Հուլիս 13, 2024
exclusive
1070 դիտում

Բասկետբոլի Ա-լիգա. ՖԻՄԱ-ն փորձառու մարզչի ու երիտասարդների շնորհիվ ձգտում է հաջողության


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Օրեր առաջ ավարտվեց բասկետբոլի Ա-լիգայի առաջին շրջանը։ Թիմերը շարունակում են պայքարն ու ձգտում տեղ գտնել լավագույնների շարքերում։

Mediamax Sport-ը ներկայացնում է Ա-լիգայի թիմերին ու այս անգամ անդրադառնալու ենք ՖԻՄԱ-ին, որն առաջին շրջանից հետո 5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։

ՖԻՄԱ-ի մարզիչ Օգնեն Մոլեւիչն Ա-լիգայում հանդես գալու փորձ ունի

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Սերբ մասնագետ Օգնեն Մոլեւիչի համար Հայաստանը նոր երկիր չէ ու Ա-լիգայում հարմարվելը եւս ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Պատճառն այն է, որ նա տարիներ առաջ այստեղ հանդես գալու փորձ արդեն ձեռք է բերել՝ գլխավորելով «Արթիկ»-ը եւ «Վահագնի Սիթի»-ն։ Նա «Արթիկ»-ի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ «Վահագնի Սիթի»-ի՝ Ա-լիգայի հաղթող։

Այժմ փորձառու մարզիչն իր հմտություններն է փոխանցում ՖԻՄԱ-ի բասկետբոլիստներին։


«Ես մարզում եմ Բահրեյնի բասկետբոլի թիմերից մեկն ու այս պահին արձակուրդի մեջ եմ։ ՖԻՄԱ-ից կապվեցին եւ առաջարկեցին այդ ընթացքում դառնալ թիմի գլխավոր մարզիչը։ Զգուշացրի, որ Հայաստանում կարող եմ աշխատել երկու ամիս, քանի որ պայմանագիր ունեմ ու պետք է կրկին վերադառնամ։ Եկանք համաձայնության, ու ժամանեցի Երեւան։

ՖԻՄԱ-ում հանդես եկող երիտասարդներն ունեն փորձի պակաս, հարկավոր է անընդհատ աշխատել, որպեսզի հասնենք հաջողության։ Մարզումներին շատ ենք աշխատում, որակները բարձրացնելու համար առաջադրանքներ կատարում։ Կարծում եմ, որ այսօրվա ՖԻՄԱ-ն ավելի շատ ապագայի թիմ է, միասին գործելու, անընդմեջ կատարելագործվելու դեպքում տղաները կարող են հասնել ավելիին»։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Մոլեւիչը կարծում է, որ այս տարվա Ա-լիգան իր՝ «Արթիկ»-ի հետ չեմպիոն դառնալու տարվա համեմատ որակապես նահանջել է։ Սակայն գտնում է, որ տեղացի խաղացողների ավելի շատ ժամանակ տրամադրելը միանշանակ ճիշտ որոշում է։

«Ցավոք, բայց Հայաստանի լավագույն խաղացողներն ընդգրկված են միայն մեկ թիմում՝ «Ուրարտու»-ի կազմում, իսկ մի քանիսն էլ՝ «Արթիկ»-ում։ Հայաստանցի մյուս տղաների խաղամակարդակը եւ փորձն արտասահմանից ժամանած բասկետբոլիստների համեմատ ցածր է, ինչի պատճառով դաշտում համագործակցելն այդքան էլ հաջող չի ստացվում։


ՖԻՄԱ-ում փորձում ենք լուծել այս խնդիրը, այնպես անել, որ սկսենք թիմային խաղալ ու եղած կադրերից առավելագույնը ստանալ։ Իմ կարծիքով, պայքարն Ա-լիգայի հաղթողի կոչման համար լինելու է «Արթիկ»-ի եւ «Ուրարտու»-ի մեջ, որովհետեւ հենց այս թիմերն են եւ տեղացիներից, եւ արտասահմանցիներից ուժեղ համալրումներ ստացել»։

ՖԻՄԱ-ն ձգտում է դառնալ իսկական թիմ ու հասնել հաջողությունների

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Ավետիս Չեքմեյանն արդեն երեք տարի է ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան ու փորձում է բասկետբոլային ակտիվություն ստեղծել նաեւ այստեղ։ Նա ավելի վաղ հանդես է եկել «Կիլիկիա»-ում, ապա՝ «Էրեբունի»-ում, որի հետ նախորդ տարի դարձել է Հայաստանի չեմպիոն։

«ՖԻՄԱ-ն Հայաստանի ամենահին թիմերից է, ուրախ եմ, որ այժմ ընդգրկված եմ այս նախագծի մեջ ու ոչ միան խաղում, այլ նաեւ տարբեր կազմակերպչական հարցերով եմ զբաղվում։

Այս տարի ուզում էի հենց կառավարչական հմտություններս զարգացնել, բասկետբոլին այլ տեսակետից մոտենալ։ Տեսա, որ ՖԻՄԱ-ում կան այդ հնարավորությունները եւ հաճույքով սկսեցի աշխատել նաեւ որպես մենեջեր։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Անկեղծ ասած՝ դժվար է, քանի որ խաղում եմ, մարզվում, հետո նաեւ պատասխանատու եմ թիմի համար։ Փորձում եմ գլուխ հանել ու առաջացած խնդիրներին էլ լուծումներ գտնել։

Անչափ կարեւոր է, որ փորձառու Մոլեւիչի հետ հանդիպումը եւ քննարկումները դրական ավարտ ունեցան ու նա միացավ մեր թիմին։ Կարծում եմ, որ այս պահին նա Ա-լիգայի ամենափորձառու մասնագետն է, արտերկրում եւս աշխատելու մեծ փորձ ունի, հաջողությունների հասել է նաեւ Հայաստանում»։


ՖԻՄԱ-ն ունի հրավիրյալ խաղացողներ ԱՄՆ-ից, թիմում ընդգրկված են նաեւ հայաստանցի երիտասարդներ։ Օրական մարզվում են երկու անգամ՝ «Միկա»-ի ու ԵՊՀ-ի դահլիճներում։

Ըստ Չեքմեյանի՝ մեկնարկային խաղերում պարտություններ կրել են վատ խաղի ու նաեւ մարզչի բացակայության պատճառով (Մոլեւիչը թիմին միացել է Ա-լիգայի մեկնարկից մի քանի օր անց)։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


«Հիմա արդեն հստակ ծրագրով մարզումներ ենք անցկացնում, նա դժվար առաջադրանքներ է տալիս, իսկ մենք փորձում ենք հաղթահարել դրանք։ Թիմի աշխատանքն ավելի նպատակային է դարձել: Միասին առաջին տարին ենք խաղում, դրա համար իրար հարմարվելու կարիք ունենք։ Պետք է հասնենք նրան, որ թիմային խաղ ցուցադրենք ու իրար շատ լավ հասկանանք։ Հաղթանակի հասնելու համար թիմային պաշտպանությունը պետք է անթերի լինի։

Մարզումներից դուրս ենք հաճախ հանդիպում, զրուցում ենք տարբեր թեմաներից ու միասին շատ ժամանակ անցկացնում։ Կարծում եմ՝ իրար լավ ճանաչելու շնորհիվ էլ կկարողանանք հասկանալ միմյանց նաեւ խաղահրապարակում»։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Բասկետբոլիստը գտնում է, որ այս տարի լավ մրցաշար է ընթանում, արտերկրից ժամանած բասկետբոլիստներից հայ մարզիկները նոր հմտություններ են սովորում։ Դրական է համարում նաեւ այն, որ դաշտում միաժամանակ պետք է ներկա լինի երեք հայ խաղացող ու գտնում, որ այդպես հնարավոր կլինի զարգացնել բասկետբոլը։

«Մենք նոր-նոր ձեւավորվող թիմ ենք, բայց ձգտում ենք գրավել առաջին տեղը, կձգտենք խաղալ հանուն դրա»։

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Արփի Մալյանց/Ա-լիգա

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին