Հունվարի 26-ին ամբողջ աշխարհը ցնցվեց Կոբի Բրայանտի ու նրա 13-ամյա դուստր Ջաննայի մահվան լուրից: Կալաբասաս քաղաքի մոտակայքում ուղղաթիռը, որում նաեւ բասկետբոլիստն էր, վթարի էր ենթարկվել:
«Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող, Բասկետբոլի ազգային Լիգայի 5-ակի չեմպիոնի մահը Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը շատ ծանր հարված է համարում բասկետբոլային համաշխարհային համայնքի համար:
«Մենք լավ հարաբերություններ ունենք նրա հոր՝ Ջոյի ու ընտանիքի հետ: Ջո Բրայանտին անգամ դիտարկել ենք Հայաստանի հավաքականի ղեկին ու բանակցել նրա հետ: Ջոն մեզ շատ է օգնել նաեւ ԱՄՆ-ից բասկետբոլիստներ ընտրելու հարցում: Լուրն իմանալուն պես ցավակցել եմ նրան»,- նշել է Պողոսյանը:
Նա ընդգծել է, որ Բրայանտը պարզապես բասկետբոլիստ չէր, այլ նաեւ ԱՄՆ-ի ամենաուժեղ դեսպանն աշխարհում. «Նման մարդիկ են ԱՄՆ-ն հզոր դարձնում: Մեր «Ուրարտու» ակումբի համազգեստը «Լեյքերսինն» է, որովհետեւ ես անձամբ սիրում էի Կոբի Բրայանտին: Նրա մահը մեծ կորուստ էր, նույնիսկ ամբողջությամբ չենք էլ գնահատել այն: Ցավալի էր նաեւ, որ ուղղաթիռի օդաչուն էլ հայ էր»:




















