Նոյեմբեր 22, 2024
1334 դիտում

Նոբել Առուստամյան. Իմ օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջանն անհանդուրժող է հայերի հանդեպ


Լուսանկարը` Անձնական արխիվից


Հեռուստամեկնաբան Նոբել Առուստամյանը, որին Բաքուն հավատարմագրում չէր տվել, ՈւԵՖԱ-ից թույլտվություն է ստացել ու կկարողանա լուսաբանել ԵՎՐՈ-2020-ի խաղերը:

Առուստամյանն իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին բացատրություն է տվել Ֆեյսբուքի իր էջում:

«Ցանկություն չունեմ այս ամենն օգտագործել իմ հեղինակությունը բարձրացնելու համար: Պարզապես ցանկանում եմ կարճ նկարագրել իրավիճակը, որը ստեղծվել էր:

Մայիսի վերջին ինձ մերժեցին հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ը լուսաբանելու համար: Ես չէի անցել ոստիկանական հսկողությունը: ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, եթե նույնիսկ մրցաշարն ընդունող մեկ քաղաք արգելափակում է, ապա ողջ առաջնությունում աշխատել չեմ կարող:

Բնականաբար, ոչ մի դեպքում չէի ծրագրել այցելել Բաքու: Ադրբեջանում ինձ չեն սպասում, ինչպես եւ բոլոր հայերին: Լավ տեղյակ եմ այնտեղի հայաֆոբիայից: Ես ծնունդով Բաքվից եմ, այնտեղ են ծնվել նաեւ ծնողներս, թաղված է պապիկս: Բոլորս հեռացել ենք 80-ականների վերջին:

Այնպես որ, ոչ մի պատրանք չունեի: Ցանկանում էի աշխատել այլ քաղաքներում, իսկ Ադրբեջանի այդ քայլը սպասելի էր: Շատ հանգիստ ընդունեցի այն, նույնիսկ քմծիծաղով:

Հիմա Արցախ կատարած այցիս մասին, որն ինձ հիշեցրել են ադրբեջանցիները: Այո, ես եղել եմ այնտեղ ու բաց հայտնում եմ դրա մասին: Այն իմ նախնիների հայրենիքն է, հատկապես պապիս, որի ազգանվան կրողն եմ: Այնտեղ իմ արմատներն են ու բոլորովին չեմ ամաչում դրա համար:

Ղարաբաղյան հակամարտությունը ցավալի ու անձնական թեմա է ինձ համար: Միշտ էլ կողմ եմ եղել խաղաղ լուծմանը, կողմերին միշտ էլ կոչ եմ արել հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բացառել պատերազմը: Աշնանը սկսված Ադրբեջանի ագրեսիայի նոր ալիքը մեծ ողբերգություն էր: Երկու կողմից էլ հազարավոր մարդիկ զոհվեցին, տարածքներ ավերվեցին:
 
Ես Արցախ գնացել եմ միայն խաղաղ նպատակներով: Մասնակցել եմ երեխաների ֆուտբոլային մրցաշարի: Գիտեմ, 30 տարի է Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ամեն օր ապրել են պատերազմն զգալով: Այդ մրցաշարը, միգուցե, ամենավառ իրադարձությունն էր տեղի երեխաների համար: Հպարտ եմ, որ մասնակցել եմ դրան:
 
Պաշտոնական Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո անընդհատ հայտարարում է, որ հարկավոր է ապրել խաղաղության մեջ: Միեւնույն ժամանակ պահում է ավելի քան 200 հայ գերիների:

Բայց այնքան ստոր վերաբերվեց Ռուսաստանի լրագրողի հանդեպ, որը նախ լուսաբանում է ֆուտբոլը, եւ երկրորդ՝ չի պատրաստվում մեկնել Բաքու:

Իմ օրինակը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, որպես պետություն (այստեղ շեշտեմ, որ ես գիտեմ բազմաթիվ ադրբեջանցիների, ովքեր հասկանում են, որ միմյանց ատելով ապրել հնարավոր չէ) զրոյական հանդուրժողականություն ունի աշխարհի բոլոր հայերի նկատմամբ:
 
ԵՎՐՈ-2020-ը, առհասարակ սպորտը, պետք է համախմբի ազգերին, աշխարհն ավելի միասնական դարձնի: ՈւԵՖԱ-ն միշտ հայտարարում է, որ հավատարիմ է իր գաղափարներին՝ հարգանք բոլոր մարդկանց նկատմամբ, անկախ ազգային պատկանելությունից: Ցավալի է, որ կան պետություններ, որոնք այդ արժեքները չեն ընդունում:

Ուրախ եմ, որ իրավիճակը հարթվեց ու շնորհակալ եմ աջակցության համար:

Առաջվա պես վստահ եմ, որ շովինիզմը ցանկացած ազգի ներկայացուցչի, այդ թվում հայերի ու ադրբեջանցիների հանդեպ, անընդունելի է:

Հավատում եմ, որ աշխարհը կփոխվի, հայերի ու ադրբեջանցիների միջեւ հարաբերություններն այլ կլինեն: Շատ կցանկանայի, որ դա սեփական աչքովս տեսնեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին