Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բոլոր թիմերն իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են համալրել կազմն անհրաժեշտ նորեկներով: Տարեց ֆուտբոլիստները հեռանում են եվրոպական թատերաբեմից դեպի Մերձավոր Արեւելք կամ ԱՄՆ՝ ֆուտբոլային թոշակը վայելելու, իսկ նրանց փոխարինելու են գալիս նորահայտ աստղեր։ Մեկնարկող մրցաշրջանում հաջողելու կարեւորագույն գործոններից է ճիշտ տրանսֆերային քաղաքականությունը, բայց ոչ բոլորն են ծախսում ճիշտ եւ տեղին՝ թույլ տալով նաեւ թանկարժեք սխալներ։
Մարզիչների շրջապտույտն Իտալիայում

Լուսանկարը` AS Roma
Գալիք մրցաշրջանում Իտալիայում տիրելու է մարզչական քաոս։ Սկուդետոյի գրեթե բոլոր հավակնորդները («Ռոմա», «Ինտեր», «Միլան», «Լացիո») ներկայանում են նորանշանակ մարզիչներով։ Այս շարքում ամենաինտրիգայինն ու միեւնույն ժամանակ անհասկանալին Ջանպիերե Գասպերինիի նշանակումն է որպես «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ։ Իտալացի մասնագետը ասոցացվում է «Ատալանտա»-ի հետ, որտեղ ունեցել է երկար ու բեղումնավոր ժամանակաշրջան։ Վերջինս հանդիսանում է անհատական պրեսինգի, ֆիզիկական լավ պատրաստվածության ու բարձր տեմպի վրա հիմնված խաղաոճի հետեւորդներից մեկը։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հիշեցնում է իսկական գլադիատորի, ով պետք է պայքարի խաղադաշտում ամեն մի վայրկյան։
Վերջին տարիներին «Ռոմա»-ն անընդհատ գտնվում է մարզչական փոփոխությունների ու անորոշության փուլում։ Իտալացի մասնագետի նշանակումը, թերեւս, այս ամենի տրամաբանական շարունակությունն է։ «Ռոմա»-ի ունեցած ներկայիս կազմը չի համապատասխանում Գասպերինիի ֆուտբոլային նախընտրություններին, բայց թիմը դեռեւս միայն ազատվում է ոչ պետքական ֆուտբոլիստներից եւ չունի շատ նորեկներ։ Հետաքրքիր կլինի տեսնել նրա համագործակցությունը կրեատիվ ֆուտբոլիստների հետ (Պաուլո Դիբալա, Մատիաս Սուլե), ովքեր սովոր չեն աշխատել խաղադաշտում առանց գնդակի։ Դժվար է պատկերացնել, որ սենիոր Գասպը կկարողանա հենց մեկնարկից ստեղծել մրցունակ թիմ, բայց այն, որ «Ռոմա»-ի խաղերն այսուհետ լի են լինելու անխնա պայքարով, հաստատ է։

Լուսանկարը` AC Milan
Մարզչական տարօրինակ քամբեքների շարքում (Ստեֆանո Պիոլի «Ֆիորենտինա»,Մաուրիցիո Սարի «Լացիո») առանձնանում է Մաքս Ալեգրիի վերադարձը «Միլան»։ Ռոսոներիի ղեկավարությունն իր անհասկանալի մարզչական նշանակումներով ու տրանսֆերներով ակումբը դնում է այնպիսի մի իրավիճակի մեջ, որից ելք կարող է գտնել միայն բազմափորձ իտալացի մասնագետը։ «Միլան»-ը մի կողմ է դնում մասշտաբային վերակառուցման ծրագիրը եւ փորձում է այս անցումային փուլը դարձնել հնարավորինս սահուն։ Թիմից արդեն հեռացել են մի քանի առաջատարներ՝ Տեո էրնանդես, Տիջանի Ռեյնդերս եւ դժվար թե թիմը կարողանա եւ ցանկանա գտնել նրանց արժանի փոխարինողներ։ Այս իրավիճակում Մաքս Ալեգրին լավագույն լուծումն է, ով կարողանում է եղած ֆուտբոլիստներից քամել առավելագույնը։ Եկող մրցաշրջանում «Միլան»-ից պետք չէ սպասել դիտարժան խաղի՝ վերադառնալու են իտալացի մասնագետի սիրած ամուր պաշտպանությունն ու նվազագույն հաշվով հաղթանակները։ Միակ լուսավոր կետը Լուկա Մոդրիչի ժամանումն է ակումբ, ով դեռ կարող է տարբերություն ապահովել Իտալիայում։
Իտալական գրեթե բոլոր ակումբներում տիրող այս խառնաշփոթի ֆոնին առանձնանում է միայն թերեւս «Նապոլի»-ն։ Ակումբը կարողացավ պահպանել Անտոնիո Կոնտեին եւ անվճար ձեռք բերեց Կեւին Դե Բրույնեին։ Բելգիացին չունի նախկին արագությունը, բայց պահպանել է ֆուտբոլային ինտելեկտը եւ կարող է առաջնորդել «Նապոլի»-ն դեպի երկրորդ անընդմեջ Սկուդետոն։

Լուսանկարը` SSC Napoli
Ամենահարուստ ակումբները ծախսում են անխնա
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին տրանսֆերային շուկայում հատկապես ակտիվ են անգլիական թիմերը՝ ներկայացնելով ամենաթանկարժեք լիգան։ Այս տարին եւս բացառություն չէ։ Առաջին հերթին աչք են շոյում «Արսենալ»-ի կատարած կետային ձեռքբերումները։ Միկել Արտետան ստացավ իրեն այդքան անհրաժեշտ Մարտին Սուբիմենդիին՝ հենակետային կիսապաշտպան, ով կարող է կառուցել սեփական թիմի գրոհները։ Վերջինիս ժամանմամբ իսպանացի մասնագետը ստանում է լավ խաղակցված զույգ խաղադաշտի կենտրոնական հատվածում, ինչը էլ ավելի ստեղծագործական ազատություն կտա Մարտին Էդեգորին։ Բացի այդ արդեն գրեթե հստակ է, որ թիմը համալրելու էն Նոնի Մադուեկեն ու Վիկտոր Գյոկերեշը։ Շվեդ հարձակվողը վերջապես կփակի խնդրահարույց կենտրոանական հարձակվողի դիրքը։ Գուցե հենց այս ֆուտբոլիստները կդառնան չեմպիոնության համար պայքարում Միկել Արտետային նախկինում չբավարարող գործիքները։

Լուսանկարը` FC Arsenal
Չեմպիոնության նվաճումից հետո «Լիվերպուլ»-ը միանգամից անցնում է գործի՝ դրսեւորելով աննախադեպ ակտիվություն տրանսֆերային շուկայում։ Նախ Տրենտ Ալեքսանդր Առնոլդին փոխարինելու նպատակով ձեռք բերվեց Ջերեմի Ֆրիմպոնգը (40 մլն եվրո), իսկ հետո նույն «Բայեր Լեւերկուզեն»-ից ժամանեց ժամանակակից ֆուտբոլի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ Ֆլորիան Վիրցը (125 մլն եվրո)։ Ջերեմի Ֆրիմպոնգը հրաշալի ընտրություն է պաշտպանության աջ եզրում՝ լավ է միանում գրոհներին, ունի խելահեղ արագություն եւ զիջում է Տրենտ Ալեքսանդր Առնոլդին միայն փոխանցումների ճշգրտությամբ։ Իսկ Ֆլորիան Վիրցը կարծես չունի թույլ կողմեր՝ հրաշալի դրիբլինգ, ֆուտբոլային ինտելեկտ եւ համարձակություն եւ կարող է խաղալ հարձակման յուրաքանչյուր դիրքում։ Անգամ դժվար է պատկերացնել, թե ինչ ուժգին է լինելու մերսիսայդյան ակումբի հարձակման գիծը հաջորդ մրցաշրջանում։

Լուսանկարը` Liverpool FC
Գործընկերներից փորձում է հետ չմնալ նաեւ «Մանչեսթեր Սիթի»-ն։ Պեպ Գվարդիոլան սկսել է հավաքել նոր թիմ՝ դժվար է ասել, թե քանիերորդ անգամ։ Ակումբից հեռացել են հիմնաքարեր հանդիսացող Կեւին Դե Բրույնեն, Քայլ Վոքերը եւ նրանց փոխարինելու են եկել ավելի երիտասարդ աստղեր Ռայան Չերկի (35,5 մլն եվրո), Տիջանի Ռեյնդերս (55 մլն եվրո))։ Գվարդիոլան հայտնի է անթերի ֆուտբոլային համակարգերի կառուցմամբ, բայց այժմ նա իր տնօրինության տակ ունի մաքսիմալ ոչ համակարգային եւ անհատական որակների վրա հիմնվող ֆուտբոլիստներ՝ Օմար Մարմուշ, Ռայան Չերկի եւ այլք։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել թե ինչ կկարողանա ստանալ նրանցից իսպանացի հրաշագործը հաջորդ մրցաշրջանում։

Լուսանկարը` Manchester City FC
Անգլիական մնացած ակումբները եւս ակտիվ են տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Չելսի»-ն ինչպես միշտ գնում է նոր ֆուտբոլիստների, որոնք պետք է արդյունք ապահովեն այստեղ եւ հիմա (Ժոաո Պեդրո, Լայամ Դելապ)՝չիմանալով ինչ անել արդեն եղածների հետ: Պրեմիեր լիգայում նորամուտը նշած ակումբները փորձում են հնարավորինս ամրացնել սեփական կազմը։ Ընդհանուր ֆոնին առանձնանում է նաեւ «Տոտենհեմ»-ը։ Թիմն ունի նորանշանակ գլխավոր մարզիչ՝ Թոմաս Ֆրանկը, ով եւս ժամանակակից համակարգային ֆուտբոլի ջատագով է եւ շատ հետաքրքիր կլինի հետեւել հյուսիսլոնդոնյան ակումբին:
Գլոբալ վերակառուցում Մադրիդում

Լուսանկարը` Real Madrid CF
Չաբի Ալոնսոյի ժամանումից հետո արդեն պարզ էր, որ մադրիդյան գրանդը մեծ փոփոխությունների շեմին է։ Իսպանացի մասնագետը ցույց է տվել Գերմանիայում, որ լավ կազմակերպված ու համակարգային ֆուտբոլի հետեւորդներից է, իսկ «Ռեալ»-ը դրա հակապատկերն է։ Մադրիդյան ակումբը երբեք չի եղել հստակ համակարգ՝ հենվելով առանձին ֆուտբոլիստների անհատական որակների վրա։ Նոր մարզիչն արդեն իսկ ստանում է իրեն անհրաժեշտ համալրումներ։ Այդքան խնդրահարույց պաշտպանական դիրքում կան 2 նորեկ՝ Դին Հոյսեն (62 մլն եվրո) եւ Տրեն Ալեքսանդր Առնոլդ (10 մլն եվրո)։ Երկուսն էլ կարող են հրաշալի սկսել սեփական թիմի գրոհները, կարողանում են արդյունավետ միանալ գրոհներին, բայց մի փոքր թերանում են պաշտպանական գործողություններում։ Հաշվի առնելով, որ մադրիդյան ակումբից լինելու են նաեւ շատ հեռացող ֆուտբոլիստներ՝ Լուկա Մոդրիչ, Դանի Սեբալյոս, Լուկաս Վասկսես, ապա հստակ է, որ տրանսֆերներն այսքանով չեն սահմանափակվի։ Հստակ է միայն մի բան․ ով չի ունենա խաղային կարգապահություն եւ չի ենթարկվի մարզչին՝ կարող է ուղղակի հեռացվել թիմից։
Ավագ եղբոր հետքերով

Լուսանկարը` BVB
Այս ամռանը «Դորտմունդի Բորուսիա» ժամանեց Ջոբ Բելինգհեմը (22 մլն եվրո)։ Խաղային որակներով կրտսեր եղբայրը գրեթե ոչնչով չի զիջում Ջուդ Բելինգհեմին։ Լինելով կենտրոնական կիսապաշտպան՝ Ջոբը գրեթե միշտ միտված է հակառակորդի դարպասին, կառուցում է սեփական թիմի գրոհները եւ շատ լավ է օգնում խաղընկերներին պաշտպանվելիս։ Երիտասարդն ունի բոլոր հնարավորությունները գերազանցելու ավելի հայտնի ավագ եղբորը եւ, անշուշտ, հրաշալի ձեռքբերում է «Բորուսիա»-ի համար։
Եկող մրցաշրջանում հետաքրքիր կլինի հետեւել նաեւ 2 այլ նախագծերի՝ «Բայեր Լեւերկուզեն» եւ «Մոնակո»։ Չաբի Ալոնսոյի հեռանալուց հետո գերմանական թիմը լքեցին գրեթե բոլոր առաջատարները՝ Ֆլորիան Վիրց, Ջերեմի Ֆրիմպոնգ, Ջոնաթան Տա։

Լուսանկարը` AS Monaco
Այժմ նորանշանակ մարզիչ էրիկ Տեն Հագը պետք է կառուցի նոր թիմ։ Վերջին շատ բան ունի ապացուցելու ֆուտբոլային հանրությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հետո։ Իսկ «Մոնակո»-ն այս ամռանը դարձավ ձախողված ֆուտբոլիստների հանգրվան՝ Էրիկ Դայեր, Պոլ Պոգբա, Անսու Ֆատի։ Դժվար է պատկերացնել թե այս խաղացողներն ինչպես կարող են իրենց դրսեւորել անդադար պրեսինգի ջատագով Ադի Հյուտերի ղեկավարած թիմում, բայց ֆուտբոլում հաճախ ուզում ես հավատալ հրաշքների եւ մտածել, որ «Մոնակո»-ն կկարողանա այս համալրումներով պայքար մղել չեմպիոնության համար։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: