Արթուր Ալեքսանյանը մեծահասակների ըմբշամարտ ներխուժեց ու իր հաղթանակներով սկսեց նախ զարմացնել, ապա հիացնել ու ոգեշնչել 2011 թվականից:
Այս տարիների ընթացքում նա հարյուրավոր գոտեմարտեր է անցկացրել ու բազմաթիվ հաղթանակներ տարել: Mediamax Sport-ի «Ռեկորդակիրները» շարքում անդրադառնալու ենք նրա յուրահատուկ ցուցանիշներին:
Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ 4 Օլիմպիական խաղերի մասնակցած ու բոլորում էլ մեդալներ նվաճած առաջին մարզիկն է: Վերհիշել ենք 2012-2024 թթ. ամառային խաղերում հայ ըմբիշի ելույթներն ու աննախադեպ արդյունքները:
Ալեքսանյանն իր նորամուտն Օլիմպիական խաղերում նշել է 2012-ին Լոնդոնում: 20-ամյա Ալեքսանյանը ոսկու հավակնորդների թվում էր, սակայն 1/4 եզրափակչում զիջեց ապագա չեմպիոնին՝ իրանցի Ղասեմ Ռեզաեին:
Լուսանկարը` Getty Images
Հայ ըմբիշը հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնել, որում 3:0 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին: Իսկ բրոնզի համար պայքարում նա նույն հաշվով ուժեղ էր կուբացի Յունիոր Էստրադայից: Այդպես էլ առաջին անգամ Ալեքսանյանը կանգնեց պատվոհարթակի 3-րդ աստիճանին:
Դրանից անցավ 4 տարի։ Ալեքսանյանը համաշխարհային ըմբշամարտում դիրքերն ավելի ամրապնդեց, մի քանի անգամ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձավ ու ակնհայտ ֆավորիտի կարգավիճակում մեկնեց Ռիո: Դա մի կողմից ճնշում էր մարզիկին ու լրացուցիչ բեռ դնում նրա ուսերին, մյուս կողմից գիտակցում էր, որ չեմպիոն դառնալու լավագույն ժամանակն է: Ալեքսանյանն իր կարիերայի միջնամասում էր՝ ուժեղ, էնեգիայով լի ու անգերազանցելի:
Լուսանկարը` Mediamax
Օլիմպիական խաղերը նա մի շնչով անցկացրեց՝ տոնելով տպավորիչ հաղթանակներ թուրք Չենկ Իլդեմի (9:0), ռումինացի Ալին Չուրարիուի (8:0), իտալացի Դաիգորո Տիմոնչիի (5:2) եւ կուբացի Լուգո Յասմանի (3:0) նկատմամբ: Ալեքսանյանը 20 տարի անց Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում:
Հետագա Օլիմպիական խաղերում որքան էլ Ալեքսանյանը փորձեց կրկնել այդ հաջողությունը, բայց 2 անգամ հասավ եզրափակիչ ու զիջեց:
Լուսանկարը` Reuters
Հետքովիդային առաջին խաղերում, որոնք հետաձգվեցին 1 տարով, Ալեքսանյանը Տոկիոյի եզրափակչում հանդիպեց ռուս Մուսա Եվրոլեւին ու զիջեց 1:5 հաշվով: Դրանից 3 տարի անց էլ նա մեկնեց Փարիզ ու նորից ոսկու համար պայքարելու հնարավորություն ստացավ, բայց նորից 2-րդն էր: Եզրափակչում Ալեքսանյանը զիջեց իրանցի Մուհամադ Հադի Սարավիին (1:4):
Լուսանկարը` Getty Images
Ալեքսանյանը ռեկորդակիր է եւս մեկ ցուցանիշով: Նա ողջ աշխարհում այն 25 ըմբիշներից մեկն է, ովքեր իրենց կարիերայի ընթացքում մասնակցել են 4 Օլիմպիական խաղերի: Միակը, ով 6 խաղերում է ելույթ ունեցել, կուբացի Միային Լոպեսն է՝ նա 5 անգամ չեմպիոն է դարձել ու մեկ անգամ 5-րդ տեղը գրավել:





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: