244 դիտում

Պատերազմի պատճառով Իրանը կարող է բաց թողնել ԱԱ-ն, հետաձգվում են մի շարք մրցաշարեր


Լուսանկարը` AFP


ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի հենց մեկնարկից քննարկվում է տեղեկությունը, թե Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեծ հավանականությամբ չի մասնակցի ամռանը կայանալիք Աշխարհի առաջնությանը։

Տարբեր արեւմտյան լրատվամիջոցներ գրում են, որ երկիրն արդեն իսկ հրաժարվել է իր թիմն ուղարկել մրցավայր։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ասել է, որ ինքը տեղյակ չէ՝ արդյո՞ք ազգային հավաքականը կարող է Աշխարհի առաջնությունում ելույթ ունենալ, սակայն հասկացնել է տվել, որ մեծ հավանականությամբ դա այդպես էլ կլինի։

«Հաստատ է, որ այս հարձակումից ու չավարտվող ռմբակոծություններից հետո այդքան էլ մեծ չէ վստահությունը, որ կարող ենք մեկնել ԱԱ»,- հղում տալով իրանական Varzesh3-ին՝ ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի խոսքերը գրում է The Guardian-ը։

Իրանն Աշխարհի առաջնության G խմբում խաղերն անցկացնելու է Լոս Անջելեսում՝ Նոր Զելանդիայի եւ Բելգիայի դեմ, Սիեթլում՝ Եգիպտոսի դեմ։

Բացի ԱՄՆ-ից, ԱԱ-ի հանդիպումներ կայանալու են նաեւ Կանադայում ու Մեքսիկայում։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրանցի երկրպագուներին արդեն իսկ արգելվել էր մուտք գործել ԱՄՆ։

Եթե Իրանը դուրս գա Աշխարհի առաջնությունից (եւ դառնա միակ երկիրը, որն այդպես է վարվում), հարց է ծագում, թե ո՞ր հավաքականն է փոխարինելու վերջինիս։

For The Win-ի ավագ սյունակագիր Էնդրյու Ջոզեֆը գրում է, որ ՖԻՖԱ-ի կանոնագրքում նշված կետերում որոշակի բաց կա մեկնաբանություններ անելու համար, սակայն փոխարինող թիմը պետք է լինի «փլեյ-օֆֆում երկրորդ տեղը գրաված կամ տվյալ կոնֆեդերացիայի ամենաբարձր վարկանիշ ունեցող, բայց որակավորում չանցած թիմը»։

«Այդ չափանիշներով, Իրանին կարող է փոխարինել ԱՄԷ-ն (ՖԻՖԱ-ի աղյուսակում 72-րդն է), որն Ասիական ամենաբարձր վարկանիշն ունի ու նաեւ չի հաղթահարել որակավորման փուլը»։

The Guardian-ը նամակ է ուղարկել ՖԻՖԱ՝ ճշտելու հնարավոր զարգացումների մասին, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չի ստանել։ Կառույցից միայն հայտնել են, որ դեռեւս հետեւում են զարգացումներին։

Իրանն իր հերթին հարվածներ է հասցնում մի շարք արաբական երկրների, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։ Մարտի 27-ին Դոհայում նշանակված Ֆինալիսիմայի անցկացումը հարցականի տակ է։ Այդ օրն Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականները մրցելու են միմյանց դեմ, սակայն այսօր Կատարում եւս ժամանակ առ ժամանակ պայթյուններ են։

«Կատարի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարում է բոլոր մրցաշարերի ու մրցումների հետաձգման մասին, որն ուժի մեջ է մտնում այսօր։ Մրցումների վերսկսման ամսաթվերը կհայտարարվեն լրացուցիչ»,- կիրակի օրը հայտնել են Կատարի ֆուտբոլի ասոցիացիայից։

Ֆինալիսիմայի հետաձգման կամ այլ երկիր տեղափոխելու մասին վերջնական որոշում կայացնելու են միջոցառման կազմակերպիչները՝ ՈւԵՖԱ-ն եւ ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Պաշտոնական ոչինչ դեռ հայտնի չէ։

Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան էլ հետաձգել է Չեմպիոնների լիգայի մի քանի խաղեր։ Մեծ հավանականությամբ ժամանակավոր կհետաձգվի նաեւ կանանց Ասիական գավաթի խաղարկության մեկնարկը։

Մեր ընտրանին