Հայաստանի ավարտված առաջնության արդյունքներով «Նոա»-ն, «Արարատ-Արմենիա»-ն, «Ուրարտու»-ն եւ «Փյունիկ»-ն իրավունք ստացան մասնակցել եվրագավաթներին։
Ցավոք ինչպես հաճախ է լինում Հայաստանում, թիմերը կյանքի ու մահու գնով պայքարում են բարձր հորիզոնականների համար, նվաճում դրանք, բայց եվրագավաթային հանդիպումներից առաջ որոշում են վերափոխել ամբողջ կազմը կամ ունենում են մարզչական փոփոխություններ։ Այս տարին եւս բացառություն չեղավ եւ այս հանգամանքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ արդյունքների վրա։
«Նոա» - «Բուդուչնոստ Պոդգորիցա» (1-ին խաղը՝ հուլիսի 8, պատասխանը՝ 15)

Լուսանկարը` FC Noah
Հայաստանի ոսկե մեդալակրին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում բաժին է ընկել Մոնտենեգրոյի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ն։ «Նոա»-ի գլխավոր կորուստը այս մրցավեճից առաջ Ռուի Մոտայի հեռացումն է։ Թվում էր, թե պորտուգալացու ու ակումբի փոխհարաբերություններն ու կապը շատ ամուր են եւ նա դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանում։ Բայց ստանալով գրավիչ առաջարկ բուլղարական «Լյուդոգորեց»-ից՝ նա հեռացավ ամենապատասխանատու պահին։ Մոտային փոխարինելու եկավ Սանդրո Պերկովիչը, ով մինչ այդ կարճ ժամանակահատված գլխավորել է «Դինամո Զագրեբ»-ը, իսկ դրանից առաջ հիմնականում աշխատել որպես մարզչի օգնական տարբեր թիմերում։
«Նոա»-ն կարողացել է պահպանել առաջատար ֆուտբոլիստներին, ինչպես նաեւ կփորձի կատարել նոր որակյալ ձեռքբերումներ։ Դրական է նաեւ այն փաստը, որ նորանշանակ մարզիչը ժամանակ ունի ծանոթանալու ֆուտբոլիստների կարողություններին Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում։ Խորվաթ մասնագետը խոստանում է ստանալ գնդակի տիրապետման վրա հիմնված ժամանակակից ու դինամիկ ֆուտբոլ։

Լուսանկարը` fradi.hu
«Նոա»-ի մրցակիցը Մոնտենեգրոյի առաջնության հաղթողն է՝«Բուդուչնոստ Պոդգորիցա»-ն։ Թիմը մեծ առավելությամբ է ապահովել չեմպիոնությունը (25 միավորի տարբերությամբ) եւ, անշուշտ, ի զորու է լուրջ պայքար առաջարկելու։ Դավանում է արագ ֆուտբոլ՝ բարձր պրեսինգի եւ կայծակնային հակագրոհների համադրությամբ։ Ֆուտբոլիստները ֆիզիկապես ամուր են եւ պատրաստ էներգատար ֆուտբոլի։ Հատկանշական է, որ հենց այս ակումբից է իտալական «Յուվենտուս» տեղափոխվել Մոնտենեգրոյի հավաքականի երիտասարդ աստղ Վասիլյե Աձիչը եւ թիմում այժմ էլ կան շատ խոստումնալից երիտասարդներ։ Իհարկե, մենք դեռ չենք տեսել «Նոա»-ին գործի մեջ նոր գլխավոր մարզչի ենթակայության ներքո, բայց դատելով թիմի անցած տարվա խաղամակարդակից եւ առանձին խաղացողների որակներից՝ կարելի է եզրակացնել, որ կարող է անցնել հաջորդ փուլ եւ հանդիսանում է ֆավորիտ այս դիմակայությունում։ Հաջորդ փուլ անցնելը կարեւոր է մրցաշարային տեսանկյունից եւս, քանի որ այնտեղ պարտության դեպքում հնարավորություն է ընձեռվում պայքարը շարունակել Եվրոպա լիգայի որակավորման փուլում Կոնֆերենցիաների լիգայի փոխարեն։
«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտադա Կլուժ» (1-ին խաղը՝ հուլիսի 24-ին, պատասխանը՝ 31-ին)

Լուսանկարը` FC Ararat-Armenia
«Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայում մրցելույթները մեկնարկելու է որակավորման 2-րդ փուլից։ Հայաստանի փոխչեմպիոնը եւս անմասն չմնաց մարզչական փոփոխություններից։ Մրցաշրջանի ավարտից հետո Վարդան Մինասյանն ինքնակամ հեռացավ եւ նրան փոխարինելու եկավ պորտուգալացի մասնագետ Տուլիպան, ով մինչ այդ հիմնականում աշխատել էր պորտուգալական տարբեր դիվիզիոններ ներկայացնող թիմերում։ Բացի գլխավոր մարզչից թիմից հեռացան նաեւ շատ առաջատարներ (Տենտոն Եննե, Հովհաննես Հարությունյան, Մարիուս Նուբիսի), որոնց փոխարինելու համար թիմն արդեն իսկ ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է իրականացնում։
«Արարատ-Արմենիա»-ն թեւակոխում է զարգացման նոր փուլ եւ ամբողջովին կերպարանափոխվում է։ Ըստ թիմի ներկայացուցիչների՝ այս գործընթացն անհրաժեշտ է ավելի մրցունակ դառնալու համար։ Արդեն իսկ կայացած տրանսֆերներից երեւում է, որը ակումբը շեշտը դնելու է այստեղ եւ հիմա որակ ապահով լեգիոնականների վրա։ Հաշվի առնելով, որ մինչեւ եվրագավաթների մեկնարկը քիչ ժամանակ է մնացել, ապա դժվար է ասել, թե որքանով է ճիշտ սկսել նման մասշտաբային գործընթացը հենց հիմա։ Ցավալի կլինի, եթե այսքան հզոր միջոցների եւ կազմի տիրապետող թիմը ձախողվի եվրագավաթներում այս կերպարանափոխման արդյունքում։

Լուսանկարը` Cluj FC
Հայկական ակումբներից ամենալուրջ մրցակիցը թերեւս բաժին է ընկել հենց «Արարատ-Արմենիա»-ին։ «Ունիվերսիտադա Կլուժ»-ը Ռումինիայի անցած տարվա առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը` մինչեւ վերջ պայքար մղելով անգամ չեմպիոնության համար։ Նախորդ տարին շատ հաջող էր ռումինական ակումբի համար եւ դա հնարավորություն ընձեռեց վերջիններիս վերադառնալու եվրագավաթներ 53 տարի անց։ Արթուր Միրանյանի արդեն նախկին թիմը նախընտրում է խաղը կառուցել գնդակի տիրապետման վրա եւ համադրում է դա շատ ամուր պաշտպանության հետ (12 չոր հանդիպում առաջնությունում)։ Ակումբը հաջող մրցաշրջանից հետո կարողացել է պահպանել գրեթե բոլոր առաջատար ֆուտբոլիստներին եւ ավելի պատրաստ է մոտենում առաջիկա եվրագավաթային հանդիպումներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցակիցն ունի ավելի ուժեղ եւ խաղակցված կազմ, ապա այս դիմակայությունում ֆավորիտը ռումինական ակումբն է։ Բայց Տուլիպան եւ իր ղեկավարած թիմը կարող են զարմացնել բոլորին՝ շրջանցելով ավելի զորեղ մրցակցին։
«Ուրարտու» - «Նեման Գրոդնո» (1-ին խաղը՝ հուլիսի 10, պատասխանը՝ 17)

Լուսանկարը` FC Urartu
Շարունակելով գործընկերների «թրենդը»՝ մարզչական փոփոխություն տեղի ունեցավ նաեւ «Ուրարտու»-ում։ Երկար տարիների բեղուն աշխատանքից հետո Դմիտրի Գունկոն հեռացավ Հայաստանից՝ գլխավորելով ռուսական «Արսենալ Տուլա»-ն։ Ռուս մասնագետին փոխարինելու եկավ Ռոբերտ Արզումանյանն, ով նախկինում գլխավորել է «Ուրարտու»-ն։ Հայազգի երիտասարդ մասնագետը շատ պատասխանատու պահի է ստանձնում «Ուրարտու»-ի ղեկը։ Թիմը միշտ խնդիրներ է ունենում եվրոպական մրցասպարեզում եւ պահն է եկել դրանք հաղթահարելու։ Արզումանյանն աչքի է ընկնում երիտասարդ ֆուտբոլիստների հետ կատարված աշխատանքով՝ բարձրացնելով նրանց զարգացման նոր մակարդակի։ Այժմյան «Ուրարտու»-ն, որը լի է խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներով, կարիք ունի հենց նմանատիպ մարզչի։ Ակումբը շատ ակտիվ չէ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ նպատակ ունենալով պահպանելու նախորդ մրցաշրջանի մարտունակ կազմը։ Դժվար է ասել, թե մրցանակներ նվաճելու տեսանկյունից որքան կհաջողի Ռոբերտ Արզումանյան եւ Արազ Օզբիլիս տանդեմը, բայց շատ հետաքրքիր կլինի հետեւել թիմի խաղին։

Լուսանկարը` FC Neman
«Ուրարտու»-ին բաժին է ընկել իր ուժերին հավասար մրցակից «Նեման Գրոդնո»-ն՝ Բելառուսի առաջնության փոխչեմպիոնը։ Բելառուսական թիմը սիրում է պաշտպանվել եւ հակագրոհել՝ օգտագործելով երկար ուղղահայաց փոխանցումներ։ Թիմը խուսափում է բարդ տակտիկական լուծումներից՝ նախընտրելով ավելի պարզ խաղաոճ ։ «Ուրարտու»-ին սպասվում է անողոք պայքար ֆիզիկապես լավ պատրաստված եւ ամուր թիմի հետ։ Այս դիմակայությունում թիմերի շանսերը գրեթե հավասար են, բայց «Ուրարտու»-ն ունի մի փոքր առավելություն շնորհիվ ավելի կրեատիվ մարզչի եւ ֆուտբոլիստների։
«Փյունիկ» - «Տրե Ֆիորի» (1-ին խաղը՝ հուլիսի 10, պատասխանը՝ 17)

Լուսանկարը` FC Pyunik
Հայկական առաջատար ակումբներից միայն «Փյունիկ»-ում տեղի չունեցավ մարզչական փոփոխություն։ Եղիշե Մելիքյանը թիմի վերջին տարիներին գրանցած հաջողությունների 60% է, եթե ոչ ավելին։ Այս մրցաշրջանի ավարտին մոտ մասնագետը նշում էր, որ թիմի կազմը պետք է ամբողջովին փոխվի։ Ակումբի ղեկավարությունն ականջալուր եղավ մարզչին եւ թիմից հեռացան մի շարք ֆուտբոլիստներ։ Վերջիններիս փոխարինելու եկան թե՛ հայ, թե՛ այլազգի ֆուտբոլիստներ (Գեւորգ Տարախչյան, Դանիել Աղբալյան,Ալեքսանդր Միլկովիչ)։ Մելիքյանն արդեն խնդիր ունի մարտունակ թիմ հավաքել լրիվ նոր ֆուտբոլիստներից, ինչը լուծելի խնդիր է նման մասնագետի համար։ «Փյունիկ»-ն արդեն սովորեցրել է մեզ, որ կարողանում է հաջողությամբ պայքարել անգամ ավելի ահեղ մրցակիցների հետ՝ թեեւ զիջելով նրանց իր միջոցներով։
Շնորհիվ վաստակած վարկանշային միավորների, «Փյունիկ»-ին բաժին է հասել ամենահարմար մրցակիցներից մեկը՝ Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորի»-ն։ Անշուշտ, երեւանյան ակումբը մոտենում է այս խաղին որպես ընդգծված ֆավորիտ։ Մելիքյանի ղեկավարած թիմը գերազանցում է մրցակցին ամեն ինչում։ «Փյունիկ»-ն առաջիկա խաղում պետք է պատրաստ լինի հաղթահարելու 11 հոգուց բաղկացած պաշտպանություն եւ կարող է դա անել։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: