Հայաստանի առաջնության 4-րդ տուրը եւս ամբողջական չէր՝ հետաձգվել էր «Նոա»-«Վան» հանդիպումը։ Թիմերն աստիճանաբար մարզավիճակ են հավաքում եւ ավելի համառ պայքար մղում յուրաքանչյուր խաղում։
«Ուրարտու»-«Ալաշկերտ»՝ 0:1

Լուսանկարը` Ուրարտուի ֆեյսբուք
Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ էին մրցում բարձր հորիզոնականների 2 հավակնորդ՝ «Ուրարտու»-ն եւ «Ալաշկերտ»-ը։ 2 թիմերն էլ սիրում են խաղալ գնդակի տիրապետման վրա հիմնված դինամիկ ֆուտբոլ։ Գլխավոր հարցն այն էր, թե որ թիմը կկարողանա զրկել մրցակցին գնդակից։ Հանդիպումը սկսեց փոխնիփոխ գրոհներով, բայց հետո «Ուրարտու»-ն աստիճանաբար իր կողմը թեքեց առավելությունը՝ ստիպելով մրցակցին հիմնականում հակագրոհել։ Թիմերի գրոհները հիմնականում կառուցվում էին աջ եզրով, որտեղ գործում էին տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ՝ Բռունո Միշել («Ուրարտու») եւ Օլավալե Ֆառայոլա («Ալաշկերտ»)։
2-րդ խաղակեսում «Ուրարտու»-ն սեփական կիսադաշտում կորցրեց գնդակը գրոհ կառուցելիս եւ հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Էդգար Փիլոյանը՝ բացելով խաղի հաշիվը։ «Ալաշկերտ»-ը փակվեց սեփական կիսադաշտում՝ հիմնականում ապավինելով կայծակնային հակագրոհների: Հանդիպումն աչքի ընկավ նաեւ չնշանակված 11-մետրանոցներով՝ 2 էլ «Ալաշկերտ»-ի դարպասին։ Եթե առաջին դրվագում Դավիթ Տերտերյանը սկզբից գնդակին խաղաց, ապա հարվածեց մրցակցի ոտքին:Ապա 2-րդ դրվագում գնդակն ակնհայտորեն դիպավ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստի ձեռքին սեփական տուգանայինում։ Մրցավարը երկար մտորումներից հետո որոշեց չնշանակել 11-մետրանոց ՝ հարուցելով «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի բարկությունն ու զարմանքը։ Անկախ ամեն ինչից թիմերը ցուցադրեցին բարձր տեմպով հարձակվողական ֆուտբոլ՝ լի գեղեցիկ գրոհներով եւ պայքարով, ինչը ցավոք եզակի երեւույթ է մեր առաջնության համար։
«Շիրակ»-«Արարատ-Արմենիա»՝ 0:1

Լուսանկարը` Շիրակի ֆեյսբուք
Տուրի վերջին մրցավեճը կայացավ Գյումրիում, որտեղ դժվար է բոլոր թիմերի համար անկախ «Շիրակ»-ի մարզավիճակից։ Խաղի մեկնարկից առաջ ակնկալվում էր, որ «Շիրակ»-ը հենց սկզբից պաշտպանվելու է, իսկ «Արարատ-Արմենիա»-ն տիրելու է խաղի նախաձեռնությանը։ Բայց առաջին խաղակեսի մեծ մասը «Շիրակ»-ը հավասարը հավասարի պայքարում էր ահեղ մրցակցի հետ։ Գյումրեցիներն անգամ ավելի շատ էին տիրում գնդակին՝ ստիպելով մրցակցին գրոհել երկար փոխանցումներով։ Հաճելի էր տեսնել նման կազմակերպված ու նվիրված խաղ «Շիրակ»-ի երիտասարդ ֆուտբոլիստների կատարմամբ։ Սակայն խաղակեսի ավարտին մոտ «Արարատ-Արմենիա»-ն կարողացավ վերցնել նախաձեռնությունն իր ձեռքը։ Վերջիններս հիմնականում գրոհում էին Ժիրայր Շաղոյանի միջոցով։
2 -րդ խաղակեսն արդեն ընթանում էր սպասված սցենարով՝ ամուր պաշտպանվող եւ մրցակցին տարածություններից զրկող «Շիրակ» եւ անընդհատ գրոհող «Արարատ-Արմենիա»։ Ցավալի էր «Շիրակ»-ի համար, որ անմիջապես հենց հակագրոհներից հետո եղավ անկյունային սեփական դարպասին եւ արդյունքում բաց թողնված գոլ։ Ներկայիս «Շիրակ»-ը դեռ շատ երիտասար ու անփորձ թիմ է, որը պատրաստ է պայքարել ամենաահեղ մրցակիցների հետ։ Իսկ «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները կարծես դեռ լիարժեքորեն չեն մտել առաջնության տեմպի մեջ։
«Արարատ»-«Փյունիկ»՝ 0:2

Լուսանկարը` Փյունիկի ֆեյսբուք
Արտակ Օսեյանի մարզչական նորամուտը հաջող ստացվեց «Փյունիկ»-ի համար։ Թիմի խաղաոճում դեռ չեն զգացվում կտրուկ փոփոխություններ Եղիշե Մելիքյանի հեռանալուց հետո։
2-րդ խաղակեսում «Փյունիկ»-ին հաջողվեց բացել խաղի հաշիվը՝ սեփական տարեդարձին ինքն իրեն նվեր մատուցեց Էրիկ Օկանսին։ Դրանից հետո «Փյունիկ»-ը գնդակը հանձնեց մրցակցին՝ հրավիրելով գրոհների, որպեսզի ավելի շատ բաց տարածություններ գտնի նրա թիկունքում։ «Արարատ»-ը փորձում էր թե՛ բազմաքայլ, թե՛ երկար փոխանցումներով գրոհել, բայց ապարդյուն։ Դեռեւս կաղում է «Արարատ»-ի թիմային խաղը եւ վերջիններս հենվում են առանձին անհատների որակների վրա։ Խաղավարտին մոտ սկսված հյուրերի գրոհներն արդյունք տվեցին ու գրանցվեց 2-րդ գոլը։
«Փյունիկ»-ի խաղը դեռ այդքան էլ համոզիչ չէ, ֆուտբոլիստները լավ խաղակցված չեն եւ լավ չեն համագործակցում։ Թիմը չի կարողանում բարձր տեմպով խաղալ ամբողջ 90 րոպե։ Հենց այս խնդիրների հետ պետք է պայքարի Օսեյանը ՝ առաջատարների ցանկում մնալու համար։
ԲԿՄԱ-«Գանձասար»՝ 0:0

Լուսանկարը` ԲԿՄԱ-ի ֆեյսբուք
Այս տուրի միակ գոլազուրկ խաղում միմյանց էին հանդիպել ԲԿՄԱ-ն եւ «Գանձասար»-ը։ Մրցավեճը ցույց տվեց, որ թիմերն այժմ գտնվում են քիչ թե շատ նույն ուժային կատեգորիայում։ 2-ն էլ ունեցան անգամ խփած գնդակներ ստանդարտների խաղարկումից հետո, բայց գոլերը չեղարկվեցին աչքի ընկած ֆուտբոլիստների խաղից դուրս լինելու պատճառով։ Իսկ ընդհանուր խաղի հաշիվն ամբողջովին արտացոլում է այն ամենն, ինչ կատարվում էր խաղադաշտում։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: