Դեկտեմբեր 23, 2025
exclusive
156 դիտում

Արի Զաքարյան. Հայաստանում հրաշալի սահադաշտ ունենք, բայց առանց սառույցի

Լուսանկարը` անձնական արխիվից


Գեղասահքի աշխարհում Արի (Արարատ) Զաքարյանի անունը հայտնի է շատերին: Զաքարյանը առաջատար սպորտային մենեջեր է եւ սառցե շոուների պրոդյուսեր, ISU Skating Awards-ի նախաձեռնողը, ինչպես նաեւ Աշխարհի կրկնակի չեմպիոն Իլյա Մալինինի (ԱՄՆ) գործակալը: Իր միջազգային գործունեությունը նա համատեղում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնի հետ։

Զաքարյանը պատմել է հայկական գեղասահքի ներկա վիճակի, մարտահրավերների եւ հսկայական ներուժի մասին: Զրուցել ենք նաեւ 2026 թվականի փետրվարին Միլանում կայանալիք ձմեռային Оլիմպիական խաղերում հայ գեղասահորդների հեռանկարների մասին։

- Դուք Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահն եք: Կարո՞ղ եք պատմել մեր երկրում այս սպորտաձեւի ներկայիս վիճակի մասին: Երեւանում երկու սահադաշտեր են գործում՝ Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցն ու Գազպրոմի ուսումնա-սպորտային համալիրը:

-Խորհրդային տարիներին Հայաստանում բացվել էր բարձրակարգ, գուցե այն ժամանակ աշխարհում լավագույն, սառցե պալատը՝ Մարզահամերգային համալիրը։ Եթե ճիշտ եմ հիշում, 1986 թվականին այնտեղ անցկացվել է ԽՍՀՄ-ի գավաթի խաղարկությունը, որին ներկա եղած մարդիկ դեռ հիշում են այդ իրադարձությունը։ Ցավոք, մենք չենք կարողանում այս բացառիկ կառույցը, որը ես մեր երկրի համար ճակատագրի նվեր կանվանեի, պատշաճ կերպով օգտագործել։

-Այսօր այդ սահադաշտում սառույց չկա՞։

-Սառույցը գրեթե վերացել է։ Օգտագործելով իմ բոլոր անձնական կապերը՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի անունից քայլեր էի ձեռնարկել այն վերականգնելու համար։ Համալիրի ղեկավարությունը սառցե համակարգի տեղադրման համար բարձրաձայնել էր գումար, որը զգալիորեն գերազանցում էր ընդունված շուկայական արժեքը։ Ես գտել էի ներդրողներ։ Երբ նորից վերադարձա Հայաստան՝ այս հարցը լուծելու, ինձ էլ ավելի մեծ գումար ասացին։

Լուսանկարը` անձնական արխիվից


Անչափ ափսոս է, քանի որ, վստահ եմ, որ եթե այնտեղ սառույց լիներ, կկարողանայինք հյուրընկալել գեղասահքի Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններ, այլ ոչ թե միայն պատանեկան Գրան Պրիի փուլերը (Երեւանը պատանեկան Գրան Պրիի փուլը հյուրընկալել է 2018 եւ 2023 թվականներին, հեղ.)։ Նման միջոցառումների հյուրընկալումը հսկայական հնարավորություն է երկրի ճանաչելիությունը բարձրացնելու եւ աշխարհում այլ կարգավիճակով հանդես գալու համար։ 2023 թվականին Երեւանում անցկացվել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Բացման արարողության շքեղությամբ այն նման էր Օլիմպիական խաղերին։ Ակնհայտ էր, որ մեծ գումար էր ներդրվել, եւ այդ նպատակով այն գտնվել էր։

-Վերջերս Հայաստանը հյուրընկալել էր մի քանի խոշոր մրցաշարեր՝ բռնցքամարտի եւ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, սամբոյի Աշխարհի առաջնությունը եւ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։

-Այո, սակայն կենտրոնացումը մնում է միայն չորս կամ հինգ մարզաձեւերի վրա։ Կարծում եմ՝ միայն ծանրամարտի, բռնցքամարտի եւ ըմբշամարտի վրա կենտրոնանալը սխալ է։ Մենք պետք է զարգացնենք նաեւ այլ մարզաձեւեր։ Գեղասահքը շատ երկրներում է տարածված մարզաձեւ։ Այս սպորտաձեւը դիտում են աշխարհի բազմաթիվ եւ ազդեցիկ ազգեր՝ ի տարբերություն այն մարզաձեւերի, որոնք զարգացնում են Հայաստանում եւ որոնց վրա փորձում են կենտրոնացնել հանրությանը։

Մենք դեռ նախապաշարմունքներ ունենք։ Երբ ամերիկահայ գեղասահորդ Հովհաննես Մկրտչյանը ժամանել էր Երեւան՝ իր փաստաթղթերը ձեւակերպելու եւ Հայաստանի համար մրցելու հնարավորություն ստանալու համար, նախարարություններից մեկում նրան ասել էին. «Չե՞ս ամաչում, որ զբաղվում ես կանանց սպորտով։ Դու խայտառակում ես մեր ազգը։ Գտիր քեզ համար նորմալ մարզաձեւ»։ Ահա այսպիսի տգեղ պատմություն։ Այս տղան այժմ աշխատում է հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի թիմում։

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ձեր կարծիքով, ի՞նչ է հարկավոր փոխել։ Ի՞նչ օրինակների կարող է հետեւել Հայաստանը։

-Երբ 2022 թվականին միջազգային իրավիճակը փոխվել էր, ես հստակեցրեցի, որ Հայաստանը հնարավորություն ունի ստեղծել իր սեփական գեղասահքի թիմը, որը կարող է մինչեւ 2026 թվականը մրցել Օլիմպիական մեդալների համար։ Մշակեցի ծրագիր եւ խոստացա, որ կարող եմ դա իրականացնել։ Չստացա անհրաժեշտ աջակցություն։ Եվ ժամանակ կորցրեցինք։
 
Ինչո՞ւ Ադելիա Պետրոսյանը, որն այժմ Ռուսաստանի հավաքականի առաջատարն է եւ չներկայացրեց Հայաստանը։ Իսկ ի՞նչ միջոցներով պետք է ելույթ ունենար։ Պահանջվող մակարդակի մարզումներ ապահովելու համար վճարելու աջակցություն պարզապես չկա։ Ես Ադելիային դեռ 2017 թվականին էի բերել Երեւան եւ ասել, որ նա ապագա հայ սուպերաստղ է։ Այն ժամանակ ոչ ոք չգիտեր եւ չէր խոսում նրա մասին։ Ես կանխագուշակեցի ապագան, սակայն այդքանով ամեն ինչ ավարտվեց։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Վրաստանը, որը մինչեւ վերջերս նույնիսկ սահադաշտ չուներ, այժմ առաջատար թիմերից մեկն է, քանի որ կառավարության կողմից աջակցություն եւ ֆինանսավորում ունի։ Չեմ զարմանա, եթե նրանք Միլանի Օլիմպիական խաղերում թիմային մրցումներում բրոնզե մեդալ նվաճեն։ Այժմ Թբիլիսիում բացվել է հրաշալի սահադաշտ, վերջերս այնտեղ էի՝ Trialeti Trophy գավաթին։ Սահադաշտ կա նաեւ Բաթումիում, եւ շուտով նախատեսվում է եւս 10 սահադաշտ բացել ամբողջ երկրում։ Մեր մյուս հարեւան Ադրբեջանը նույնպես ոչինչ չուներ, բայց այժմ ստեղծել է հիանալի պայմաններ, եւ մարզական նպատակներին հասնելու համար դրանց վրա կարող է հույս դնել։ Սպորտի զարգացումը հատկապես կարեւոր է տեխնոլոգիաների դարաշրջանում։ Մենք վախենում ենք, որ երեխաները չափազանց շատ ժամանակ են անցկացնում էկրանների առջեւ, եւ արհեստական բանականության կողմից սպառնալիքներ կան։ Այս իրավիճակում սպորտը անփոխարինելի է։ Այն ազգի առողջության ու մարդկանց առողջ ապագայի բանալին է։ Եվ այնուամենայնիվ, Հայաստանում դրան գրեթե ուշադրություն չի դարձվում։

Լուսանկարը` անձնական արխիվից


- Առաջարկներով դիմե՞լ եք սպորտի նախարարություն եւ Օլիմպիական կոմիտե: Հանդիպե՞լ եք այդ գերատեսչությունների ղեկավարների հետ:

-Անձամբ հանդիպել էի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի արդեն նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ: Բայց ես հազվադեպ եմ լինում Հայաստանում՝ լավագույն դեպքում՝ տարին մեկ կամ երկու անգամ, եւ կարճ ժամանակով: Այդ  աշխատանքով զբաղվում է ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը՝ նա հանդիպում է մարդկանց հետ, աջակցություն փնտրում եւ փորձում ներգրավել ներդրողների: Սակայն չնայած այս բոլոր ջանքերին՝ ամեն ինչ մնում է խոսակցությունների մակարդակում, եւ առաջընթաց չկա: Աջակցությունը չի ավելանում, երկրում բացակայում է սառցե ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագիրը: Հետխորհրդային մյուս երկրները տնտեսական ներուժ են տեսնում դրանում, բայց Հայաստանը՝ ոչ: Չնայած՝ գեղասահքում հայկական անունները հնչում են ամբողջ աշխարհում:

Իմ հիմնական ցավը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտն է: Մենք ունենք հրաշալի սահադաշտ, որն առանց սառույցի է: Այն այժմ կարող էր հյուրընկալել ամենամեծ մրցաշարերն ու շոուները: Որպես առաջատար սպորտային մենեջեր եւ պրոդյուսեր՝ սիրով կցանկանայի հայտնի գեղասահորդներին բերել իմ հայրենի քաղաք: Հայաստանում կանցկացվեր միջոցառում, որը կոգեշնչեր երեխաներին զբաղվել այս մարզաձեւով։ Այնուհետեւ հերթը կհասներ նաեւ հոկեյին։

Լուսանկարը` անձնական արխիվից


- Մի ժամանակ Դուք մի շարք շոուներ եք կազմակերպել Երեւանում։

-Ես ցանկանում էի, որ Հայաստանի բնակիչները ծանոթանան գեղասահքին եւ հասկանան այն։ 2008-2016 թվականներին մարզահամերգային համալիրում մոտ 5-6 սառցե շոու եմ անցկացրել։ Հսկայական թվով աստղերի էի հրավիրել։ Այնտեղ ելույթ էին ունեցել Եվգենի Պլյուշչենկոն, Դիմա Բիլանը, ամերիկացի եւ կանադացի գեղասահորդներ։ Առաջին շոուի արդյունքում վաստակել էի 1500 դոլար, բայց մյուս շոուների ժամանակ իմ հայ գործընկեր պրոդյուսերը տգեղ կերպով խաբել էր ինձ։ Անուններ չեմ տա։ Եթե կարդա այս հարցազրույցը, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը։

-Ինչպե՞ս եք գնահատում այն միջոցառումների արդյունքները։ Արդյո՞ք արդեն այն ժամանակ երեւում էր, որ դրանք իսկապես հետաքրքրություն են առաջացրել գեղասահքի նկատմամբ։

-Երբ մարդիկ գալիս են նման շոուների իրենց երեխաների հետ եւ ամեն ինչ տեսնում են իրենց աչքերով, դա անխուսափելիորեն հետաքրքրություն է առաջացնում։

-Գեղասահքը թանկարժեք սպորտաձեւ է։ Ցանկացած երկրում պետք է քրտնաջան աշխատել՝ վարձատրվող մարզիկ դառնալու համար։ Իսկ սկզբում դա պահանջում է ծնողներից զգալի ներդրումներ՝ սպորտային մարզագույք, սառույց, կոստյումներ, մարզումներ։ Հայաստանում դեռ այդքան էլ շատ չեն գեղասահքով զբաղվող երեխաները, գուցե այն պատճառով, որ ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ այս մարզաձեւը։

- Ես այդպես չեմ կարծում։ Այն նույնքան թանկ է, որքան մյուս մարզաձեւերի մեծ մասը։ Ավելի քան վստահ եմ, որ ամեն ինչ կարելի է անել, եթե իսկապես ցանկանաս։ Եվ չէի ասի, որ հայ ժողովուրդը գումար վաստակել չգիտի։

-Կպատմե՞ք անցյալ ամռանը Ձեզ հետ Երեւանում տեղի ունեցած միջադեպի մասին։

-Իսկապես զարմանալի պատմություն էր։ Ինձ թույլ չտվեցին մտնել Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց, երբ եկա դիտելու պատանի մարզիկ Միքայել Սալազարյանի միջազգային մրցումներին նախապատրաստական ելույթը։ Մարզիչներն ու մարզիկները սպասում էին ինձ, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մտնել։ Լսել եմ, որ անվտանգության աշխատակիցները չեն թողել ներս մտնել նաեւ ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանին եւ հայտնի մրցավար Սարգիս Թեւանյանին։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ սկզբունքներով էին նրանք առաջնորդվում, կարծես դա մասնավոր վայր լիներ։ Ես խորապես ամաչում եմ, որ նման անհեթեթ իրավիճակներ են առաջանում, որոնք խանգարում են կատարել մեր աշխատանքը՝ հետեւել մեր մարզիկների նախապատրաստական ելույթներին, անհրաժեշտ առաջարկություններ անել եւ աջակցություն ցուցաբերել։

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչո՞վ է սահադաշտի ղեկավարությունը բացատրում Ձեր եւ նշված մարդկանց ներս չթողնելը։ Պարզաբանումներ ստանալու համար դիմե՞լ եք մարզադպրոցի ադմինիստրացիային։ 

-Այդ ժամանակ Հայաստան էի ժամանել ընդամենը մի քանի օրով։ Գիտեմ, որ մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը ասել էր, որ անվտանգության աշխատակիցները պարզապես չէին ճանաչել ինձ, եւ որ այնտեղ ոչ ոք չկար, ով կարող էր ինձ ճանաչել։ Բայց դա ճիշտ չէ, գրեթե բոլոր ներկաները ճանաչել էին ինձ։ Ավելին, անվտանգության աշխատակիցը զանգ կատարեց, որից հետո ինձ միեւնույն է ներս չթողեցին։

-Միլանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը, որոնք Սոչիում մարզվում են Դմիտրի Սավինի եւ Ֆյոդոր Կլիմովի գլխավորությամբ։ Կատմե՞ք մեզ այս հեռանկարային զույգի մասին։

- Նրանց երկար տարիներ եմ ճանաչում։ Կարինան վաղուց էր ցանկանում ներկայացնել Հայաստանը։ Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային՝ այս հնարավորությունը տրամադրելու եւ Հայաստանը ներկայացնելու հետ կապված որեւէ խնդիր չստեղծելու համար։ Կարինան եւ Նիկիտան հետեւեցին բոլոր կանոններին, սկզբից մինչեւ վերջ անցան կարանտինային շրջանը եւ հայկական անձնագրեր ստացան։ Դա, իհարկե, հեշտ չէր։ Երկու տարի մրցումների չէին մասնակցում եւ ոչ մի երաշխիք չունեին, որ Ռուսաստանը նրանց թույլ կտա մասնակցել: Օլիմպիական խաղերին որակավորվելու նրանց վերջին հնարավորությունը սեպտեմբերին Պեկինի մրցաշարում էր, ինչից էլ օգտվեցին։ Անչափ ուրախ եմ նրանց համար եւ շնորհակալ մարզիչներին։ Այն փաստը, որ զույգը հունվարին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, ապա՝ փետրվարին Օլիմպիական խաղերին, հսկայական քայլ է։ Մեր մարզաձեւում առաջին անգամ Հայաստանն ունի մարզիկներ, որոնք հնարավորություն ունեն ոչ միայն մասնակցելու, այլեւ պայքարելու բարձր տեղերի համար։ Նախկինում մեր նպատակը պարզապես Օլիմպիական խաղերին մասնակցելն էր։

Լուսանկարը` անձնական արխիվից


- Եվ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստանալ։

- Այո, դա գլխավոր նպատակն էր։ Իսկ հիմա Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 100% հնարավորություն ունեն փայլելու հաջորդ Օլիմպիական ցիկլում։ Աստված տա առողջ լինեն։

- Ինչպե՞ս եք գնահատում 19-ամյա Սեմյոն Դանիլյանցի ներուժը, որն արդեն երրորդ մրցաշրջանն է անցկացնում մեծահասակների մրցաշարում։

- Սեմյոնը, անկասկած, տաղանդավոր տղա է, շատ էմոցիոնալ եւ լավ է զգում երաժշտությունը։ Նրան մի փոքր ավելի շատ մրցակցային փորձի կարիք ունի եւ պետք է ուժեղ մարզիկների կողքին ավելի շատ լինի: Երկու տարի մեծահասակների մրցաշարում սահելով՝ ինքն էլ արդեն այդ ամենը զգում է։ Նա լավ է կատարում ցատկերը, բայց դեռ պետք է աշխատի պտույտների եւ իր ելույթները մատուցելու առումով։ Նրա մարզչին այս ամենի մասին հայտնել եմ, սակայն դեռ բավարար ուշադրություն չեն դարձնում, եւ Սեմյոնը հսկայական միավորներ է կորցնում։ Կարող էր հեշտությամբ մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց այս մանրուքները, որոնք այժմ շատ են գնահատվում, խանգարեցին նրան։ Հուսով եմ՝ համապատասխան եզրակացություններ կարվեն։ Սեմյոնը դեռ երիտասարդ է, ու նրան դեռ եւս մեկ Օլիմպիական ցիկլ է սպասվում: 

Արի Զաքարյանի հետ զրուցել է Մարիա Բաղդասարովան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին