Հոկտեմբեր 13, 2024
exclusive
60749 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Արթուր Բարսեղյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանն անկախության տարիներին Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների կամ էլ Օլիմպիական խաղերի լողի մրցումներում եզրափակչի մասնակից չի ունեցել:

Սակայն Արթուր Բարսեղյանը կարողացավ անցյալում թողնել այս բացթողումն ու պատանեկան Օլիմպիական խաղերում հաջող մասնակցություն ունենալ՝ դուրս գալով եզրափակիչ:

«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում այս անգամ ներկայացնում ենք մեծ նպատակներ ունեցող լողորդին:

Մարզաձեւը՝ լող

Անձնական մարզիչ՝ Արմինե Ավետիսյան

Տարիքը՝ 16

Բնակավայրը՝ Երեւան

Սովորում է՝ Մանուկ Աբեղյանի անվան 3-րդ դպրոցի 11-րդ դասարանում

Սիրած առարկա՝ անգլերեն

Մարզական կերպար՝ Մայքլ Ֆելփս

Նվաճումները՝ Հայաստանի 2017 թ. գավաթակիր, Հայաստանի բազմակի ռեկորդակիր, Համահայկական խաղերի հաղթող ու մեդալակիր, պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

Նպատակը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտ սիրող լողորդը. Կարելի է ասել, որ ես լողում եմ ծնված օրվանից: Մոտ երկու տարեկան եմ եղել, երբ մեր այգու լողավազանն եմ ընկել, ծնողներս մի կերպ փրկել են: Դրանից հետո որոշել են, որ ես պետք է լողի գնամ: Առաջինն ինձ լողավազան տարել է պապիկս:

Բայց եթե այդ ժամանակ որոշողը ես լինեի, ապա միանշանակ կընտրեի ըմբշամարտը: Ինձ շատ է դուր գալիս այդ մարզաձեւն ու այնտեղ ծավալվող պայքարը: Բայց չի նշանակում, որ փոշամել եմ լողն ընտրելով: Ես այստեղ արդեն որոշ հաջողությունների հասել եմ ու ձգտում եմ ավելիին:

Լողն անչափ շատ գեղեցիկ մարզաձեւ է, այն իմ երկրորդ լավագույն ընկերն է (առաջինը ծնողներս են ու մանկության ընկերս՝ Տիգրան Գրիգորյանը): Լինեմ նյարդայնացած, ուրախ, թե տխուր, մտնում եմ ջուրն ու ամեն ինչ անցնում է: Լողալը քաշում, հանում է ողջ բացասական էներգիան:

Օլիմպիական խաղերի ուժը. Պատանեկան Օլիմպիական խաղերն իմ առաջին մեծ մրցումներն էին: Ընկերներս ու ընտանիքս շատ էին ուրախացել, որ իմացան ուղեգիր ունեմ: Շատ ծանր ու դժվարին մարզումներ անցկացրի, որպիսին մինչ այդ չէի ունեցել: Մարզչիս հետ նպատակ էինք դրել մեր առջեւ, որ անցնելու ենք կիսաեզրափակիչ:

Մեր թիմը մնում էր Օլիմպիական գյուղում, միայն այդ մթնոլորտը բավական է, որ զգաս մրցումների կարեւորությունը: Այն ուժ էր տալիս, հասկանում էիր, որ եկել ես լուրջ աշխատանք կատարելու համար: Ապա եղավ առաջին մարզումը, որտեղ հանդիպեցի բոլոր մրցակիցներիս, սիրտս սկսեց մի տեսակ արագ խփել ու զգացի, որ կարող եմ լավ մասնակցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուրախությունն ու լարվածությունը մեկ օրում. Ես հանդես եկա 50 մ ազատ ոճում: 23,17 արդյունքով անցա կիսաեզրափակիչ: Սա այն էր, ինչին մենք պատրաստվել էինք: Բայց կիսաեզրափակչում լողացի 22,69 ժամանակում ու նվաճեցի եզրափակչի ուղեգիր: Սա անկրկնելի ու անսպասելի արդյունք էր ինձ համար: Անչափ շատ էի ուրախացել, ուզում էի պարել, թռվռալ, բայց արագ ինձ հավաքեցի, հանգստացա, որովհետեւ հաջոդ օրը եզրափակիչն էր:

Երբ գնացի ավան, ինձ վատ զգացի: Մտածմունքներից ու ահավոր լարվածությունից մոտս սրտխառնոց ու գլխապտույտ սկսվեց: Ես պարզապես մեկուսացա, չէի շփվում ոչ մեկի հետ, ինձ թվում էր սխալ է սենյակից դուրս գալը, մտածում էի միայն եզրափակչի մասին: Դա ինձ շատ խանգարեց, ցույց տվեցի 23,13 արդյունքն ու գրավեցի 8-րդ տեղը:

Փորձի պակասն ու խաղերից արած հետեւությունը. Այս ամենի միջով անցնելուց հետո ես հասկացա, որ լավ արդյունքի հասնելու համար պետք է զրուցել թիմակիցների հետ, չկենտրոնանալ մրցման վրա, ուրախանալ, թեթեւ մտածել:

Հասկացա նաեւ, որ միջազգային այսպիսի խոշոր մրցաշարերում մեծ փորձ չունենալու արդյունքում այդպես լարվեցի: Օլիմպիական խաղերից հետո շատ բան սովորեցի, դրանք ինձ միանգամից 2-3 քայլով առաջ տարան:

Այժմ ձգտում եմ ավելի լավին, ուժեղին, բարձրին, Օլիմպիական խաղերն անմոռանալի ու երազանքային մրցումներ էին, որոնք ինձ տվեցին լավ ու ճիշտ քայլեր կատարելու որոշումներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վստահություն տված կիսաեզրափակիչը. Ես չգիտեի, որ առաջին հայ լողորդն եմ, որ եզրափակիչ եմ անցել նման խոշոր մրցաշարում: Երբ ասացին, ուրախացա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, պարտավորեցնում է, որ հետագայում ավելի լավ նվաճումներ ունենամ Հայաստանի համար: Պարզապես ինձ վստահություն տվեց, հավատացի, որ ես կարող եմ:

Օլիմպիական խաղերում շատ լավ ընկերներ ձեռք բերեցի: Սկզբից ծանոթ չէի մեր մարզիկների հետ, բայց երբ իմացանք իրար, միանգամից ընկերացանք, կարծես եղբայրներ լինենք: Շատ լավ ու անմոռանալի օրեր անցկացրինք միասին, նրանցից շատ բաներ սովորեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ մայրը. Մարզչիս հետ ամեն օր անցկացնում եմ 5-6 ժամ, նա իմ երկրորդ մայրն է: Ընկեր Արմինեն ինձ հետ է ուրախ, տխուր, վատ պահերին, հասկանում եւ ընդունում է այնպիսին, ինչպիսին ես կամ: Միշտ ասում է՝ սա ճիշտ ճանապարհն է, եթե ուզում ես այդպես գնալ, ապա իմ խորհրդին հետեւիր: Մարզիչները շատ կարեւոր դեր ունեն իմ կյանքում, օրինակ՝ ընկեր Միսակը, Արմանը, Կարենը, Վիգենը, Նելլին, նրանք անում են ամեն ինչ, որ ես տիտղոսակիր մարզիկ դառնամ:

Օլիմպիական խաղերում թիմը բժիշկ ուներ, նա ինձ շատ օգնեց, եւ մարմինս պատրաստ էր մրցմանը: Ցավոք, բայց միայն լողի մարզումներին կամ մրցումներին մենք բժիշկ ու մերսող չունենք: Ողջ աշխատանքը կատարում է մարզիչը: Նա իմ ամեն ինչն է՝ մարզիչը, բժիշկը, մերսողը, ընկերը, մայրը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պապիկին տված խոստումը. Ինձ ուժ են տալիս ընտանիքս, հարզատներս, ընկերներս: Հավատում են հաջողությանս, իսկ ես միշտ ձգտում եմ նրանց ուրախացնել, շատ մարզվել ու այնպիսի բարձունքների հասնել, որ ինձնով հպարտանան:

Պապիկս, ով ինձ տարել է լողի ու շատ է օգնել, ցավոք, այլեւս չկա: Բայց նա իմ ուժն է, որն օգնում է միշտ առաջ շարժվել: Ես նրան խոսք եմ տվել, որ առաջինը՝ լինելու եմ լավ անձնավորություն ու ընտանիքին նվիրված մարդ, երկրորդ՝ Օլիմպիական չեմպիոն: Ձգտում եմ այդ տիտղոսին, դա իմ երազանքն է:

Հաջողության գաղտնիքն ու Հայաստանում լող պարապելը. Սպորտում հաջողության հասնում են նրանք, ովքեր ցանկանում են հաղթել ու նաեւ խելքով են առաջ շարժվում, իսկ մկանները պարզապես օգնում են: Մեր մարզաձեւում կարեւոր է նաեւ ջրից դուրս անցկացվող մարզումները: Ես ֆիզիկական աշխատանքներ եմ կատարում, աշխատում մկանային ամուր համակարգ ունենալու համար, որպեսզի ջրում ավելի ճկուն ու ուժեղ լինեմ:

Մրցակցություն Հայաստանում կա, ուղղակի լողն այդքան էլ զարգացած չէ մեր երկրում: Լողով զբաղվողների թվի քչությունը հիմնականում կապված է ծով չունենալու հետ, երեխաներին քիչ են բերում լողավազան: Խորհուրդ կտամ, որ հաճույքի, առողջության եւ ապագայում հաղթանակների համար մարդիկ սովորեն լողալ: Այն շատ-շատ գեղեցիկ մարզաձեւ է, միայն առողջություն ու գեղեցիկ կառուցված է տալիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիրած ոճն ու խենթ ընկերները. Իմն ազատ ոճն է, բայց բրաս էլ եմ շատ սիրում, պարզապես մարզիչներն ասում են, որ այդտեղ հաջողությունների այդքան էլ չեմ հասնի: Չնայած սրան՝ ես մարզումների ժամանակ հաճույքով բրաս եմ լողում:

Իմ կարծիքով, բոլոր տիտղոսակիր մարզիկներից էլ ինչ-որ բան պետք է սովորել: Ես նույնիսկ իմ ընկերոջից՝ ուկրաինացի Դենիս Կեսիլից, որը Բուենոս Այրեսում 2-րդ տեղը գրավեց, սովորում եմ: Մենք չորս ընկեր ենք, ես, Դենիսը, Յորդան Յանչեւն ու Տիշու Տոդորովը, իրար շատ նման ենք: Ունենք մեծ նպատակներ, ակտիվ ենք, հետաքրքրասեր ու մի քիչ էլ խենթ: Միշտ ասում ենք, որ մենք եղբայրներ ենք, պարզապես տարբեր մայրերից:

Երբ անընդհատ ուղեկցում է երաժշտությունը. Երգն իմ ամեն ինչն է, չեմ պատկերացնում իմ օրն առանց երաժշտության: Քանի որ չեմ տիրապետում ոչ մի գործիքի, աշխատում եմ մտքումս միշտ երգել: Շատ եմ սիրում «Lamb of God» խմբի կատարումները, հատկապես «Embers» երգը: Ուզում եմ մի օր էլեկտրոկիթառ նվագել սովորել, բայց հիմա չեմ կարող, որովհետեւ ամբողջ օրս նվիրում եմ մարզումներիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի նոր մրցաշարեր. Հիմա կրկին ծանր գրաֆիկ ունեմ: Առավոտյան 7:30 մարզվում եմ Գրանդ Սպորտի լողավազանում, ապա գնում դպրոց: Տանը մի փոքր հանգստանալուց հետո գալիս եմ Դավիթ Համբարձումյանի անվան լողավազան ու մինչեւ երեկո կրկին պարապում:

Դեկտեմբերին Չինաստանում մասնակցելու եմ Աշխարհի առաջնությանը (25 մ լողավազանում): Գիտեմ, որ այնտեղ հեշտ չի լինելու, բայց անհնարին ոչինչ չկա, շատ եմ ցանկանում լավացնել արդյունքներս ու կրկին եզրափակիչ անցնել:

Արթուր Բարսեղյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին