամեն բան կանցնի, ինչպես եւ անցնում է երջանկությունը։  

Իմ երեխաները դժոխային ժամանակ են ապրում: Մենք այսքան բան չունեինք, բայց երբ ես փոքր էի, հիշում եմ, թե ինչպես էի ամբողջ օրն անցկացնում մեր քաղաքի հրապարակում՝ սկուտեր կամ հեծանիվ քշելով, ընկերներս հետ ֆուտբոլ խաղալով: Տանը մեզ գրեթե չէին տեսնում, իսկ հիմա ոչ ոք տնից դուրս չի գալիս։ Այս հրաշալի գյուտից՝ հեռախոսից, նրանք չեն բաժանվում, ամբողջ օրը դրա մեջ են։ Բայց ես չեմ քննադատում, որովհետեւ, եթե ես ծնվեի այս դարաշրջանում, ես էլ այդպիսին կլինեի։ 

Լուսանկարը` Manchester City


Ուկրաինայում կամ Պաղեստինում կատարվող ողբերգության համար մենք մատներս մատներիս չենք տալիս։ Այնինչ դա տեղի է ունենում այստեղից երեք կամ չորս ժամվա հեռավորության վրա, իսկ մենք ֆուտբոլ ենք խաղում։ Շատ տարիներ առաջ, երբ ընթանում էր Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմը, շատ բաներ թաքցվում էին։ Այսօր ամեն բան տեսնում ենք ուղիղ եթերում, եւ մենք չգիտենք լուծումները։

Հիմա ամեն ինչ շարժվում է դեպի արհեստական բանականություն։ Բայց դա երբեք չի փոխարինի մարդկային հուզական շփումներին, երբեք չի կարող պատմել մարդկային պատմությունը, այն, երբ մենք նայում ենք միմյանց աչքերի մեջ եւ գրկում իրար։ Մարդկայինը չի կարող փոխարինվել։ Անհնար է։ 

Լուսանկարը` Manchester City


Կգա մի օր, երբ ես կասեմ․ «Այլեւս չեմ ուզում գործ ունենալ խաղացողների, հակառակորդի մարտավարության, երեք օրը մեկ մամուլի ասուլիսների, ղեկավարի հետ… Հիմա ես իմ սեփական ղեկավարն եմ, այլեւս զարթուցիչ դնելու կարիք չունեմ եւ կարող եմ որոշել իմ կյանքը»։ 

«Բարսելոնա» վերադարձ չի լինի։ Այդ դարաշրջանն ավարտվել է հավերժ։ Գիտեմ, որ «Սիթի»-ի հետ այս փուլից հետո դադար կվերցնեմ, դա հաստատ է։  Պետք է կանգ առնել եւ կենտրոնանալ ինքս ինձ վրա...  Ես երբեք չէի մտածի, որ կլինեմ մարզիչ, կգլխավորեմ  «Բարսելոնա»-ն, կաշխատեմ Գերմանիայում, Անգլիայում։ Մենք կարծում ենք, որ վերահսկում ենք իրավիճակը։ Բայց ոչ, միշտ մի բան պատահում է ու ինչ-որ պահի ինքդ քեզ ասում ես. «Օ՜, ուզում եմ սա անել»։ Այ, այդ ժամանակ կհասկանամ՝ ինչ անել հետո»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին