Դեկտեմբեր 04, 2024
exclusive
209414 դիտում

Կարապետյան. Ապացուցեցինք, որ ցանկացած իրավիճակում հայերը հաղթող են

Անդրանիկ Կարապետյանը
Անդրանիկ Կարապետյանը

Լուսանկարը` Getty Images


Մեկ տարվա ընթացքում ընդամենը 1 օրվա տարբերությամբ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կարողացավ Եվրոպայի բրոնզե մեդալակրից դառնալ «հին աշխարհամասի» չեմպիոն:

Երեկ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությումում 20-ամյա ծանրորդը երկամարտի 367 կգ-ով հռչակվեց չեմպիոն:

Mediamax Sport-ի հետ զրույցում Կարապետյանը պատմել է չեմպիոնական զգացողությունների, հայրենիքին սատարելու ու Օլիմպիական սպասումների մասին:

-Անդրանիկ, քո առաջին չեմպիոնությունն էր, կխնդրեի կիսվել զգացողություններով:

-Ես նախկինում էլ երիտասարդական Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, պատանեկան մրցաշարերում զգացել էի հաղթանակի բերկրանքը: Այս անգամն էլ բացառություն չէր, նույն ապրումներն ունեի, անսահման երջանիկ էի զգում, քանի որ կարողացել էի կատարել առաջադրանքս:

-Ելույթից առաջ զգացվում էր, որ շատ հանգիստ ես ու պատրաստված: Ինչի՞ շնորհիվ էիր կարողացել նման լավ մարզավիճակ ձեռք բերել:

-Մինչ առաջնությունը շատ լավ էինք պատրաստվել, աշխատել մեզ վրա, տրամադրվել: Վստահ էի ուժերիս, այդ պատճառով էլ որեւէ լարվածություն չկար ու շատ հանգիստ էի ելույթ ունենում:

-Ոսկու համար պայքարը հայկական էր: 2015-ին ԵԱ-ում դու զիջել էիր Տիգրան Մարտիրոսյանին, այս տարի արդեն անգազանցելի դարձար: Ի՞նչ կասես ձեր դիմակայությունից:

-Շատ ուրախալի է, որ 77 կգ քաշային կարգում հայ ծանրորդները շարունակում են ուժեղ լինել: Ինձ միայն ոգեւորում է, որ ուժեղ մրցակիցներ եմ ունենում, հատկապես, երբ նա իմ ընկերն ու հայրենակիցն է: Բայց իմ միակ մրցակիցը ծանրաձողն է, նրան հաղթելու դեպքում եմ հասնում նպատակիս:



-Այդ մեկ տարվա ընթացքում քո կարիերայում ի՞նչ փոփոխություններ են եղել, ինչի՞ շնորհիվ ես նման աճ արձանագրել:

-Ես անընդհատ ավելացրել եմ, քրտնաջան մարզվել ու յուրաքանչյուր մրցաշարում ավելի շատ կիլոգրամներ բարձրացրել: Ու հիմա Եվրոպայի առաջնությունում արդյունքը եղավ ոսկե մեդալի տեսքով:

-Գիտես, որ Հայաստանում լարված վիճակ է ու քո հաղթանակը շատ կարեւոր էր մեզ համար: Ի՞նչ կասես մեր հայրենակիցներին:

- Այդ լարվածությունը նաեւ մեզ է փոխանցվել, թեեւ հայրենիքից հեռու ենք գտնվում: Բայց միեւնույն ժամանակ նաեւ պարտավորված ենք ու պատասխանատվությունն է մեծացել: Ամեն ինչ արեցինք, որ մեր եռագույնը ծածանվի Նորվեգիայում ու բոլորին եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ ցանկացած իրավիճակում հայերն են հաղթող դուրս գալիս:

-Ասել էիր, որ եթե հաջողության հասնես, հաղթանակդ կնվիրես մեր զինվորներին:

-Հիմա, երբ արդեն ոսկե մեդալ եմ նվաճել, վստահորեն կարող եմ ասել, որ հաղթանակս նվիրում եմ սահմանը հսկող մեր քաջ զինվորներին:

-Այս տարին Օլիմպիական է ու, բնականաբար, առաջնային նպատակդ այնտեղ լավ ելույթ ունենալն է: Ինչպե՞ս ես տրամադրված Օլիմպիադայից առաջ:

-Այս հաղթանակը շատ կարեւոր էր ինձ համար, այն ոգեշնչեց ու նոր լիցքեր տվեց: Հիմա էլ պետք է շարունակեմ նույն կերպ մարզվել ու տրամադրվել: Ամեն գնով կփորձեմ Օլիմպիախան խաղերում լավ ելույթ ունենալ ու մեդալ նվաճել:

Անդրանիկ Կարապետյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին