Մայիս 10, 2025
exclusive
12685 դիտում

Հավաքականի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Հայ ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները երկար ժամանակ ունեն հանգստանալու ու հեռուստացույցով դիտելու Եվրոպայի հերթական առաջնությունը, որը 2016-ի ամռանը հյուրընկալելու է Ֆրանսիան:

Այս անգամ եւս հերթական միջազգային խոշոր մրցաշարն անցավ մեր կողքով ու կրկին սպասելու ենք սեպտեմբերին, երբ կմեկնարկի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը:

Mediamax Sport-ը շարունակում է մեր հավաքականի անհաջողությունների մասին պատմող շարքը: Այս անգամ զրուցել ենք ֆուտբոլից տեղեկացված ու գիտակ մարդկանց հետ:

Ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն երկար տարիներ է լուսաբանում է ազգային հավաքականի ելույթներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այս ընտրական մրցաշարում մերոնց անհաջողությունը, ըստ նրա, երկու հիմնական պատճառ ուներ։

Լուսանկարը` Photolure


«Նախ սխալվեցինք մարզչի ընտրության հարցում։ Բեռնար Շալանդն ուներ կոնկրետ ֆուտբոլային մտածելակերպ, փիլիսոփայություն, բայց դրանք Հայաստանի հավաքականին համապատասխան չէին։ Սարգիս Հովսեփյանը պարզապես պետք է փորձեր շտկել բարդ իրավիճակը, ինչն անել նրան չհաջողվեց։ Երկրորդը՝ ամբողջ մրցափուլի ընթացքում մեր ֆուտբոլիստների մեծամասնության խայտառակ ֆունկցիոնալ եւ խաղային մարզավիճակն էր։ Ահա այս գործոնների համադրությունն էր պատճառը, որ մենք հաջողության հասնել չէինք կարող»,- բացատրեց Քալանթարյանը։

Այս մրցափուլում գրեթե բոլորն են խոսում, որ մեր հավաքականում այլեւս չկա միասնական ու մեկ նպատակի ձգտող թիմ, որի բոլոր անդամները մտածեն իրար ու, իհարկե, հաղթանակի մասին:

Այս կարծիքը կիսում է նաեւ մեկնաբանը՝ փաստելով, որ թիմում մթնոլորտը շատ է փոխվել. «Հիմա մենք չունենք միասնական եւ համերաշխ կոլեկտիվ, ինչպես մի քանի տարի առաջ էր»։

Լուսանկարը` PAN Photo


Ամեն դեպքում, ամեն ինչ արդեն անցյալում է ու ժամանակն է մտածել արդեն ԱԱ-2018-ի մասին: Իսկ այն նույնպես չձախողելու համար պետք է բարձրակարգ եւ հեղինակավոր մարզիչ հրավիրել, իսկ մնացածը նա կարող է կարգավորել:

«Կարող է գլխավորել ցանկացած մարզիչ, նայած՝ ինչ ախորժակ ունենք։ Եթե մեծ, ապա ընտրությունն էլ մեծ է։ Եթե ոչ, ապա լավագույն օրինակն ալբանացիների գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազին է։ Մարզչի այդ տեսակն եմ պատկերացնում մեր հավաքականի ղեկին»,- եզրափակեց Էդուարդ Քալանթարյանը։

Էդգար Պետրոսյանը ՖԱՖ-ի անդամ է ու կրկին կարծում է, որ հայ ֆուտբոլիստների անհաջողությունները սկսվեցին ՀՖՖ-ի կողմից սխալ ընտրված գլխավոր մարզչի պատճառով:

«Ֆեդերացիան ուներ լայն ընտրություն, սակայն ընտրեց Բեռնար Շալանդին ու բացատրեց, որ նա լավ ուսումնասիրել է հայկական ֆուտբոլը, շատ լավ գիտի նույնիսկ երիտասարդական ու պատանեկան թիմերի խաղացողներին: Երկրպագուները Շալանդին ճանաչեցին միայն պարտությունների դառնությունը ճաշակելուց հետո: Նրան փոխարինեց  ավելի անփորձ հայ մասնագետ, ում հետ անձամբ ես մեծ հույսեր էի կապում: Սարգիս Հովսեփյանն այն անձնավորությունն էր, որի շուրջ կարծես վերջապես պետք է համախմբվեին մեր ֆուտբոլիստները, Սարգիսը լինելու էր նրանց մարզիչն ու ավագ եղբայրը: Ցավոք, նա չկարողացավ իր վրա վերցնել առաջնորդի դերն ու պատասխանատվությունը, չկարողացավ մեր ֆուտբոլիստներին բուժել պարտություններից եւ նոր հաղթանակների շունչ հաղորդել»,- բացատրեց Էդգարը:

Լուսանկարը` PAN Photo


Նրա խոսքով, հայկական ֆուտբոլի պատասխանատուներից պահանջվում է ավելի լուրջ եւ սրտացավ վերաբերմունք, որպեսզի կարողանանք դուրս գալ ներկա վիճակից: Հավաքականը պետք է գլխավորի մեծ փորձ եւ անուն ունեցող որեւէ մասնագետ, որը հաստատ կիմանա, թե ինչպես պետք է ուղորդել թիմին դեպի մեծ հաղթանակներ:

«Երկխոսությունը ՀՖՖ-ի եւ երկրպագուների միջեւ միշտ եղել է, քանի որ ամբողջական մի մարմնի շատ կարեւոր մասերն ենք կազմում: Ցավալի է, որ վերջին ժամանակներս հանդիպումները կտրուկ նվազել են: Երկրպագուները վաստակել են բողոքի եւ պահանջի իրավունք, քանի որ, գործելով նվիրված ու համառ, նույն վերաբերմունքն ու արդյունքները չեն ստացել իրենց սիրելի ֆուտբոլիստներից եւ մարզչից»,- նշեց նա:

«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հետեւել է Հայաստան- Ալբանիա խաղին: Իսպանացի մասնագետը կարծում է, որ մերոնց թերությունները տակտիկական են. «Թիմը կարծես ներուժ ունի, անհատական լավ որակ ունեցող խաղացողներ կան, սակայն շատ հարցեր լուծված չեն: Ալբանիայի դեմ խաղում ես տեսա 11 տարբեր մտածող ֆուտբոլիստներ, մինչդեռ ֆուտբոլը թիմային մարզաձեւ է, ու բոլորը պետք է մտածեն ու գործեն համաձայնեցված»:

Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը հույս ունի, որ քննադատությունները, որոնք մեծամասամբ ճիշտ են, դրական ազդեցություն կունենան տղաների վրա. «Պետք է հետ նայել ու վերլուծել անցած երկու տարում կատարվածը: Այս անհաջողությունների շարքը պետք է ավելի ուժեղ դարձնի մեր ֆուտբոլիստներին, ովքեր պետք է պայքարեն ու նորից հաղթեն: Իսկ նրանք միայն դաշտում կկարողանան պատասխանել քննադատողներին: Մեր թիմը կարող է լավ խաղալ եւ հաջողություններ գրանցել»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ցավոք, մեր հարցերի պատասխաններն այդպես էլ չստացանք: ՀՖՖ-ն ամբողջական վերլուծություն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի ավելի ուշ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին