1994 թվականին Լիլիհամերն ընդունել էր ձմեռային Օլիմպիական խաղերը, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք հիշարժան ելույթներ։
Սակայն մեր «Ռեկորդակիրները» շարքում ներկայացնելու ենք մի մարզուհու, որի գրանցած ռեկորդը հավերժ կմնա անգերազանցելի։
Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յուն-մին հանդես էր գալիս շորթ թրեքի մրցումներում։ Այդ ժամանակ մարզուհին ընդամենը 13 տարեկան 86 օրական էր ու իր սպորտային փայլուն ելույթներով գրավել էր հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունը՝ ներառվելով Օլիմպիական թիմի կազմում։
3000 մ փոխանցումավազքում Յուն-մին նվաճեց Օլիմպիական չեմպիոնի կոչումը՝ դառնալով ամենաերիտասարդ մարզուհին, որ նման տիտղոսի է հասնում ձմեռային Օլիմպիական խաղերում։
Այս ռեկորդը հավերժ կմնա մարզուհունը, քանի որ դրանից հետո ՄՕԿ-ը եւ ISU-ն որոշեցին նվազագույն տարիքային շեմ սահմանել օլիմպիականների համար։ Այն դարձավ 15 տարեկանը։
«Ես ոչ թե երիտասարդ էի, այլ երեխա։ Անհանգստություն չունեի միգուցե նաեւ այն պատճառով, որ խորապես չէի գիտակցում խաղերի կարեւորությունը։ Շատ վստահ ելույթ ունեցա, քանի որ մենք ուժեղ թիմ ունեինք։ Հաղթանակից հետո ուրախ էի, մենք արժանիորեն նվաճեցինք ոսկե մեդալները»,-տարիներ անց խոստովանել է Յուն-մին։
Լիլիհամերից 4 տարի անց Օլիմպիական խաղերն ընդունում է Նագանոն։ Արդեն 17 տարեկան դարձած մարզուհին մեկնում է մրցավայր ու կրկին հաջողություն գրանցում՝ նույն տարածությունում դառնալով Օլիմպիական կրկնակի չեմպիոն։

Լուսանկարը` sportsseoul.com
21 տարեկանում նաեւ Աշխարհի, Ասիայի առաջնությունների չեմպիոն ու մեդալակիր դարձած Յուն-մին հայտարարում է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։ Ընդունվում է համալսարան ու իրեն նվիրում կրթությանը։ Ուսումը շարունակելու համար մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ սկսում է մարզչական գործունեություն ծավալել։ Բացի այդ նա ստանում է ֆիզիոթերապեւտի որակավորում, ավարտում մագիստրոսական կուրսը։ Սեուլում աշխատում է ֆիզիկական խնդիրներ ունեցողների հետ ու օգնում վերականգնվել։
Աշխատանքի ընթացքում ծանոթանում է ապագա ամուսնուն, որի հետ այժմ ունի երեք երեխա։ 2004-ին ընտանիքով կրկին մեկնում են ԱՄՆ ու հաստատվում այնտեղ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: