Նոյեմբեր 25, 2025
exclusive
255 դիտում

Տիտղոսակիր ֆուտբոլիստ, տաղանդավոր մարզիչ ու սկզբունքային մարդ. Հրաժեշտ Նիկիտա Սիմոնյանին


Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` FC Spartak

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` FC Ararat

Լուսանկարը` FC Ararat

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` RFC

Լուսանկարը` TASS


Նոյեմբերի 23-ի երեկոյան 99 տարեկանում կյանքից հեռացավ հայկական ֆուտբոլին ամենամեծ հաղթանակները բերած լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:

Իր երկարակեցության մասին նա սովորաբար ասում էր, որ պարզապես պետք է «ապրել նորմալ մարդկային կյանքով»: Ու իր 99 տարիները հենց այդ սկզբունքով էլ անցկացրեց, եղավ տիտղոսակիր ֆուտբոլիստ, տաղանդավոր մարզիչ ու սկզբունքային մարդ: 

Հայկական ընտանիքը

Սիմոնյանի մեծ ճանապարհորդությունը սկսվել է 1926 թվականին, երբ արմավիրցի կոշկակար Պողոսի ընտանիքում Մկրտիչ անունով տղա ծնվեց: 

«Մի անգամ հայրիկիս հարցրի. «Ավելի բարդ անուն չէի՞ր կարող մտածել», իսկ նա պատասխանեց. «Իսկ գիտե՞ս, թե ինչ է Մկրտիչը նշանակում» ու բացատրեց»,- հիշել է Սիմոնյանը:


Հազիվ էր սկսել քայլել, երբ սիրահարվեց ֆուտբոլին: Այդ ժամանակ բակի երեխաները նրան Նիկիտա անունը տվեցին, որպեսզի խաղի ամենաթեժ պահին կարողանան ազատ դիմել: Մկրտիչ արտասանելը նրանց համար բարդ էր: 

«Պապիկս Ցեղասպանությունից հազիվ փրկվելով՝ հաստատվել է ռուսական Արմավիրում: Մեծացել ենք հայկական ավանդույթներով։ Հիշում եմ, թե ինչպես էր երեխա ժամանակ հայրս բարկանում իմ ու քրոջս վրա եւ միշտ կրկնում. «Խոսեք հայերեն»։ Հայրս կոշկակար էր ու ինձ նախատում էր, երբ խաղից հետո տուն էի վերադառնում պատառոտված կոշիկներով։ Նա ասում էր. «Դադարեցրու զբաղվել այդ խուլիգանական խաղով, թույլ տուր քեզ սովորեցնեմ մի արհեստը, որը կօգնի պահել ընտանիքդ»»։ 

Լուսանկարը` RFC


Ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին առաջին խոչընդոտը հենց հոր կողմից էր, նա ոչ մի կերպ չէր համաձայնվում, որ որդին կյանքը կապի սպորտի հետ: Որդուն փաստաբանի դերում էր տեսնում, ու միայն տարիներ անց իր միտքը փոխեց:  

«Մի անգամ, երբ արդեն խաղում էի «Սպարտակ»-ում ու ճանաչում էի ձեռք բերել, առողջարանում հանգստացող մի քանի զինվորներ շուկա էին գնացել ու նրանցից մեկին՝ գնդապետին, հարցրել էին. «Գիտե՞ք, թե ով է այս մարդը: Նիկիտա Սիմոնյանի հայրն է»։ Ոգեւորված զինվորականները նրան ձեռքերի վրա թափահարել էին: Հայրս ամաչելով տուն էր եկել, ու մայրս նրան ստիպել էր ինձնից ներողություն խնդրել:

Բայց դրանից հետո դեռ երկար ժամանակ էլ հայրս չէր հասկանում, թե ինչով եմ զբաղվում: Բավական մեծ տարիքում Մոսկվայում ներկա եղավ «Սպարտակ»-ի խաղին, որում 2 գոլ խփեցի ու մենք հաղթեցինք: Ամբողջ մարզադաշտը վանկարկում էր. «Նի-կի-տա»։ Խաղից հետո հայրս քրոջս խնդրել էր իր փոխարեն ինձնից ներողություն խնդրել»: 

Հոր օրինակը

1930-ականներին, երբ Սիմոնյանը 4 տարեկան էր, ընտանիքն Արմավիրից տեղափոխվեց Սուխում: Մոսկովյան «Կռիլյա Սովետով»-ի կազմում երիտասարդ Սիմոնյանը «Դինամո»-ի դեմ խաղում նորամուտը նշեց հենց Սուխումում: 

Լուսանկարը` RFC


«Իհարկե, ուրախ էի երկար ընդմիջումից հետո իմ ընտանիքին, սիրելիներին ու ընկերներին տեսնելու համար։ Սակայն խաղից առաջ անսպասելիորեն խնդիրներ առաջացան, բայց ոչ թե ինձ համար, այլ իմ պատճառով: Մեր տունը խուզարկել էին ու հորս ձերբակալել»։  

Պարզվեց, որ Սիմոնյանով հետաքրքրվել էր Թբիլիսիի «Դինամո»-ն ու նրա հոր ձերբակալությունը շանտաժի միջոց էր: 19-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում խփեց հաղթական գոլն, ինչից հետո շտապեց բանտում հորը տեսակցելու: Պողոս Սիմոնյանը որդուն խնդրեց չենթարկվել վրացական իշխանությունների պահանջին ու հետեւել իր սրտին: Արդյունքում նրան մի քանի օրից ազատ արձակեցին, իսկ հոր սկզբունքայնությանը Նիկիտա Սիմոնյանը հետեւից մինչեւ իր կյանքի վերջը:

Որոշիչ «ոչ»-երը

Երբ «Կռիլյա Սովետով»-ը լուծարվեց, Սիմոնյանը 2 տարբերակ ուներ՝ խաղալ «Սպարտակ»-ում կամ «Տորպեդո»-ում, ու նա ընտրեց առաջինը: Ակումբ տեղափոխվելու ճանապարհին նա մի քանի ազդեցիկ մարդկանց, այդ թվում՝ Մոսկվայի ավտոմոբիլային ԱՄՕ գործարանի տնօրեն Իվան Լիխաչեւին մերժեց, որը կանգնած էր «Տորպեդո»-ի հիմնադրման ակունքներում: «Սպարտակ»-ն այդ ժամանակ համաշխարհային պատերազմից նոր էր վերականգնվում ու հայտնի չէր, թե թիմն ինչ հաջողությունների կհասնի:

«Լիխաչովն անկեղծորեն չէր կարողանում հասկանալ, թե ինչու չէի ուզում պաշտպանել ավտոմոբիլային հսկայի պատիվը, այլ ընտրեցի, ինչպես ինքն էր ասում, արդյունաբերական կոոպերատիվը։ Հիմնական պատճառն այն էր, որ իմ առաջին մարզիչները՝ Աբրամ Դանգուլովը եւ Վլադիմիր Գորոխովը տեղափոխվել էին «Սպարտակ»։ Բացի այդ էլ, ինձ դուր էր գալիս «Սպարտակ»-ի բնավորությունը»։ 

Լուսանկարը` FC Spartak


Եվ իր 3-րդ «ոչ»-ը Նիկիտա Սիմոնյանն ասաց Ստալինի որդուն՝ գեներալ Վասիլիին: Նա 1951 թվականին հարձակվողին հրավիրում էր միանալ Ռազմաօդային ուժերի հավաքականին։ 

«Կիսլովոդսկում հանգստանում էի, երբ հանկարծ Վասիլի Ստալինն իմ հետեւից ինքնաթիռ ուղարկեց: Արդյունքում ստիպված էի վերադառնալ Մոսկվա, որտեղ ինձ անմիջապես տարան Ստալինի մոտ: Նա ինձ ողջունեց ու ասաց. «Մորս գերեզմանի մոտ երդվել եմ, որ դու կլինես իմ թիմում: Իսկ ես հաճախ չեմ նման երդումներ տալիս»»։ 

Ցանկացած մեկը կշփոթվեր ու կվախենար, բայց Նիկիտա Պավլովիչն անկեղծորեն խոստովանեց իր սերը «Սպարտակ»-ի նկատմամբ։ 

«Նա ինձ ավելի լավ պայմաններ առաջարկեց, քան «Սպարտակ»-ում ունեի, բայց դիմացա հայտնի գեներալի ճնշմանը, ինչից հետո նրա հրամանով ինձ համար գնացքի տոմս գնեցին»։ 

Վասիլի Ստալինը խորապես տպավորվել էր Սիմոնյանի անսասանությամբ ու սկզբունքայնությամբ: 

«Մի անգամ Սերգեյ Սալնիկովի հետ դուրս էինք գալիս «Արագվի» ռեստորանից ու հանդիպեցինք Ստալինին։ Շատ ուրախացավ, մոտեցավ ու գրկեց ինձ. «Այնքան կուզեի հետդ ֆուտբոլից խոսել»: «Ցանկացած ժամանակ ու պարտադիր չէ, որ միայն ֆուտբոլի մասին»,- պատասխանեցի նրան: Բայց այդպես էլ չհանդիպեցինք»։

Լուսանկարը` RFC


Այս երեք համարձակ մերժումները որոշեցին ոչ միայն Սիմոնյանի ճակատագիրը, այլեւ «Սպարտակ»-ի ու ռուսական ֆուտբոլի զարգացման ուղղությունը։ Նիկիտա Սիմոնյանը Իգոր Նետտոյի, Նիկոլայ Դեմենտեւի, Սերգեյ Սալնիկովի ու եւս մի քանի աստղերի հետ վերակենդանացրեց հիվանդ ակումբը՝ ստեղծելով պատմության ամենագեղեցիկ թիմերից մեկը։ 

«Սպարտակ»-ի հիմնադիր Նիկոլայ Ստարոստինը Սիմոնյանի մասին ասել է. «Եթե Նիկիտային երկու մասի բաժանենք, մի կեսը կարմիր կլինի, մյուսը՝ սպիտակ»: Իսկ Սիմոնյանն ինքն ասում էր. «Ես դուրս էի գալիս խաղադաշտ, որ իմ խաղից հաճույք ստանալու համար ստադիոն եկած երկրպագուների առաջ հաշվետու լինեմ»:
320 խաղ, 180 գոլ, տասնյակ ռեկորդներ, Օլիմպիական ոսկի, 7 չեմպիոնություն ու 6 գավաթ՝ ներառյալ մարզչի կարգավիճակում: Սակայն թվերն ունակ չեն փոխանցելու այն մեծ ներդրումը, որը նա ունեցել է խորհրդային ու նաեւ հայկական ֆուտբոլում: 

Օլիմպիական ոսկին

Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ-ի հավաքականի հետ լավագույնն է ճանաչվել Մելբուռնի Օլիմպիական խաղերում: Այդ ժամանակ Սիմոնյանն արդեն 30 տարեկան էր: Օլիմպիական մրցաշարին ընդամենը 11 թիմ էր մասնակցում, քաղաքական նկատառումներից ելնելով՝ 5-ը հրաժարվել էր ելույթ ունենալ: 

Լուսանկարը` RFC


ԽՍՀՄ-ի ընտրանին առաջին անգամ չեմպիոն հռչակվեց դեկտեմբերի 8-ին: Բոլորը զարմացել էին, որ Ստրելցովի փոխարեն Հարավսլավիայի դեմ եզրափակչին մասնակցում էր Սիմոնյանը: Հայ ֆուտբոլիստը պատմել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Գավրիլ Կաչալինը Ստրելցովի վնասվածքից հետո իրեն, այլ ոչ թե Վալենտին Իվանովին է նախապատվությունը տվել: Մարզիչը որոշել էր եզրափակչում խաղադաշտ դուրս բերել «Սպարտակ»-ի ուժեղ 5-յակը: 

Մյուս վարկածի համաձայն՝ Սիմոնյանն այդ խաղին մասնակցեց Անաստաս Միկոյանի միջնորդությամբ: Նշվում է, որ նրա որդին դժգոհություն էր հայտնել, որ հավաքականում ընդգրկված միակ հայը խաղաժամանակ չի ստանում, իսկ Միկոյանը մի քանի հեռախոսազանգ էր կատարել ու հասնել նպատակին: Սիմոնյանն ինքն այդ տարբերակն անհեթեթություն էր համարում: 

Այն ժամանակ Օլիմպիական ոսկե մեդալներ էին տրվում միայն մեկնարկային կազմում հայտնված 11 խաղացողներին, ու նրանից մեկն էլ Սիմոնյանն էր: 

«Ինձ համար Օլիմպիական մեդալն ամենաթանկն է: Զգացի, որ իմ պարտքն է այն տալ Էդուարդ Ստրելցովին, որն Ավստրալիայում ավելի շատ խաղեր էր անցկացրել։ Բայց Էդուարդը հրաժարվեց՝ ասելով, որ դեռ շատ հաղթանակներ կունենա. «Իսկ դու, Նիկիտա, արդեն մեծ ես»։ Խորին հարգանքով եմ վերաբերվում նրա հիշատակին, մեծ ֆուտբոլիստ ու մարդ էր»:

Լուսանկարը` RFC


«Արարատ-73»-ը

1973-ը «Արարատ» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ մտավ որպես «Ոսկե դուբլի» տարի: Թիմն առաջին անգամ երկրի չեմպիոն ու գավաթակիր դարձավ: Այդ տպավորիչ տարվա ու հաղթանակներին հասնելու ճանապարհի մասին Սիմոնյանը պատմել է russia-armenia.info-ի հետ զրույցում.

«Նախ շատ երջանիկ եմ, որ կարողացա իմ պատմական հայրենիքի համար նման մեծ նվաճման հասնել: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ մեզ հաջողվեց ոսկե մեդալների հասնել միանգամից երկու մրցաշարում: Անկասկած, 1973-ն իմ սպորտային կարիերայում ամենաբարդ, բայց նաեւ ամենակարեւոր տարիներից մեկն էր:

Երբ 1973 թ. առաջարկեցին գլխավորել ակումբը, ինձ համար նոր փորձ էր, մինչ այդ որպես ֆուտբոլիստ ու մարզիչ միայն մեկ ակումբի հետ էի կապված եղել՝ «Սպարտակ»-ի: Բայց երկար չմտածեցի, քանի որ Հայաստանն ինձ համար հարազատ երկիր է, բացի այդ էլ թիմը հետաքրքիր ու պատրաստված էր: Նախկին մարզիչները շատ լավ աշխատանք էին տարել: 

Սկզբում ամեն ինչ բարդ էր, պետք էր խաղացողների հետ զրոյից հարաբերություններ կառուցել: Խստապահանջ էի կարգապահության ու մարզումային պրոցեսի նկատմամբ, իսկ «Արարատ»-ում այն ժամանակ հավաքվել էր ինքնատիպ ու փորձառու խաղացողների աստղաբույլ, որը 1971-ին արծաթե մեդալակիր էր դարձել: Ոչ բոլորը դրական ընդունեցին իմ մեթոդները: 

Լուսանկարը` FC Ararat


Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ մի քանի խաղացողների նույնիսկ ստիպված էի ուղարկել պահեստային թիմ։ Մի քանի խաղ բաց թողնելուց հետո նրանք եկան ինձ մոտ ու ներողություն խնդրեցին, անկեղծ զրույց ունեցանք ու հասկացանք միմյանց, դրանից հետո էլ երբեք այդ թեմային չվերադարձանք: Անդրեասյանն այդ մրցաշրջանի հերոսներից մեկը դարձավ: Չնայած հիմա էլ դժվարանում եմ որեւէ մեկին առանձնացնել։

Արտակարգ խաղ ցուցադրեց Էդուարդ Մարկարովը, Լեւոն Իշտոյանն ու Նիկոլայ Ղազարյանը փայլեցին հարձակման գծում, կենտրոնում հիանալի համագործակցեցին  Սերգեյ Բոնդարենկոն ու Հովհաննես Զանազանյանը, իսկ պաշտպանությունն ապահովում էր Ալեքսանդր Կովալենկոյի, Նորայր Մեսրոպյանի եւ Արմեն Սարգսյանի հուսալի խաղը, նրանց էլ փրկում էր մեր հրաշալի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը։ Մնացած խաղացողներն էլ չէին զիջում նրանց ու նույնպես գերազանց մարզավիճակում էին, ամբողջ թիմը բարձրակարգ ֆուտբոլ խաղաց։ Մրցաշրջանի ընթացքում մեզ հաջողվեց հանդերձարանում եւ խաղադաշտում լիարժեք փոխըմբռնում հաստատել, ինչում իր վճռորոշ դերը խաղաց թիմի ավագ Զանազանյանը:

Առաջին տուրերից հետո զգացի թիմի ներուժը, հավաքեցի բոլորին ու ասացի. «Ձեր ժամանակն է ապացուցելու, որ արժանի եք այս տարի դառնալ ԽՍՀՄ-ի չեմպիոն»։

Մրցակիցներն ու հատկապես Կիեւի «Դինամոն» շատ ուժեղ էին: Մոսկվայի բոլոր թիմերը նույնպես պայքարի մեջ էին:



Գավաթի դրամատիկ եզրափակչի ավարտից մի քանի րոպե առաջ «Դինամո»-ն առաջ էր 1:0 հաշվով եւ վերահսկում էր խաղը։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սեւիդովը գնաց իր կոստյումը հագնելու, որպեսզի մասնակցի պարգեւատրման արարողությանը: Իսկ այդ ընթացքում 2-րդ մարզիչ Միխայիլ Կոմանը որոշեց 2 փոփոխություն կատարել՝ երիտասարդ խաղացողներին հնարավորություն տալով սպորտի վարպետի կոչման արժանանալ: Նա հարձակվողների փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 2 պաշտպանի՝ Օլեգ Բլոխինին ու Լեոնիդ Բուրյակին։ Սակայն խաղավարտից մեկ րոպե առաջ Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը, եւ խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Մեր հանդերձարանը մի փոքր ներքեւ էր, երբ անցնում էի մրցակցի սենյակի կողքով, լսեցի Բլոխինի եւ Կոմանի բուռն վիճաբանությունը։ Մտնելով հանդերձարան՝ հավաքեցի թիմին ու ասացի. «Մենք հենց նոր ձեզ հետ դուրս եկանք դագաղից ու  հիմարություն կլինի այնտեղ վերադառնալը: Ընդամենը 30 րոպե ունենք բոլորին ապացուցելու, որ արժանի ենք այս հաղթանակին»: 

Խնդիրն այն էր, որ լրացուցիչ ժամանակում ոչ-ոքի գրանցելու դեպքում խաղը կշարունակվեր հաջորդ օրը: Լավ գիտեի, որ կիեւցիները մեզնից ֆիզիկապես ավելի ուժեղ են, եւ հանգստանալու դեպքում ավելի ամուր կլինեն: Բարեբախտաբար, մեր Լեւոնիկը հիանալի հարվածով խփեց 2-րդ գոլը ՝ «Արարարտ»-ին պարգեւելով ԽՍՀՄ-ի գավաթում առաջին հաղթանակը:

Լուսանկարը` FC Ararat


Դժվար է բառերով բացատրել, թե ինչ էինք զգում այն ժամանակ: Բառացիորեն լցվեցինք ուրախությամբ, հպարտությամբ ու մեր ժողովրդի հետ լիակատար միասնության զգացումով։ 50 տարի անց էլ այդ զգացմունքներն ու հույզերը դեռ ապրում են իմ մեջ։ Մենք զգացինք մեր երկրպագուների աջակցությունն ու սերը, ասես ողջ Հայաստանն էր տոնում մեզ հետ: 

Բայց Գավաթը նվաճելուց հետո առաջնությունում դեռ 4 խաղ ունեինք: Միավորներով համարյա հավասար էինք «Դինամո»-ի հետ, որն ուզում էր վրեժ լուծել եզրափակչում կրած պարտության համար։ Վերջին տուրում տանը խաղում էինք «Զենիթ»-ի դեմ եւ մեզ համար կարեւոր էր չեմպիոնի տիտղոսը նվաճել «Հրազդան»-ում։ Այդ օրը շատ լավ եմ հիշում՝ մարզադաշտը լեփ-լեցուն էր, երկրպագուները եկել էին պաստառներով ու աներեւակայելի կերպով ոգեւորում էին մեզ: 

Երկրորդ խաղակեսում Ալմաթիից լավ լուր ստացվեց՝ «Կայրաթ»-ը հաղթել էր Կիեւի «Դինամո»-ին, որն այլեւս չէր կարող հասնել մեզ: Երեւանում ցուցատախտակին 2:2 էր, բայց կտրականապես արգելեցի ֆուտբոլիստներին այդ լուրը հայտնել՝ պարտավոր էինք հաղթել: Խաղավարտին հաղթական գոլը խփեց Մարկարովը՝ 3:2:  

Ապացուցեցինք, որ «Արարատ»-ն ոչ միայն ուժեղ թիմ է, այլեւ ամենակայունը, որն արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: Մարզադաշտում տիրող մթնոլորտը աննկարագրելի էր՝ երկրպագուները տոնում էին, երգում, ցնծում, տրիբունաներից տուն չէին գնում, ազգային տոնակատարություն էր»։

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին