Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ծավալուն հարցազրույց է տվել Նոբել Առուստամյանին, որից առանձնացրել ենք ուշագրավ պահերը:
Հայաստանի հավաքականը
«Ես հանդես եմ եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում ու պլանավորում էի մեծահասակների թիմում եւս ելույթ ունենալ: Նոբել, տարիներ առաջ քեզ էլ եմ անկեղծորեն ասել, որ ինձ Հայաստանի հավաքականի խաղացող չեմ զգում: Նպատակս էր ուժերս փորձել Ռուսաստանի հավաքականում:
Թուրքայի հետ խաղից առաջ քեզ զանգահարեցի ու տեղեկացրի, որ պահը եկել է ու շատ եմ ցանկանում մասնակցել այդ դիմակայությանը: Նման որոշման եկա հորս հետ զրույցի շնորհիվ, տեղի ունեցող իրավիճակին կողքից նայելով ու նաեւ Էդիկ Սպերցյանի հետ շփման արդյունքում: Հասկացա, որ եթե պատմական հայրենիքս ընտրեմ, ավելի օգտակար կլինեմ, կկարողանամ ցանկությունս եւ ձգտումս ցույց տալ: Ոչ մի անգամ չեմ ափսոսացել այդ որոշման համար, քանի որ այն ճակատագրական ու ճիշտ էր:
Լուսանկարը` Photolure
Չեմ էլ ամաչում հիմա ասել, որ ձգտել եմ հայտնվել Ռուսաստանի հավաքականում, բայց ամեն ինչ իր ժամանակին է լինում: Նախ երբեք անգամ թիմի ամենաընդլայնված կազմում չեմ հայտնվել, որում մոտ 50 խաղացող էր լինում, այդ թվում՝ Առաջին Լիգայից: Դա ինձ ստիպեց մտածել, որ ես պետք չեմ Ռուսաստանի ընտրանուն ու նրա դռներն ինձ համար փակ են:
Ու ոչ պակաս կարեւոր էր այն, որ Թուրքիայի հետ խաղից առաջ գիտակցեցի․ եթե քեզ հայ ես զգում ու մտածում, որ նման խաղում անպայման պետք է լինես, կարեւոր չէ խաղադաշտում, թե պահեստայինների նստարանին, պետք է գնաս նման քայլի: Հենց դա եղավ ազդակը, որ ես պետք է խաղամ Հայաստանի հավաքականում:
Առանձնացող խաղերը
Հավաքականում անցկացրած յուրաքանչյուր խաղ հիշում եմ ու ինձ համար կա 2 շատ կարեւոր հանդիպում: Առաջինը Թուրքիայի դեմ արտագնա խաղն է եւ ինձ մեղավոր եմ համարում ընդունած գոլում, երբ գնդակն անցավ իմ ոտքի տակով: Այդ դրվագը շատ եմ նայել ու հասկանում էի, որ եթե մի քիչ ավելի լավ գործեի, գրոհը կարող էր եւ չլինել:
Այդ հանդիպումը շատ ակտիվ ու էներգիա խլող էր, բայց դաշտում տիրող մթնոլորտն ինձ բնավ չէր վախեցնում: Դրվագներից մեկում պետք է եզրային նետումով գնդակը խաղի մեջ մտցնեի, ինձ վրա շշեր էին նետում, իսկ ես նայում էի թուրք երկրպագուներին ու ժպտում: Այսպիսով նրանց ցույց էի տալիս, որ այդ ամենն իմ դեմ չի գործելու ու չեմ վախենալու:
Լուսանկարը` Photolure
Ցավոք, հանդիպումը 1:1 հաշվով ավարտվեց, բայց ինձ ուրախացրեց այն, որ հանդերձարանում բոլորը նստել էին գլուխները կախ ու ափսոսանքով, որ չավելացրինք ու չհաղթեցինք: Արտասվելու աստիճան ցավալի էր, այդ դրվագը խոսում է մեր մտածելակերպի մասին:
Երկրորդ հանդիպումն Ուելսի դեմ էր, երբ ինքնագոլի հեղինակ դարձա: Խաղին հաջորդած 24 ժամը շատ ծանր էր ինձ համար: Անընդհատ ինձ մեղադրում էի:
Հեռախոսիս մեջ շատ լավ տեսանյութ ունեմ, թե ինչպես չկարողացա հույզերս զսպել ու հենց խաղադաշտում արտասվեցի: Եվ ստադիոնում գտնվող երկրպագուները սկսեցին վանկարկել անունս: Երբ դժվար պահեր կամ կասկածներ եմ ունենում, միացնում եմ այդ տեսանյութն ու այն ինձ ոգեշնչում է: Վերջին հաշվով դա այն է, ինչի համար խաղում ես, ձգտում լինել լավ ու արժանի խաղացող:
«Լոկոմոտիվ»-ը
Թիմի պատմության մեջ ես ոչ մեկ եմ, ակումբի հետ ոչ մի տիտղոսի չեմ արժանացել: Անգամ այն փաստը, որ թիմի հետ 120-130 հանդիպման եմ մասնակցել, ոչ մեկին չի հետաքրքրում: «Լոկոմոտիվ»-ում անցկացրած առաջին 1,5 տարին բավական բարդ էին: Ցավոք սրտի, ակումբից հեռանալն այդպես չէի պատկերացնում: Բայց կյանքն է այսպիսին:
Լուսանկարը` FC Lokomotiv
«Զենիթ»-ը
«Զենիթ» տեղափոխվելու տարբերակն ավելի շատ ձեռնտու էր «Լոկոմոտիվ»-ին, քան ինձ: «Զենիթ»-ն ինձ ցանկանում էր ձեռք բերել 2024-ի ձմեռային դադարին: Այն ժամանակ «Լոկոմոտիվ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն էր ու քիչ էր զիջում առաջատարին: Այդ հետաքրքրությունը ճիշտ աշխատելու ցուցիչ էր, բայց պետք էր կենտրոնանալ Եվրոպա տեղափոխության վրա:
«Զենիթ»-ը շատ լավ պայմաններ էր առաջարկում, բայց մտածեցի, որ ավելի լավ է հրաժարվել։ Այդ ժամանակ «Լոկոմոտիվ»-ում կտեսնեն, թե որքան նվիրված եմ ակումբին ու կարող եմ աշխատավարձի 5-10 տոկոսի ավելացում խնդրել:
Լուսանկարը` FK Crvena Zvezda
«Ցրվենա Զվեզդա»-ն
Սերբիայում ավելի քիչ եմ վաստակում, քան Ռուսաստանում: Մաքուր աշխատավարձս 600 հազ. եվրո է: «Լոկոմոտիվ»-ում տարեկան մոտ 750 հազար էր աշխատավարձս: Հասկանում էի, որ պայմանները վատանում են, բայց ինքս ինձ պարզ բացատրում էի՝ ուզում եմ խաղալ Եվրոպայում:
3 անձնագրերը
Ինձ արդեն որոշակի առումով սերբ եմ համարում: Ապրում եմ այդ մշակույթի մեջ ու շրջապատված եմ սերբերով: Բայց նույն կերպ էլ ինձ հայ ու ռուս եմ զգում: Պարզ է չէ՞, որ սերբ լինելու պահով ավելի շատ կատակ էր: Ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս:
Ակումբը նախաձեռնեց, որ սերբական անձնագիր ստանամ, քանի որ այն եվրագավաթային խաղերի ժամանակ կթեթեւացներ ուղեւորություններս Եվրոպայում ու առավելություն կտար ներքին առաջնությունում: Համաձայնեցի, որովհետեւ դրա արդյունքում ոչինչ չէի կորցնում: Շատ ճիշտ որոշում էր, ուրախ եմ, որ ունեմ այդ անձնագիրը»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: