Ուկրաինացի ձողացատկորդ Սերգեյ Բուբկան իր հայտնի ռեկորդը՝ 6,14 մ սահմանել է 1994 թվականին Ալպերում: Սեստրիերե տեղանքում ատլետի գրանցած ռեկորդը նրա կարիերայում 35-րդն ու նաեւ վերջինն էր:
Մինչեւ 2000 թվականն ատլետիկայի միջազգային ֆեդերացիան համաշխարհային ռեկորդները դասակարգում էր ըստ բաց ու փակ ստադիոններում գրանցածների:
Բուբկան, որն իր համաշխարհային ռեկորդները սկսել է սահմանել Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, մինչ այդ էլ 1993-ին Դոնեցկում «Ձողացատկի աստղերը» մրցաշարում ցույց էր տվել 6,15 մ արդյունք: Դա փակ դահլիճի ռեկորդ էր, ու եթե նոր կանոնները գործեին, նա բացարձակ ռեկորդակիր կլիներ:
Դրա համար էլ 1994-ին Ալպերում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա, 30-ամյա Բուբկայից նոր ռեկորդ էին սպասում: Քիչ չէին նաեւ այն մարդիկ, ովքեր նրան արդեն թոշակառուների թվին էին դասում ու ծեր համարում նոր նվաճումների համար:
Մրցաշարը կոմերցիոն էր ու ռեկորդից բացի Բուբկային գլխավոր հովանավոր «Ֆերարի»-ն նաեւ «Տեստարոսա» սպորտային մեքենա էր խոստացել, որն այն ժամանակ արժեր 130 հազար դոլար:
«Հնարավոր է ինձ օգնեց համընթաց քամին, հնարավոր է՝ բարձրությունը: Իրականում ռեկորդ սահմանելու համար իդեալական պայմաններ ունեի, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին; Կարող էի 6,20-6,30 էլ գրանցել, եթե լավ մարզավիճակում լինեի: Լավացրել եմ տեխնիկաս ու շտկել սխալներս, ինչն էլ օգնեց այսօր»,- այն ժամանակ ասել էր ռեկորդակիրը:

Լուսանկարը` Getty Images
«Ֆերարի»-ի ներկայացուցիչները կատարեցին խոստումն ու անմիջապես նվիրեցին մեքենան, որով Բուբկան պատվո շրջան արեց: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Բուբկան նաեւ 120 հազար դոլարի չեկ ստացավ:
Հետագայում Բուբկան ավելի բարձր ցատկել այլեւս չկարողացավ՝ վնասվածքներն էին խանգարում:
Բաց մարզադաշտում Բուբկայի ռեկորդը պահպանվեց 26 տարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին այն գերազանցեց 20-ամյա շվեդ Արման Դյուպլանտիսը Հռոմում կայացած Ադամանդե լիգայի ժամանակ: Նա ցատկեց 6,15 մ, իսկ Բուբկայի բացարձակ ռեկորդը 2014-ին շրջանցեց ֆրանսիացի Ռենո Լյավիլնին՝ Դոնեցկում ցատկելով 6,16 մ:
Արման Դյուպլանտիսը
Երկար ժամանակ Բուբկան անգերազանցելի էր եւ թվում էր, թե ձողացատկը ոչ մի զարգացում չի ապրում: Իսկ հետո անսպասելիորեն հայտնվեց շվեդ մարզիկն ու բոլորի ուշադրությունը սեւեռեց իր վրա: Թեեւ նրան ատլետիկայի հետ կապ ունեցող մարդիկ ճանաչում էին, սակայն ավելի մեծ սպորտային լսարանը նրա մասին ոչինչ չէր լսել:
Ամեն ինչ փոխվեց, երբ նա 2018-ին հաղթեց Եվրոպայի առաջնությունում ու 6,05 մ արդյունքով Շվեդիայի ռեկորդ սահմանեց: 2020-ի փետրվարին էլ նա փակ մարզադահլիճում առաջին փորձից շրջանցեց Ռենո Լյավիլնին ու իրենց ենթարկեց 6,17 մետրը:
«Այն պահից սկսած, երբ դեռ տակդիրներով սկսեցի ցատկել մեր բակում, ուզում էի բոլոր գոյություն ունեցող մարզիկներից լավագույնը լինել եւ ռեկորդ սահմանել: Չգիտեմ ինչպես բացատրել իմ ապրումները: Այս ամենին ձգտել եմ 3 տարեկանից»,– իր ուրախությունն այսպես է արտահայտել Դյուպլանտիսը:

Լուսանկարը` skysports
Չնայած շվեդ մարզիկի նվաճմանը՝ Բուբկայի ռեկորդը դեռ շարունակում էր պահպանվել: Բաց մարզադաշտում դեռ ոչ մեկ 6,14 մ չէր ցատկել: Նման նպատակ իր առջեւ Դյուպլանտիսը դրեց Հռոմում, վայրն էլ պատահական չէր ընտրված, քանի որ Բուբկան էլ իր արդյունքին հասել էր Իտալիայում:
Իհարկե, շվեդը դա կցանկանար անել լեփ-լեցուն տրիբունաներում, սակայն քովիդի ժամանակաշրջանում դա անհնար էր ու հայտնի էլ չէր, թե երկրպագուներին երբ կթողնեն նորից ներկա լինել մրցումներին:
Հռոմում նա ցատկեց 6,15 մ ու սահմանեց այդքան սպասված ռեկորդը: Թվում էր՝ անհրաժեշտության դեպքում կարող է եւս 5-10 սմ ավել ցատկել:
«Վերջապես սահմանեցի համաշխարհային ռեկորդ: Անչափ շատ էի ուզում ինձ ենթարկել 6,15-ն ու դա անել բաց մարզադաշտում, որպեսզի էլ որեւէ շփոթմունք չլինի: Հիմա ինձ են պատկանում բաց ու փակ տարածություններում ռեկորդները: Բոլորն անդադար խոսում էին ռեկորդ սահմանելու մասին, ինչն ուսերիս ծանր բեռ էր: Հասկացա, որ պետք է այնպես անեմ, որ դադարեն այդ մասին հարցնել: Երբ ինձ վերջապես հաջողվեց գերազանցել ցուցանիշը, ավելի շատ թեթեւություն էի զգում, քան ուրախություն»:
Եվ ահա երեկ Օլիմպիական ու Աշխարհի կրկնակի չեմպիոնը Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի ժամանակ իրեն իսկ պատկանող ռեկորդը թարմացրեց 12-րդ անգամ: 25-ամյա շվեդն առաջին իսկ փորձից գրանցեց 6,28 մ՝ փետրվարին Ֆրանսիայում սահմանած ռեկորդը գերազանցելով 1 սմ-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: