Դեկտեմբեր 26, 2024
exclusive
7344 դիտում

Ադրբեջանը զրկել է հայ լրագրողներին ԵՎՐՈ-ի խաղերը լուսաբանելու հնարավորությունից


Լուսանկարը` UEFA

Դավիթ Եղիազարյանը
Դավիթ Եղիազարյանը
Կարեն Ռաֆայելյանը
Կարեն Ռաֆայելյանը
Հայկ Կարապետյանը
Հայկ Կարապետյանը

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ու երկրպագուներին հետաքրքիր խաղեր պարգեւել:

ԵՎՐՈ-2020-ի հանդիպումները տեղից մեկնաբանելու դիմում ներկայացրած 2 հայ լրագրողների հայտերը մերժվել են: Նրանք են Դավիթ Եղիազարյանն (NEWS.am Sport) ու Կարեն Ռաֆայելյանը (vnews.am):

Mediamax Sport-ի հետ զրույցում նրանք ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել են ՈւԵՖԱ-ի մերժումն ու խոսել հետագա անելիքների մասին:

Դավիթ Եղիազարյան

Դավիթ Եղիազարյանը Դավիթ Եղիազարյանը


«ԵՎՐՈ-2020-ի խաղերը լուսաբանելու համար ՈւԵՖԱ-ին դիմել էի դեռ նախորդ տարի։ Եվրոպայի առաջնությունը մեկ տարով հետաձգելուց հետո այս տարվա սկզբնամասում ՈւԵՖԱ-ից ստացա նամակ, որ պետք է վերահաստատել հայտը։ Ի սկզբանե, ընտրել էի եվրոպական մի քանի քաղաքներում նախատեսված հանդիպումներ, սակայն կորոնավիուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով որոշեցի մեկնել միայն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող խմբային փուլի հանդիպումներին։

Մայիսի 20-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնական գրությամբ հաստատել էր, որ ես հավատարմագրվել եմ խաղերը լուսաբանելու համար եւ ուղարկել Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպումներին հավատարմագրվելու համար հղումները։ Սակայն Եվրոպայի առաջնության մեկնարկից 2 օր անց՝ հունիսի 13-ի ուշ երեկոյան, ՈւԵՖԱ-ից հայտնեցին, որ հավատարմագրումը չի հաստատվել կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանության որոշմամբ։ Ենթադրաբար դա եղել է Բաքվի կազմկոմիտեի միջամտությամբ։



Նոբել Առուստամյանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ, ծանոթ են բոլորը։ Սակայն նրան հավատարմագիր չտրամադրելու մասին տեղեկացրել էին Եվրոպայի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ, իսկ Հայաստանի լրագրողների դեպքում՝ մրցաշարի մեկնարկից հետո, երբ ես արդեն ամրագրել էի ինքնաթիռի տոմսեր ու հյուրանոցներ, պայմանավորվածություն ձեռք բերել հովանավորների հետ։

Պաշտոնական գրությամբ դիմել ենք ՈւԵՖԱ՝ պարզելու, թե կոնկրետ որ քաղաքն ու ինչի համար է մերժել հավատարմագրումը։ Պատասխան դեռ չենք ստացել։ Այդ հարցում կարեւոր խորհրդատվություն ենք ստացել սպորտային իրավաբան Արծրուն Բադալյանից, ինչի համար շնորհակալ եմ նրան արագ արձագանքելու ու մեզ օգնելու ցանկության համար։

ՈւԵՖԱ-ն միշտ ընդգծում է, որ ֆուտբոլը պետք է հեռու պահել քաղաքականությունից, սակայն փաստացի աչք է փակում նման երեւույթների վրա։ Ստացվում է, որ Ադրբեջանի պետական մարմիններն արգելում են հայ լրագրողներին ներկա լինել Ռուսաստանում կայանալիք խաղերին։ Դա, իհարկե, անընդունելի է, սպորտը քաղաքականացնելու վառ դրսեւորում ։

Հիմա սպասում ենք ՈւԵՖԱ-ի պատասխանին։ Հուսով եմ՝ խնդիրը կլուծվի»։

Կարեն Ռաֆայելյան
Կարեն Ռաֆայելյանը Կարեն Ռաֆայելյանը


«Նոբել Առուստամյանի ու մյուս դեպքերից հետո շատ էին հարցնում ինձ՝ արդյո՞ք հավատարմագրում ստացե՞լ եմ, թե՞ ոչ:

Երեք շաբաթ առաջ ՈւԵՖԱ-ից ստացել եմ հավատարմագրման հաստատումը, սակայն հունիսի 13-ին մեկ այլ նամակով տեղեկացրել են, որ ընդունող երկրների իրավապահ մարմինների քննությունից հետո ինձ մերժել են:

ՈւԵՖԱ-ն կոնկրետ չի տեղեկացրել, թե որ երկրի մասին է խոսքը, բայց, բնականաբար, պարզ է, որ Ադրբեջանն է: Ես նորից նամակ եմ գրել ՈւԵՖԱ, որպեսզի պարզաբանեն, թե կոնկրետ ո՞ր երկրի մասին է խոսքը: Դրանից հետո արդեն հստակ կիմանամ իմ անելիքը:


Այս պահին խնդրի լուծում չեմ տեսնում, բայց հնարավորինս պետք է շատ խոսել այդ մասին ու բարձրաձայնել: Չեմ պատրաստվում մոռացության մատնել այն:

F խմբի (Հունգարիա, Պորտուգալիա, Գերմանիա, Ֆրանսիա) խաղերի համար էի հավատարմագրում ներկայացրել: Հասկանում եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված կմերժեին, քանի որ մահվան խումբը մեկնաբանողների թիվն իսկապես շատ է, բայց կշարունակեի հավատարմագրված լրագրող լինել ու հետո կկարողանայի դիմել փլեյ-օֆֆի խաղերին աշխատելու համար»:


ՀՖՖ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյան
Հայկ Կարապետյանը Հայկ Կարապետյանը


«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ է լրագրողներին Եվրոպայի առաջնությանը չհավատարմագրվելու մասին: Այդ մասին իմացել ենք հենց իրենցից՝ հրապարակումների եւ անձնական շփումների միջոցով:
 
ՀՖՖ-ն անթույլատրելի է համարում ազգային հողի վրա խտրականության դրսեւորումը եւ դրա հետեւանքով լրագրողների նկատմամբ սահմանափակումների կիրառումը:
 
Ֆեդերացիան այսօր դիմել է ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմիններին՝ խնդրին լուծում տալու նպատակով: Այս պահին դեռ պատասխան չենք ստացել:
 
Առայժմ անհրաժեշտություն չենք տեսնում դիմելու այլ իրավական միջոցների, քանի որ ՀՖՖ-ն հույս ունի, որ խնդիրը շուտով կլուծվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին