Չնայած վատ պայմաններին, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում քեզ լավ ես զգում, որովհետեւ միշտ ջերմ ու հաճելի մթնոլորտ է։ Առավոտյան հանդիպում ենք մարզիչ Արտակ Այդինյանին, որի սանն այս տարի դարձավ Եվրոպայի եւ Աշխարհի փոխչեմպիոն։
Մինչ մենք զրուցում ենք ու փորձում բացահայտել «Երիտասարդ մարզիչներ»-ի մեր հերթական հերոսին, կամաց-կամաց դահլիճ են մտնում մարմնամարզության հավաքականի անդամները եւ սկսում անցկացնել հերթական մարզումային օրը։
Մարզիկի չստացված կարիերան
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մարմնամարզության դահլիճ ես շատ ուշ եմ գնացել։ 11 տարեկան էի, երբ ծնողներս բերեցին Ազարյանի անվան մարզադպրոց ընկեր Հակոբի (Սերոբյան, Հայաստանի հավաքականի այսօրվա գլխավոր մարզիչը, խմբ․) մոտ։ Իմ տարիքայիններն այդ ժամանակ արդեն 5-6 տարվա պարապողներ էին։ Ինձ համար շատ դժվար էր, որովհետեւ ճկուն չէի ու նեղվում էի դրանից։ Փոխարենը ֆիզիկապես շատ պինդ էի ու մարզվելուց 4 տարի անց արդեն Ազարյանի խաչը կարողանում էի պահել։ Եթե անկեղծ, ապա մի անգամ մոտ 6 ամիս չեկա մարզադպրոց, որովհետեւ պտտաձողից վախենում էի ու մի ցատկ կար, որն այդպես էլ չկարողացա անել։ Նույնիսկ մինչեւ հիմա ընկեր Հակոբը կատակում է, թե փորձեմ։
Բայց այնքան շատ սիրեցի մարմնամարզությունը, որ մնացի։ Անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ չհեռացա սպորտից։ Մարմնամարզության ընտանիքում ստացա դաստիարակություն, ունեցա ծնողի պես մարզիչ, ում խորհուրդները մինչ այսօր էլ լսում եմ։
Մարզիչ դառնալու ճանապարհին
Լուսանկարը` Մեդիամաքս
Առաջին խումբը հավաքել եմ, երբ դեռ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում էի սովորում։ Նայում էի մյուս մարզիչներն ինչպես են աշխատում, շատ հարցեր էի տալիս, հետաքրքրվում։ Ես երբեք չեմ ամաչում հարցնելուց, բոլորն էլ ամբողջ կյանքում սովորում են։
Երբ առաջին անգամ մտա դահլիճ, լարված էի, բայց ամեն ինչ լավ ընթացավ։ Փորձում էի հիշել մարզչիս արածները, սովորեցրածները։ Հետո աստիճանաբար սկսեցի ավելի հանգիստ լինել, այլ աչքով նայել մարզումներին։ Փորձի հետ վստահությունն ավելանում է, գիտեմ ինչ անել, որ երեխաները շուտ սովորեն այս կամ այն տարրը։
Ինձ շատ են օգնել ու այսօր էլ օգնում են ընկեր Հակոբը, Սոսը։ Այնքան ուրախ եմ, որ իրենք կան։ Մի անգամ տղաներին մենակ էի տարել մրցման ու ավելի շատ էր լարվածությունս, պատասխանատվությունս։ Բայց երբ իրենք կողքիս են, հանգիստ եմ։ Ծնողիդ հետ ինչպես ես քեզ վստահ զգում, նույնն էլ մեր մարզիչների պարագայում է։ Նրանք մեր թիկունքն են։
Երեխաների հետ աշխատելու նրբությունները
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարզիչն առաջինը պետք է հոգեբան ու լավ մանկավարժ լինի, միայն սպորտային գիտելիքները շատ քիչ են։
Իմ մեթոդն այն է, որ երեխան կապվի ինձ հետ։ Եթե երեխան սիրում է մարզչին, սկսում է սիրել նաեւ մարզաձեւը, այդ դեպքում միասին հաղթահարում են բոլոր դժվարությունները։
Ես իմ բոլոր սաներին եմ շատ սիրում, եթե բարկանում եմ, այնպես եմ անում, որ չհիասթափվեն։ Առանձին խոսում եմ հետները, բացատրում, որպեսզի հանկարծ չկոտրվեն։ Մարմնամարզությունում չես կարող բոլորի հետ նույն կերպ պարապես։ Ամեն երեխա տարբեր բնավորություն ունի ու ամեն մեկին յուրովի ես մոտենում։ Երեխա կա, որի հետ նույնիսկ բարձր խոսելու դեպքում խառնվում է ու հանձնարարությունդ էլ ավելի վատ կատարում, իսկ մյուսն, ընդհակառակը, ավելի լավ է անում։ Շատ նրբություններ կան փոքր տարիքի երեխաների հետ աշխատելու ընթացքում, որոնց արդեն սովորել եմ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե երեխան եկել է դպրոց, բայց տվյալներ չունի՝ թույլ է կամ կազմվածքը մարմնամարզությանը չի համապատասխանում, երբեք դա իրեն չպետք է ասել։ Մենք աշխատում ենք ու նրան պատրաստում այլ մարզաձեւի համար։ Մարմնամարզություն պարապելուց հետո իրենք պատրաստ են ցանկացած սպորտաձեւի մեջ ներգրավվել։ Ունենք մի շարք դեպքեր, երբ մարմնամարզությամբ զբաղվելուց հետո տղաները գնացել են ու օրինակ՝ հաջողության հասել ըմբշամարտում։
Մարմնամարզությունում դժվար է կանխատեսել ապագան
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր էլ մեր դպրոցում շատ լավ երեխաներ կան, աշխատում ենք ու ձգտում կրկին բարձր մակարդակի մարզիկներ պատրաստել։ Ցավոք, երբեմն այդքան աշխատանքդ ջուրն է ընկնում, երբ ծնողները գալիս են ու հայտնում, որ երկրից հեռանում են։ Սա շատ ծանր եմ տանում։
Լինում է, որ ծնողները հարցնում են, թե կդառնա՞ իրենց տղան մարմնամարզիկ։ Այդ հարցին պատասխանելը դժվար է, որովհետեւ տարիներով կարող ես պարապել ու չիմանալ, թե ինչ կլինի տվյալ երեխայի հետ։ Հասունացման շրջանում նրանք շատ են փոխվում։ Ես լավ երեխա եմ ունեցել, որ մրցումից 6 ոսկե մեդալ է նվաճել, բայց հետո աճը կանգ առավ։ Գալիս է մի պահ, երբ իրենց մոտ վախ է առաջանում, ցավեր են ունենում, հիասթափվում են ու էլ չեն կարողանում շարունակել։ Եթե կարողանում ենք 13-15 տարեկանում ընկած հատվածում պահել երեխաներին, ապա արդեն ավելի հեշտ է ճանապարհ հարթել դեպի պրոֆեսիոնալ սպորտ։
Դրանից հետո արդեն ոչ մի ուշադրություն չես դարձնում ցավերին։ Պրոֆեսիոնալ սպորտը միշտ է պահանջում զոհողություններ։
Մարզչի աշխատանքի դժվարությունները
Լուսանկարը` Մեդիամաքս
Վայ, այնքան դժվարություններ կան։ Պետք է համբերություն, ճիշտ մոտեցում ունենաս, նյարդերդ ամուր լինեն։ Հեշտ չէ 5-6 տարեկանների հետ աշխատել։ Բայց դու ես ընտրել, հետեւաբար դժգոհել պետք չէ ու երբ տղաներդ հաջողությունների են հասնում, դրանից լավ բան չկա։
Մրցման ժամանակ լարվածություն լինում է, կարծես իր հետ անում եմ ողջ վարժությունը։ Բայց սա չպետք է ցույց տալ մարզիկին, հակառակը, պետք է ոգեւորել ու մղել պայքարի։
Միջազգային մրցումներից շատ բան ես սովորում։ Այն փորձ է տալիս, զգում ես մեծ պատասխանատվության ճնշումը։ Ես նայում եմ, թե ուրիշներն ինչպես են մարզվում, իրենց պահում հարթակում կամ մարզումային դահլիճում։ Սովորելը շատ կարեւոր է, միգուցե դրանցից մի բան էլ գործածեմ իմ մարզիկների հետ աշխատելու ժամանակ։
Առաջին սանի նվաճումներն ԱԱ-ում ու ԵԱ-ում
Լուսանկարը` Մեդիամաքս
Մամիկոն Խաչատրյանն ինձ մոտ պարապում է 5 տարեկանից, իմ հարազատ տղայի պես է ու աչքերին նայելով արդեն գիտեմ՝ ինչ է զգում։ Նա իմ առաջին սանն է, որ մեծահասակների Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններում դարձավ փոխչեմպիոն։ Տեսա, որ այսքան տարիների աշխատանքը զուր չի եղել։ Ինձ համար պատիվ է, մեծ հաջողություն։ Երբ մեդալով վերադարձավ, այն բերեց ու գցեց վիզս, սա ինձ համար շատ բան է նշանակում։
Մեդալները մարմնամարզության ողջ թիմինն է՝ ընկեր Հակոբինը, Հայկինը, Սոսինը, բոլորով ենք հասել դրան։ Մենք դժվարությունները կիսում ենք իրար հետ, բնականաբար, հաղթանակները եւս բոլորինս են։
Մեդալով չպետք է սահմանափակվենք ու հանգստանանք։ Նայել ենք Մամիկոնի ելույթը, քննարկել, գտել սխալներն ու սկսել աշխատել դրանց վրա, որպեսզի հաջորդ մրցմանն այլեւս չկրկնենք։
Կիսատ թողածը շարունակեն իր սաները
Լուսանկարը` Մեդիամաքս
Շատ եմ ափսոսում, որ ես ուշ եմ սկսել մարզվել, որովհետեւ տվյալներ ունեի ու կարող էի հաջողության հասնել։ Հիմա էլ ամեն առավոտ մարզվում եմ, ռեժիմ եմ պահում նախ իմ առողջության, հետո սաներիս համար։ Երբ երեխան տեսնում է, որ մարզիչը պարապում է, անձամբ է օրինակ ցույց տալիս, ավելի է ոգեւորվում։
Ես մեծ մրցումների չեմ մասնակցել, բայց այնքան ուրախ եմ, որ իմ կիսատ թողածը լրացնում են սաներս։ Չարածս ուզում եմ անեն իմ տղաները, նրանց թվում նաեւ որդիս՝ Հրաչը։
Նա 10 տարեկան է, շատ է սիրում մարզվել։ Սկզբում շատ անկառավարելի էր, ակտիվ, բայց մարմնամարզությունը շատ փոխեց նրան՝ լրջացավ ու կարգապահ դարձավ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր դպրոցում բոլորս իրար օգնելով առաջ ենք գնում։ Հաջողությունը նրանում է, որ դահլիճում չկա «իմ ու քո»։ Այնպես չէ, որ ես միայն իմ աշակերտի հետ եմ աշխատում, եթե պետք է, օգնում եմ նաեւ մյուսներին։ Ու այդ կանոնով շարժվում են բոլոր մարզիչները։ Երբ երեխան մեծանա, մեր հավաքականում է ընդգրկվելու, մեր դահլիճի անունն է բարձր պահելու։
Հակոբ Սերոբյանն է ստեղծել այսօրվա մեր մարմնամարզության հաջողությունները, դրել է գնացքի գծերի վրա, մենք էլ գնում են իր հետեւից։ Մեր մեծերի տվածը փոխանցում ենք մեր հետեւից եկողներին, որպեսզի այս ամենը շարունակական լինի»։
Արտակ Այդինյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: