Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանը (68 կգ) որոշել է հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ պայմանագիր է կնքել Grand Boxing Managment-ի հետ։
Մարզուհին այժմ պատրաստվում է իր առաջին մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին Երեւանում։ Mediamax Sport-ը զրուցել է Հովսեփյանի հետ ու իմացել, թե ինչպես է նման որոշում կայացրել, կմասնակցի արդյոք նաեւ սիրողական առաջնություններին ու ինչ է զգում մենամարտ ունենալուց առաջ։

Լուսանկարը` Անձնական արխիվ
«Սիրողական բռնցքամարտի հետ կապված անորոշություններ կան, Աշխարհի առաջնությունը Հայաստանը կարծես բաց է թողնելու։ Քանի որ մրցաշարեր այս ընթացքում չկան, ես էլ լավ առաջարկություն ստացա Grand Boxing Managment-ի նախագահ Խաչիկ Խաչատուրյանից, որոշեցի ուժերս փորձել այնտեղ։
Խաչատուրյանը Բելգիայից է, իսկ նրա ընկերությունում բազմաթիվ բռնցքամարտիկներ են ներառված։ Վաղուցվանից ենք ճանաչում միմյանց, դեռ 21 տարեկան էի, երբ առաջարկեց տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ։ Հրաժարվեցի, որովհետեւ պատրաստ չէի ու դեռ վաղ էի համարում այդ քայլին գնալը։ Հիմա հասունացել եմ, բավական փորձ եմ կուտակել ու կարող եմ ինձ դրսեւորել։
Շատ ուրախ եմ, որ ուժերս փորձելու եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Սիրողականի հետ համատեղելու մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող։ Կմտածեմ ու կհասկանամ։

Լուսանկարը` IBA
Ես շարունակում եմ ներկայացնել Հայաստանը, մարզվում եմ մեր դահլիճում իմ մարզիչ Վաչե Վարդանյանի հետ։ Պատրաստվում եմ հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին, որի ժամանակ անցկացնելու եմ 1-ին մենամարտս։
Շատ ոգեւորված եմ, որ նորամուտս նշելու եմ իմ հայրենիքում, դա պարտավորեցնող է։ Ունակություններս ցույց կտամ ու մեծ հույս ունեմ ուրախացնել բոլոր նրանց, ովքեր սրտացավ են իմ նկատմամբ։
Մրցակիցս Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանրդա Ռապաիչն է, որ դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 40-րդ տեղը։ Քանի որ ես երբեք պրոֆեսիոնալ մենամարտ չեմ անցկացրել, վարկանշային միավորներ դեռ չունեմ։
Մարզչիս հետ ուսումնասիրում ենք մրցակցիս, հիմա աշխատում ենք ֆիզիկական վիճակս բարելավելու վրա ու աստիճանաբար լավ մարզավիճակ կհավաքեմ ու պատշաճ կմոտենամ մենամարտիս»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: