Մարզաշխարհի ներկայացուցիչները շարունակում են միանալ ու աջակցել Գյումրիում ապրող անօթեւաններին բնակարանով ապահովելու նպատակով մարտի 19-ին անցկացվելիք բարեգործական աճուրդին:
Այդ կարեւոր ու բարի նախաձեռնության հետ են նաեւ Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր ու Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
Mediamax Sport-ին Արսեն Ջուլֆալակյանն ասել է, որ վաղուց է տեսել այդ թեմայով արված լուսանկարները, իսկ երբ իմացել է նախաձեռնության մասին, միանգամից որոշել է միանալ ու իր օգնությունը ցուցաբերել:
Բարեգործական աճուրդի համար ըմբիշը տրամադրել է իր մարզակոշիկները, որոնցով ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում ու մեդալ նվաճել, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցաշարերում, ինչպես նաեւ պատրաստվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
«Ընտրեցի հենց այդ մարզակոշիկները, քանի որ աճուրդում պետք է վաճառվի ինչ- որ արժեքավոր իր։ Իսկ իրական մարզասերի ու սպորտը գնահատողի համար դրանք մեծ արժեք կունենան: Կարծում եմ, որ այդ ամենը գնահատող կգտնվի, ու վճարված գումարը զգալիորեն կօգնի այդ բարի նպատակի իրագործմանը»,- նշել է Ջուլֆալակյանը:
Նա միշտ էլ փորձում է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին, քանի որ համոզված է, որ միասնական ուժերով ու ջանքերով ցանկացած խնդիր էլ հնարավոր է լուծել.
«Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ բոլորին ու հատկապես մարզաշխարհին կոչ անել միանալ այս կարեւոր նախաձեռնությանը եւ ուժերի ներածին չափով նպաստել ծրագրի կյանքի կոչմանը։ Պետք է միայն կամք ու ցանկություն»։
Առանց մտածելու նախաձեռնությանը միացել է նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Երբ ակցիայի կազմակերպիչները զանգել են նրան, անմիջապես որոշել է իր հնարավորության սահմաններում օգտակար լինել:
«Մենք պետք է սատար կանգնենք կարիքավոր ընտանիքներին: Ես մեծ հաճույքով եմ միացել Գյումրիի անօթեւան ընտանիքներին օգնելու գաղափարին, ուրախալի է, երբ կարողանում ես ինչ-որ մի բանով օգնել մարդկանց»,- ասել է Ջուլֆալակյանը:
Նա աճուրդի է հանել այն մարզակոշիկները, որոնցով 1988-ին Սեուլում դարձել է Օլիմպիական չեմպիոն. «Սպորտային տարբեր պարագաներ ունեմ, սակայն կարծեցի, որ այս մարզակոշիկներն ավելի կհետաքրքեն մարդկանց, չէ՞ որ նրանցով եմ հաղթել բոլոր մրցակիցներիս»:
Ավելի վաղ այս նախաձեռնությանն էր միացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: