Դեկտեմբեր 04, 2024
exclusive
52665 դիտում

Մեկ Կադրում. Յուրի Ջորկաեֆն ու նրա պաշտելի Շառլ Ազնավուրը


Լուսանկարը` francefootball.fr


Իր ինքնակենսագրական «Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը պատմել է, թե ինչպես է աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հետ հանդիպել խաղադաշտում:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այսօր հիշելու ենք հեռավոր 1999 թվականին Ֆրանսիա-Հայաստան հանդիպման մեկնարկը: Այդ դրվագի ու Ազնավուրով տարվածության մասին պատմում է Ջորկաեֆը:

«Ֆրանսիայի ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները ԵՎՐՈ-2000-ի ընտրական մրցաշարում հայտնվել էին նույն խմբում:

«Ստադ դե Ֆրանսում» գնդակը խաղի մեջ մտցրեց Շառլ Ազնավուրը: Ինձ համար նա աստված էր: Երաժշտարվեստին նրա բերած նպաստը անգնահատելի է, «Երկու կիթառներն» իմ ամենասիրելի գործն է:

Հայ դատին Ազնավուրի ներգրավվածությունը շատ կարեւոր էր, 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որն ավելի քան 30 հազար մարդու կյանք խլեց, նա շատ մեծ օգնություն էր ցուցաբերել:

Ազնավուրը մոբիլիզացրեց բոլորին ու երկրաշարժից փրկվածներին ուղարկեց հագուստներով բարձված բազմաթիվ բեռնատարներ:

Ես առիթ եմ ունեցել զրուցելու նրա հավատարիմ իմպրեսարիո Լեւոն Սայանի հետ, ինչպես նաեւ ներկա գտնվելու Ազնավուրի՝ Լիոնում տված համերգին եւ նրան շնորհավորելու իր սենյակում: Համերգի ավարտից հետո միասին ընթրել ենք:

Պատմության մեջ առաջին Ֆրանսիա-Հայաստան խաղը 1999 թվականի մարտի 31-ին ավարտվեց մեր հաղթանակով, 2 անպատասխան գնդակ խփեցինք: Ճիշտ է Հայաստանի ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին արտակարգ խաղ ցույց տվեց, բայց հանդիպման հերոսը Ալեն Պողոսյանն էր՝ Ֆրանսիայի հավաքականի մյուս հայը: Մենք երկուսով կազմակերպեցինք 2-րդ գոլը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին