Ֆրանսիայում շարունակում է ընթանալ կանանց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Մինչ թիմերը շարունակում են պայքարել հաղթողի կոչման համար, առաջարկում ենք Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում ծանոթանալ 20 տարի առաջ նույն առաջնությունում արված մի հետաքրքիր լուսանկարի:
Փասադենայի «Ռոուզ Բոուլի» ստադիոնում ընթանում էր ԱԱ-1999-ի եզրափակիչն ԱՄՆ-ի ու Չինաստանի հավաքականների միջեւ: Խաղին 90 հազ. երկրպագուներ էին հետեւում, այդ ցուցանիշը մինչեւ այսօր անգերազանցելի է կանանց ֆուտբոլի համար:
Եզրափակչի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով ու հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով:
Որոշիչ գոլի հեղինակը դարձավ ամերիկուհի Բրենդի Չեսթեյնը: Հաղթանակն ապահովելուց հետո նա հանեց իր մարզաշապիկն ու ծնկի իջավ: Ֆուտբոլիստուհու նկարը միանգամից հայտնի դարձավ ու տարածվեց ամբողջ աշխարհով մեկ: Այն զարդարեց «Newsweek», «Time», «Sports Illustrated» հայտնի ամսագրերի շապիկները:
Ամենահայտնին դարձավ լուսանկարիչ Ռոբերտ Բեկի կադրը, որն էլ զարդարեց «Sports Illustrated»-ի շապիկը: Այն 2014 թվականին ընթերցողների քվեարկության արդյունքում ամսագրի բոլոր ժամանակների լավագույն լուսանկարների ցանկում 2-րդն էր:
«Երբ Բրենդին իրացրեց 11-մետրանոցն ու բարձրացրեց շապիկը, գիտեի, բոլորովին արտառոց բան է լինելու: Ես այնպիսի կադր որսացի, որն էլ ոչ ոք չուներ, քանի որ միայն ես էի հենց դարպասի հետեւում կանգնած»,- պատմել է Բեկը:
16 տարի ԱՄՆ-ի հավաքականում հանդես եկած Աշխարհի ու Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող դարձած Չեստեյն այդ պահն այսպես է հիշում. «Այդ պահին միայն մեկ միտք ունեի`սա իմ ֆուտբոլային կարիերայի լավագույն պահն է»:
Հիմա Չեսթեյնը 50 տարեկան է, որոշ ժամանակ նա ֆուտբոլային մեկնաբան է աշխատել, ինչպես նաեւ ընդգրկվել է ամերիկյան ֆուտբոլի Փառքի սրահում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: