Հուլիս 12, 2025
154 դիտում

Տարեդարձին ընդառաջ․ Ժամանակակից ֆուտբոլի լավագույն երիտասարդ Լամին Յամալը


Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` RFEF


Մեր ժամանակների ամենավառ ֆուտբոլիստներից մեկը հուլիսի 13-ին նշում է 18-ամյակը։

Լամին Յամալի մասին վերջին տարիներին այնքան է խոսվում, որ թվում է՝ տարիքով պետք է ավելի մեծ լիներ։ Սակայն իրականում նա այն եզակիներից է, որ հիացնում է իր խաղով ու բազմաթիվ երկրպագուների ստիպում էլ ավելի սիրել ֆուտբոլը։

Յամալն այնքան արագ դարձավ «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի հավաքականի կարեւոր դեմքերից մեկը, որ արդեն առանց նրա դժվար է պատկերացնել այս թիմերի կազմերը։

Լուսանկարը` FC Barcelona


Ծնվել է 2007 թվականին իսպանական փոքրիկ Էսպուլգես դե Լյոբրեգատ քաղաքում, բայց մանկությունն անցել է Մատարոյում։ Նրա ընտանիքը բազմազգ է․ հայրը Մարոկկոյից է, մայրը՝ Հասարակածային Գվինեայից։ Չնայած դեռ փոքր տարիքում ծնողները բաժանվել են, բայց նա մտերիմ հարաբերություններ է պահում երկուսի հետ էլ։ Մեծ ընտանիքը հաճախ է հանդիպում ու համտեսում տատիկի պատրաստած արաբական ուտեստները, ֆուտբոլային հանդիպումներին եւս գնում են մեծ խմբով։ Լամինին կարելի է հաճախ տեսնել փոքր եղբոր հետ։ Սակայն շատ մանրամասներ ֆուտբոլիստը պատմել չի սիրում ու գտնում է, որ կարեւորը ֆուտբոլ խաղալն է։

Դեռ շատ փոքր տարիքում է սիրահարվել ֆուտբոլին․ «Երեւի 4 տարեկան կլինեի, երբ հորեղբորս տեսա ֆուտբոլ խաղալիս։ Ես հիացած էի։ Դրանից հետ ամեն օր բակում խաղում էի, կապ չուներ՝ անձրեւ է, շատ շոգ, գնդակից ստացած հարվածից երեսս ցավում է։ Ես կանգնեցի դարպասին ու սկսեցի պաշտպանել այն։ Սա սկիզբն էր դեպի իսկական ֆուտբոլ»։    

Իրականում Մատարոն շատ ֆուտբոլային քաղաք է ու միգուցե ունեցել է ազդեցությունը փոքրիկ տղայի վրա։ Նա մեծ ոգեւորությամբ սկսում է մարզվել, իսկ 7 տարեկանում ընդունում են «Բարսելոնա»-ի ակադեմիա։

«Լա Մասիա»-ի մարզիչներից մեկը խոստովանել է, որ այդ տղայի ձախ ոտքը հենց առաջին մարզումներից համարել են կախարդական, որը դաշտում կարող է գործել հրաշքներ, իսկ կոչումը՝ հարձակվողն է, ոչ թե դարպասը պաշտպանելը։

Լուսանկարը` RFEF


Այդպես նրան սկսում են սովորեցնել այն հմտություններին, որոնք տալիս են կատալոնացիների բոլոր սաներին։ Լամինը դառնում է իր տարիքակիցների ամենավառ ներկայացուցիչը։

Պատահական չէ, որ արագ նկատվում է «Բարսելոնա»-ի առաջին թիմի մարզչական շտաբի կողմից։ Չավին նրան ներառեց մարզումներում՝ ճանապարհ բացելով դեպի մեծ ֆուտբոլ։

«Եթե Չավին ինձ չվստահեր, միգուցե դեռ երիտասարդական թիմում լինեի։ Նրա հետ ունեցած զրույցները, անցկացրած ժամանակը, նրա խորհուրդները լսելն ինձ շատ են օգնել։ Չավին ֆուտբոլն ընկալում է այնպես, ինչպես շատ քչերը։ Նա ինձ ցույց տվեց ճիշտ ճանապարհը եւ ստիպեց հավատալ ուժերիս»,-խոստովանել է ֆուտբոլիստը։

Սակայն նա կարող էր չլինել «Բարսա»-ի կարեւոր ֆուտբոլիստներից մեկը, եթե ընդուներ «Բավարիա»-ի առաջարկը։ Պարզվում է, Մյունխենի ակումբը շատ է հետաքրքրված եղել պատանի ֆուտբոլիստով ու դեռ 2022 թվականից հետեւել նրան, նույնիսկ հանդիպել գործակալի հետ։ Տղան որոշել է չհեռանալ «Լա Մասիա»-ից։

Եւ ահա 2023-ին 15 տարեկան Յամալը մտավ «Բարսելոնա»-ի պատմության մեջ՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը նորամուտն է նշել Լա Լիգայում։ Սա նրա առաջին, բայց ոչ վերջին ռեկորդն էր լինելու։ Դրանից երկու տարի անց նա արդեն Իսպանիայի կրկնակի չեմպիոն է, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Բոլորին զարմացնում է, թե ինչքան հասուն ֆուտբոլիստ է ու ամենեւին չի համապատասխանում իր տարիքին։  

Լուսանկարը` անձնական արխիվից


Լամին Յամալը ժամանակակից «Բարսելոնա»-ի խորհրդանիշերից մեկն է։ Նա Գավիի, Պեդրիի, Արաուխոյի, դե Յոնգի հետ թիմի կորիզն է կազմում, որն ունակ է ակումբին պարգեւել բազմաթիվ տիտղոսները։ Նրա տաղանդը, աշխատասիրությունն ու ակումբին նվիրվածությունը դարձնում են ժամանակակից ֆուտբոլի ամենահեռանկարային աստղերից մեկը։ 

2023-ին Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են նրան ու ծնողներին, առաջարկել, որպեսզի հանդես գա իրենց ազգային հավաքականում։ Գրեթե նույն օրերին Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ներկայացրել էր թիմի ընդլայնված կազմը, որը պատրաստվելու էր ԵՎՐՈ-2024-ին։ Սեպտեմբերի 8-ին Յամալը  նորամուտը նշեց ու առաջին գոլը խփեց Վրաստանի դարպասը։ Ամիսներ անց նա Կարմիր ֆուրիաների հետ տոնում էր Եվրոպայի չեմպիոնությունը։ Դարձավ նաեւ Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր։ 

«Կարծում եմ, որ լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է։ Նա ոչ միայն մեր, այլ բոլոր ժամանակների մեծագույն դեմքերից է։ Ես միշտ հիանում եմ նրա խաղով։ Սակայն ոգեշնչվել եմ նաեւ Նեյմարից, նա բացառիկ տաղանդ ունեցող խաղացող է»։

Լուսանկարը` RFEF


Օրեր առաջ Յամալն արձակուրդն անցկացնում էր Բրազիլիայում, իսկ հյուրընկալվել էր Նեյմարին։ Ֆուտբոլային հանրությունը սկսեց քննարկել, որ եթե շարունակի վարել այնպիսի կյանք, ինչպիսին ուներ ոչ պակաս տաղանդավոր Նեյմարը, կարճ ժամանակ անց հրաժեշտ կտա ֆուտբոլին։ Քննադատությունները շատացան, երբ հայտնվեցին լուսանկարներ, թե իբր հանդիպում է 30-ամյա մոդելի հետ։ Հետո խոսակցություններ տարածվեցին, թե սկսել է թանկարժեք զարդեր առնել, ակումբներում ժամանակ անցկացնել։ Մարդիկ մտավախություն ունեն, որ այս ամենը խանգարելու է երիտասարդին ու հեռացնելու է ֆուտբոլից։ Ապագան, որը կանխատեսում են նրա համար, կարող է եւ փլուզվել։

Սակայն մյուս կողմից Յամալն անցկացնում է արձակուրդն ու լարված մրցաշրջանից հետո փորձում մոռանալ ամեն բան։ Բացառված չէ, որ արդեն աշնանը նա կրկին գտնի այն որակները, որոնցով հիացնում է ֆուտբոլասերներին։

«Ես սիրում եմ ֆուտբոլը, որն ինձ տալիս է թեւեր ու ասում է ճախրիր։ Սա իմ կյանքն է, իմ ապրելակերպը, իմ օդը։ Ես ձգտում եմ հաղթել ու դրանով օգնել թիմիս, որի հետ երազում եմ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին