Դեկտեմբեր 27, 2024
exclusive
21959 դիտում

Մեկ կադրում. Որդու հուզիչ շնորհակալությունը չտեսնող մորը



Ամերիկյան ֆուտբոլի «Տեխաս» ակումբի խաղացող ԴեԱնդրե Հոփքինսն ամենագեղեցիկ ու ազդեցիկ սպորտային ժեստերից մեկի հեղինակն է:

Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում պատմելու ենք, թե ինչու է ամեն անգամ գոլից հետո ֆուտբոլիստը տրիբունայում գտնում իր մայրիկին:

Երբ Հոփքինսի թիմը տնային հանդիպում է անցկացնում, Սաբրինա Գրինլին նստում է միեւնույն տեղում՝ խաղադաշտին շատ մոտ, որպեսզի լսի խոտածածկին հարվածող գնդակի ձայնը: Նրա կողքին են լինում երկու դուստրերը:

Հանդիպումից առաջ կինն անհամբերությամբ է սպասում, թե երբ է որդին հայտնվելու դաշտում, նա միշտ վերջինն է լինում շարքում: Մայրն արդեն 17 տարի է կույր է ու չի տեսնում, թե ինչպես է որդին դուրս գալիս թունելից, սակայն զգում է նրա ներկայությունը:

Երբ Գրինլին դժբախտ պատահարի արդյունքում կորցրել է տեսողությունը, որդին ընդամենը 10 տարեկան է եղել: Միայնակ մայրը 3 երեխաների էր մեծացնում: Երկարատեւ բուժումից, մաշկի փոխպատվաստումից ու 20 վիրահատություններից հետո տեսողությունը մասնակի վերականգնվեց, սակայն մի քանի տարի առաջ նա լրիվ կուրացավ:

Հենց այդ ժամանակ էլ ԴեԱնդրեն ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային Լիգայի աստղերից մեկն էր դարձել: Մորն իր շնորհակալությունը հայտնելու համար խաղացողը առաջնության խաղերից մեկի ժամանակ վաստակած միավորից հետո շատ արագ գտավ մայրիկին ու գնդակը մոտեցրեց նրա ձեռքերին: Այդ արարողակարգը նա կրկնեց նաեւ 2019-ի նոյեմբերին ու հետո էլի շատ անգամներ:

«Չեմ տեսնում, սակայն պատկերացնում եմ, թե ինչ է որդիս անում խաղադաշտում», խոստովանում է որդու ամենամեծ երկրպագուհին: 

 

Ամբողջ խաղի ընթացքում Գրինլիի կրտսեր դուստր Շանտարիան մորը նկարագրում է հանդիպման ընթացքը, թե ինչպես ԴեԱնդրեն բռնեց գնդակը, ինչու չստացվեց նրա մոտ, որքան հաջող գործեց…

Երբ «Տեխասը» վտանգավոր պահ է ստեղծում, Սաբրինան ձգվում է, իսկ երբ որդին է դա անում, արդեն նաեւ տրիբունաներն են անհանգիստ դառնում, նրանք գիտեն, որ որդին անպայման մոտենալու է մայրիկին: Այդ պահը շատ կարեւոր է մոր ու որդու համար:

«Մայրս ինձ չի տեսնում, բայց ես եմ դա նրա փոխարեն անում: Ամեն անգամ թաչդաունից հետո հպվում է գնդակին ու այդկերպ զգում ինձ: Ցանկանում եմ ողջ աշխարհը տեսնի մայրիկիս»,- ասում է ֆուտբոլիստը:

Մայրն էլ անկեղծանում է, որ այդ պահը շատ խորհրդանշական է ու կարեւոր, քան մարդիկ կարող են պատկերացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին