Հունվար 30, 2025
184 դիտում

Ռեկորդակիրները․ 3 օր տեւած թենիսի մրցապայքարն Ուիմբլդոնում


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Պատմության մեջ թենիսի ամենաերկար մրցախաղը կայացել է 2010 թվականի Ուիմբլդոնի ժամանակ։

Ամերիկացի Ջոն Իսների եւ ֆրանսիացի Նիկոլյա Մայուի միջեւ հանդիպումը ձգվել է երեք օր ու տեւել 11 ժամ 5 րոպե։ Ծանոթանանք այդ հանդիպմանը մեր «Ռեկորդակիրները» շարքում։

Լուսանկարը` Reuters


Առնվազն երեք սեթից բաղկացած դիմակայությունները ցույց են տալիս, որ թենիսիստներն ամենադիմացկուն մարզիկներն են։ Իսկ ահա Իսներն ու Մայուն ապացուցել են, որ մարդկային ուժն անչափելի է՝ ցույց տալով իրենց ֆիզիկական ամրությունը, դիմացկունությունը, հոգեկան հավասարակշռությունն ու մարտիկի բնավորությունը։

Մրցապայքարը մեկնարկել է հունիսի 22-ին ժամը 18:18-ին եւ ավարտվել հունիսի 24-ին ժամը 16:48-ին։ Միայն հինգերորդ սեթը գերազանցել է նախկինում եղած բոլոր հանդիպումները ե՛ւ տեւողությամբ, ե՛ւ գեյմերի քանակով։ Իսները հինգերորդ սեթում ավելի շատ էյս է մատուցել, քան որեւէ այլ խաղացող երբեւէ արել է ամբողջական խաղում:

Առաջին օրը հանդիպումը դադարեցվել է չորս սեթից հետո՝ մութն ընկնելուն պես։ Թենիսիստները վերադարձել են հաջորդ օրն ու շարունակել հանդիպումը։ Պայքարն այնքան է երկարել, որ կրկին մթնել է։ Սա այնքան անսպասելի երեւույթ է եղել, որ նույնիսկ էլեկտրոնային ցուցատախտակը 47։47 հաշվի ժամանակ  դադարել է աշխատել։ Պատճառը պարզ է․ այն ծրագրված չէր, որ հաշիվները կարող են այդքան մեծանալ։

Լուսանկարը` Reuters


Չնայած դա ընդամենն առաջին շրջանի հանդիպում է եղել, բայց գրավել է բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը, իսկ հանդիսատեսների թիվն անհամեմատ աճել է։ Վերջիններս պահանջել են փոխել կորտն ու անցկացնել ավելի մեծում, բայց կազմակերպիչները մերժել են, քանի որ Ուիմբլդոնի կանոնակարգով խաղի անցկացման վայրի փոփոխությունն արգելված է: Երկրպագուները ստիպված տեղավորվել են ցանկապատի, շրջակա պատշգամբների եւ կորտին հարող բլրի վրա։

Վերջին օրը ամերիկացին 5-րդ սեթի 138-րդ գեյմում կոտրել է Մայուին եւ հաղթել մարաթոնյան մրցավազքի վերածված այդ պայքարում՝ 6։4, 3։6, 6։7, 7։6, 70։68 հաշվով։ Միայն հինգերորդ սեթը տեւել է 8 ժամ 11 րոպե։

Լուսանկարը` Reuters


Դա պայմանավորված է եղել նրանով, որ Ուիմբլդոնի մրցաշարում մինչեւ 2019 թվականը հինգերորդ սեթն ավարտվում էր ոչ թե թայ-բրեյքով, այլ շարունակվում էր մինչեւ երկու միավորի առավելությունը:

Ավարտից անմիջապես հետո թենիսիստները եւ կորտի մրցավարը All England Lawn Tennis-ից and Croquet Club-ից մրցանակներ են ստացել։ Ապա Իսներն ու Մայուն լուսանկարվել են ցուցատախտակի առաջ։ Նրանց մարզաշապիկներն ու ռակետները հետագայում սկսել են ցուցադրվել թենիսի միջազգային փառքի սրահում։ Թենիսիստները շահել են ESPY մրցանակը՝ ամենաակնառու ռեկորդի համար։

Լուսանկարը` Reuters


Իսներ․ «Ես մի փոքր հոգնած էի, բայց երբ հիանալի մթնոլորտում նման հանդիպում ես անցկացնում, հոգնածությունը մոռանում ես։ Երկրպագուները ֆանտաստիկ էին, իսկ մրցակիցս՝ իսկական մարտիկ։ Մեծ պատիվ է նման օրը կիսել նրա հետ»։
 
Մայու․ «Ես երբեք չեմ մոռանա այս հանդիպումը: Շատ դժվար է պարտվել նման խաղում, բայց Իսներն իսկական չեմպիոն է: Միգուցե մի օր ասեմ, որ հպարտ եմ նման իրադարձության մասնակիցը լինելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին