Վերջին շրջանում համարյա չկա մի օր, որ ԶԼՄ-ում որեւէ առիթով չտեսնենք Արման Ծառուկյանի անունը: Նա ամեն հարմար առիթ օգտագործում է ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:
Մարզիկի անվան շուրջ ամենավերջին բուռն քննարկումները եղան փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ի Տամպա քաղաքում կայացած «RAF 06» ըմբշամարտի մրցաշարում աղմկահարույց պատմության մեջ ընկավ:
Ջորջիո Պուլասի հետ գոտեմարտից հետո Ծառուկյանի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք եղավ, որի մեջ կողմերն իրար են մեղադրում:
Ըստ Պուլլասի՝ գոտեմարտի ավարտից հետո նրա վրա 12 հայեր են հարձակվել, ինչից հետո հիվանդանոցում է հայտնվել.
«Ինձ պարզապես փորձում էին խմբով ծեծել, բայց իմ 62-ամյա հայրը եւ 2 եղբայրները շտապեցին օգնության: Մեզ այդպես են դաստիարակել, որ անկախ ամեն ինչից իրար պաշտպանենք: Թեեւ մենք թվով քիչ էինք, բայց միանգամից նետվեցինք մարտի: Հենց դա է իսկական սերը: Իսկ դու, Արմա՛ն, իսկական սրիկա ես: Եթե դիտել ես մենամարտը, տեսած կլինես, որ միայն ես եմ անցում արել: Նա պարզապես մի քանի անգամ հրել է ու զգուշացնելու համար միավորներ ստացել: Այնպես որ, չեմպիոնը դեռ ես եմ, փոքրի՛կս»,-ասել է Պուլլասը:
Իսկ ահա Ծառուկյանն իր մասնակցությամբ միջադեպը սոցկայքերում շատ հակիրճ է մեկնաբանել. «Շարունակիր նույն կերպ ու կտեսնես հետեւանքները» («Fuck around and find out»)։
Ըստ գոտեմարտի տեսանյութի՝ մրցավարի սուլիչից հետո Ծառուկյանն ինքն է հարձակվում մրցակցի վրա ու հարվածում նրան: Թե իրականում ով է մեղավոր եղել, դժվար է ասել, հանդիպման կազմակերպիչներն իրենք թող պարզեն հանգամանքները:
Մեր նպատակն Արման Ծառուկյան մարզիկի կերպարն ու բնութագիրը հասկանալն է: Նա իրեն որպես մեծ մարզիկ դրսեւորելու ու իր ուժը ցույց տալու հնարավորություն ստացել էր 2025 թվականին, երբ հունվարին 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարում կարող էր ռեւանշ անցկացնել թեթեւ քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչեւի դեմ ու խլել նրա գոտին:
Մարզիկները պատրաստ էին դիմակայությանը, կայացել էր նույնիսկ նրանց հայացքների մենամարտը, երբ անսպասելիորեն Արման Ծառուկյանը հրաժարվեց մենամարտից: Որպես պատճառ հայ մարզիկը նշեց մեջքի վնասվածքը: Դրանից հետո նա մեղմ ասած UFC-ում հեղինակությունը կորցրեց ու զրկվեց գոտու համար պայքարելու հնարավորությունից:
Հետագայում UFC-ի նախագահ Դանա Ուայթը ուղիղ կերպով չխոսեց մենամարտի չեղարկման մասին, բայց ակնարկեց, որ ինչ-որ բան այն չի եղել.
«Արմանի հետ տարաձայնություն չունեմ: Նա տղամարդ է ու գիտի, թե կուլիսներում ինչ է տեղի ունենում, եւ որ մենք ամեն ինչ գիտենք: Նման բաների մասին երբեք հանրային չեմ խոսում, քանի որ լրագրողները մտածում են միայն դիտումների ու թեժ պատմությունների մասին»:
Ուայթի խոսքից հայտնի է դառնում, որ դիմակայությունից հրաժարվելու այլ պատճառ է եղել. «Նա հնարավորություն ուներ պայքարելու գոտու համար, բայց քաշը չի համապատասխանել: Դրանից ավելի վատ բան անել չէր կարող, դրա համար էլ տիտղոսի համար չի կռվել: Այս գրողի տարած բիզնեսում տեղի են ունենում բաներ, որոնք տղամարդիկ իրար հետ են քննարկում: Նորից ինձ հարցնում են, թե ինչո՞ւ չի Արմանը գոտու համար մենամարտ ստանում: Նա շատ լավ գիտի, թե ինչու: Արմանը դեռ մեզ հետ է, չենք հեռացրել նրան կամ պահեստայինների նստարանին թողել: Նրա նկատմամբ որեւէ թշնամական տրամադրվածություն չունենք»:
Ու որքան Ծառուկյանը հեռանում էր գոտում համար պայքարից, այնքան աղմկոտ ու բուռն էին դառնում նրա զրույցներն ու սպառնալիքները մրցակիցներին:
«Լավ է, երբ ընտանիքդ հարուստ է: Զանգահարում եմ հայրիկիս ու ասում. «Ինձ 500 հազ. դոլար ուղարկիր, ուզում եմ մեքենա գնել»: Եթե պարզապես հարուստ տղա ես ու հորդ փողերն ես վատնում, ապա անբանի մեկն ես: Բայց եթե քո գործով ես զբաղված ու հայրդ քեզ գումար է տալիս, լիարժեք իրավունք ունես այն ծախսելու»:
Լուսանկարը` Անձնական արխիվ
Երբ նախորդ տարի Իլյա Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Չարլզ Օլիվեյրային եւ դարձավ UFC-ի թեթեւ քաշային կարգի նոր չեմպիոնը, Ծառուկյանն այսպես ասաց. «Նրա դեմ Չարլզը չէ, որ պետք է մենամարտեր: Ես կարող եմ Իլյայի վերջը դնել, ամեն ինչ պարզ է: Նա էլ այդ մասին գիտի: Ահա թե ինչու է խուսափում թիվ մեկ թեկնածուի հետ հանդիպել»:
Իսկ Կատարում կայացած UFC մրցաշարում ավստրալացի Դեն Հուքերին 2-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելուց հետո Արման Ծառուկյանն այսպես մեկնաբանեց հաջողությունը. «Այս դիվիզիոնում գոտու միայն մեկ հավակնորդ կա՝ ես եմ։ Բոլորը գիտեն, որ ես պետք է տիտղոսի համար մենամարտելու հնարավորություն ստանամ: Աշխարհում լավագույնն եմ ու դեռ չեմպիոն կդառնամ, շատ անգամներ կպաշտպանեմ տիտղոսն ու UFC-ի բոլոր ռեկորդները կգերազանցեմ»։
Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք Ծառուկյանին չեմպիոնի կարգավիճակում տեսնել, բայց, եթե անկեղծ, վերջին շրջանում նրա՝ որպես մարզիկ կերպարը ավելի շատ վանում է, քան համակրանք առաջացնում: Ծառուկյանի հրապարակումներն ավելի շատ անհանգստանալու ու մտահոգվելու առիթ են տալիս:
Հայաստանը միջազգային մակարդակում այնքան էլ շատ հայտնի մարզիկներ չունի, որոնց մասին հայտնի ԶԼՄ-ը պարբերաբար գրում են: Արդեն շատ երկար տարիներ այդ առումով անփոխարինելին Հենրիխ Մխիթարյանն է, որը գլուխը կախ ու առանց ավելորդ աղմուկի իր աշխատանքով է զբաղվում:
Ու որպես նրան հակադրություն ունենք Արման Ծառուկյանին՝ ամեն ինչ մեկնաբանող, իր փողերով ու ավտոմեքենաներով գլուխ գովացող, ուտելիքների չափաբաժիններով ու «չտեսությամբ» աչքի ընկնող, վարսավիրի մոտ համարյա ամեն այցը ցուցադրող:
Մինչեւ Մախաչեւի հետ մենամարտը Ծառուկյանւ եւս հավասարակշռված ու հանգիստ մարզիկի տպավորություն էր թողնում, բայց բավական է մտնել նրա սոցկայքեր ու հետեւել 2025 թվականի հրապարակումներն ու կտեսնենք այլ մարդու: Դժվար է հասկանալ ու բացատրություն տալ նրան, թե ինչիպիսին է դարձել:
Հնարավոր է ժամանակները փոխվել են ու ոմանց համար նորմալ է 7 մեղքերից մեկը համարվող որկրամոլության դրսեւորումները, երբ աշխարհում ու Հայաստանում ամեն տարի ավելանում է աղքատության մեջ ապրող մարդկանց շեմը: Գուցե ոմանց համար Ծառուկյանի հրապարակումները զավեշտալի են թվում, բայց երեւի դրանց համար պետք է հատուկ հումորի զգացում ունենալ:
Մարզիկները նաեւ օրինակ ու ոգեշնչման աղբյուր են, բացառություններ, իհարկե, լինում են, բայց հիմնականում նրանց նայելով են երեխաները սիրահարվում որեւէ սպորտաձեւի եւ ցանկանում նմանվել տվյալ մարզիկին: Հասկանալի չէ, թե ինչ օրինակ է Ծառուկյանը տալու ապագա մարզիկներին ու առհասարակ երեխաներին: Էլ չասած, որ որոշ արդեն կայացած մարզիկների վրա էլ նրա ազդեցությունը բավական վատ է անդրադառնում:
Ծառուկյանն աստիճանաբար սկսում է նմանվել աշխարհահռչակ Ֆլոյդ Մեյվեդերին, որն իր բազմաթիվ գոտիները նվաճելուց ու փառքի հասնելուց հետո կորցրել էր գլուխը եւ աջ ու ձախ փողերն ու ոսկիներն էր ցուցադրում: Ի վերջո, սահմաններ գոյություն ունեն, որոնցից այն կողմ ամեն բան գռեհկության ու ցուցամոլության է վերածվում:
Հասմիկ Բաբայան






























