Նոյեմբեր 29, 2024
exclusive
271 դիտում

Ռեկորդակիրները․ Ինքն իր արդյունքները գերազանցող Կառլոս Նասարի փայլուն ելույթն ՕԽ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կառլոս Նասարն ընդամենը 20 տարեկան է, բայց մեծահասակների պայքարում հասցրել է դառնալ Օլիմպիական եւ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր։

Այս տաղանդավոր մարզիկը ոչ միայն կարողանում է հաղթել մրցակիցներին, այլեւ սահմանելում է ռեկորդներ։

Mediamax Sport«Ռեկորդակիրները» շարքի այսօրվա հերոսը բուլղարացի ծանրորդն է։ Փարիզի ՕԽ-ում մենք հետեւեցինք նրա ելույթին եւ հիացանք վերջինիս կամքի ուժով եւ նպատակասլացությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա առաջին անգամ Օլիմպիական խաղերում հանդես եկավ այս տարի՝ փայլելով մինչեւ 89 կգ քաշային կարգում։

Անգերազանցելի էր հենց մեկնարկի պահից, երբ շատ հանգիստ բարձրացրեց առաջին պատվիրած քաշը։ «South Paris Arena»-ն այդ երեկո լի էր բուլղարացի երկրպագուներով։ Նրանք սպասում էին, որ իրենց ծանրորդը դառնալու է չեմպիոն եւ բերել էին բազմաթիվ դրոշներ, հագել ազգային հավաքականի շապիկներ։ Իսկ Նասարն իր հայրենակիցներին իսկական տոն պարգեւեց՝ սահմանելով համաշխարհային եւ օլիմպիական ռեկորդներ, 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ պարգեւեց Բուլղարիային։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պոկում վարժությունից հետո առաջատարը 180 կգ-ով հենց Նասարն էր։ Հրման առաջին մոտեցման ժամանակ նա բարձրացրեց 213 կգ, իսկ երկրորդի համար պատվիրեց ռեկորդային քաշ՝ 224 կգ։ Դահլիճում բոլորը լարված սպասում էին, իսկ երիտասարդն իրեն հատուկ վստահությամբ ու հանգստությամբ մոտեցավ ծանրաձողին ու ենթարկեց այն իրեն։ Այդ պահին ներկաներն ականատես եղան պատմական իրադարձությանը՝ սահմանվել էր աշխարհի եւ օլիմպիական ռեկորդ։

Երրորդ մոտեցումից նա հրաժարվեց, որովհետեւ 20-ամյա ծանրորդն արդեն իսկ դարձել էր Օլիմպիական չեմպիոն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկամարտում Նասարը գրանցեց 404 կգ արդյունք, ինչը եւս այս քաշային կարգում անգերազանցելի է ու կրկին աշխարհի եւ օլիմպիական ռեկորդ է։

Ի դեպ, Նասարը գերազանցեց հենց իր սահմանած աշխարհի ռեկորդներն ինչպես հրում վարժությունում (220 կգ), այնպես էլ՝ երկամարտում (395 կգ)։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Օլիմպիական խաղերը հիանալի են, կարծես բոլորովին այլ տարածությունում լինեմ։ Ինձ թվում է, թե Մարսի վրա եմ։ Չեմ ասի, թե մարզումների ժամանակ քանի կիլոգրամ եմ բարձրացրել, բայց գիտեի, որ ռեկորդներ եմ սահմանելու։ Ես կարող եմ ավելին ու ձգտելու եմ դրան մյուս առաջնությունների ժամանակ»,-ասել է Նասարը։

Այնինչ, Նասարը դրանից մոտ մեկ տարի առաջ պատահարի պատճառով կարող էր հրաժեշտ տալ սպորտին։ Աքիլլեսյան գարշապարի ջլի վիրահատությունից հետո նա 6 ամիս չի մարզվել, սակայն հետո վերադարձել է ու ահա այսպիսի ցուցանիշներ գրանցել։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեկ ամիս ընդհանրապես չեմ շարժվել։ Բայց ես երազում ու հավատում էի, որ Փարիզում Օլիմպիական չեմպիոն եմ դառնալու։ Այդ հավատն է ինձ պահել ու կրկին տարել դահիճ, որ աշխատեմ ու չհուսահատվեմ։ Ուղերձս երեխաներին հետեւյալն է՝ ունեցեք երազանքներ, քանի որ դուք կարող եք իրականություն դարձնել դրանք»,-ասել է մարզիկը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին