Սեպտեմբեր 08, 2024
exclusive
1684 դիտում

Բասկետբոլի Ա-լիգա. Ուժեղանալ ձգտող ու մրցաշարում իրեն դրսեւորել ցանկացող «Դվին»-ը


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Բասկետբոլի Ա-լիգայում մոտ մեկ ամիս է ընթանում են հետաքրքիր ու պայքարով լի հանդիպումներ: Թիմերն ուսումնասիրում են միմյանց ու ծանոթանում խաղային որակներին: Ոմանց մոտ մեկնարկն այնքան էլ լավ չի ստացվել, սակայն չնայած ունեցած պարտություններին՝ լի են իրենց ցուցադրելու ու սխալներն ուղղելու վճռականությամբ:

Այդպիսի թիմերից է «Դվին»-ը, որն Ա-լիգայի մեկնարկից կարճ ժամանակ առաջ է  համալրվել ու սկսել նախապատրաստվել մրցաշրջանին: Mediamax Sport-ն ակումբի նպատակների ու ծրագրերի մասին զրուցել է բասկետբոլիստ Մանո Հալեջյանի ու գլխավոր մարզիչ Դմիտրի Տումաշեւսկու հետ:

Անհաջող մեկնարկից դասեր քաղող բասկետբոլիստները

«Դվին»-ի բասկետբոլիստ Մանո Հալեջյանը Լիբանանից Հայաստան է տեղափոխվել 3 տարի առաջ, որպեսզի բարելավի իր խաղային որակները: Եղել է «Ուրարտու»-ի խաղացող, հանդես եկել Կովկասյան եւ Ա լիգաներում:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


«Լիբանանում ՀՄԸՄ-ի կազմում 3 տարի պրոֆեսիոնալ բասկետբոլ եմ խաղացել: Այնտեղ բավական բարձր մակարդակի խաղացողներ կան, լեգիոներներն ու տեղացիները հետաքրքիր խաղ են ցույց տալիս: Պատահական չէ, որ վերջին 20 տարիներին առաջնությունը բավական ուժեղ պայքարում է անցնում: Հայաստանում զգալիորեն բարելավել եմ որակներս, արդեն հասցրել եմ հասկանալ, թե այստեղ ինչպիսին է բասկետբոլային մտածողությունն ու խաղի որակը: Երկու տարի Ա-լիգայում փորձս ավելացրել եմ ու ամեն ինչ կանեմ, որ կարողանամ օգնել «Դվին»-ին»,- նշել է նա:

Հալեջյանը պատմել է, որ ակումբը հիմնականում երիտասարդ բասկետբոլիստներով է համալրված եւ դժվար է այն առումով, որ նրանց ամեն ինչ պետք է սովորեցնել: Բասկետբոլիստի խոսքով՝ թիմի խաղացողներն իրար հետ վերջերս են ծանոթացել եւ Ա-լիգայի հանդիպումների ընթացքում սկսել ավելի լավ ճանաչել: Դրա համար էլ մրցաշարի մեկնարկում դժվարություններ են ունեցել ու պարտություններ գրանցել: Հալեջյանն ինքն էլ Ա-լիգայի մեկնարկից կարճ ժամանակ առաջ է իմացել, որ հանդես է գալու թիմի կազմում:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


«Բասկետբոլը թիմային խաղ է ու ամեն մեկն իր անելիքը պետք է հստակորեն իմանա: Մեկնարկում մեր ուզածի պես չխաղացինք, բայց առաջիկայում լավ կաշխատենք ու կփորձենք աճել, բասկետբոլային առումով էլ կավելացնենք, որ առաջ գնանք: Լավ է, որ 2 ամերիկացի լեգիոներներ ունենք՝ Բայրոն Ռեյն ու Էլիա Ջոնսոնը, նրանք անհամեմատ ուժեղ են ու թիմին ավելի ուժեղ կդարձնեն: Ժամանակի կարիք ունենք, որ իրար ավելի լավ հասկանանք: Հույս ունենք, որ հետագայում մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,-ավելացրել է բասկետբոլիստը:

Թերությունների թվում առանձնացրել է խաղացողների երիտասարդ (հիմնականում 18 տարեկան են) ու անփորձ լինելը, Հալեջյանը թեեւ 22 է, սակայն «Դվին»-ի ավագներից է համարվում: Դա է նաեւ պատճառը, որ փորձառու եւ ուժեղ խաղացողներով համալրված ակումբների հետ պայքարում դեռ իրենց լիարժեք դրսեւորել չեն կարողանում:

Հալեջյանի վկայությամբ, Ա-լիգայում հստակ նպատակներ իրենց առջեւ չեն դրել, դեռ կփորձեն միմյանց ավելի լավ ճանաչել ու հասկանալ, խաղային ձեռագիր ունենալ ու խաղահրապարակում ամեն մեկի անելիքը հստակեցնել:

Ֆավորիտների թվում «Ուրարտու»-ին է նշում, որի հետ արդեն խաղացել են ու զիջել:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


«Ամեն տարի էլ այն ուժեղ կազմ է հավաքում, այս տարի էլ երեւաց, թե որքան մրցունակ են ու համալրված փորձառու բասկետբոլիստներով, դրա համար էլ նրանց դեմ պայքարը բարդ էր: Միշտ մտածում եմ, որ պարտություն գոյություն չունի, պարզապես սովորում ես ու փորձում ուժեղանալ»:

«Դվին»-ին նոր ճանաչող գլխավոր մարզիչը

Թիմին դեռ բավական լավ չի ճանաչում նաեւ մարզիչ Դմիտրի Տումաշեւսկին, նա էլ վաղուց չի միացել «Դվին»-ին:

Գլխավորել ակումբը նրան առաջարկել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը ու, քանի որ 7 ամիս Երեւանում էր բնակվում, հաճույքով է ընդունել առաջարկությունը: Տումաշեւսկին 10 տարի մարզիչ է աշխատել ռուսական Վիդնոե քաղաքում, պատանի տարիքում ինքն էլ խաղացել է, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, միշտ երազել է մարզիչ դառնալու մասին:

Տումաշեւսկին դեռ «Դվին»-ի խաղային որակների ու թիմային համագործակցության մասին շատ բան ասել չի կարող՝ համատեղ մարզումների ու հանդիպումների կարիք ունի:

«Խաղացողներն էլ միասին շատ չեն աշխատել, դրա համար իրար դեռ չեն հասկանում: Մրցաշարը նոր է սկսվել, առաջին խաղում ինքներս մեզ զիջեցինք, 2-րդ հանդիպման ժամանակ էլ խնդիրներ ունեինք, մրցակիցն ավելի ուժեղ ու փորձառու էր: Այս պահին մեր նպատակն է ամեն խաղից հետո ուժեղանալ, աճել ու մեր լավագույն տարբերակը դառնալ: Կփորձենք ամեն հաջորդ խաղում ավելի շատ միավորներ վաստակել ու քիչ գնդակներ բաց թողնել»,- ասել է մարզիչը:

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Խոստովանում է, որ շատ կցանկանար ասել «Դվին»-ն է Ա-լիգայի հաղթող դառնալու, բայց դեռ իրատեսական չէ, հաստատ է մեկ բան, որ ձգտելու են բարձր տեղում ավարտել ելույթը: Ուզում են մրցակիցներից ուժեղ լինել, բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով կստացվի:

«Ինձ դեռ ամենաշատն «Ուրարտու»-ն ու «Արթիկ»-ն են դուր եկել, մյուս թիմերը հավասար մակարդակի են, բոլորի հետ էլ հնարավոր է պայքարել: Ուզում եմ գնդակին ավելի շատ տիրենք, արդյունավետ գործենք ու հաջող փոխանցումներ անենք, իրար հնարավորինս աջակցենք ու ձախողումներ չգրանցենք, ինչպես եղավ «Ուրարտու»-ի հետ խաղում: Պարտությունից հետո, իհարկե, տխրեցինք, բայց եթե բավականաչափ չենք աշխատել ու մարզվել, խաղին անպատրաստ ենք եկել, հեշտ է խաղացողներին քննադատել, որ որեւէ բան սխալ են արել: Տանը դիտել եմ խաղն ու տեսել մեր սխալները, շատ բաներ կարող էինք այլ կերպ անել, բայց դեռ թիմային համագործակցույթուն չկա, դրա համար էլ բասկետբոլիստներից շատ բան պահանջել չեմ կարող: Հետագայում կփորձենք բոլոր ուժերը թողնել խաղահրապարակում»,- ավելացրել է մարզիչը:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Արփի Մալյանց/Ա-լիգա

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին