Հուլիս 08, 2025
180 դիտում

Մեկ կադրում. Կյանքի ու մահվան սահմանագծին՝ դարպասապահի կյանքը փրկած բժիշկը


Լուսանկարը` minutemediacdn.com

Լուսանկարը` minutemediacdn.com


1989 թվականի մարտի 22-ին ԱՄՆ-ի հոկեյի ազգային լիգայի «Բուֆալո»-«Սենթ Լուիս»   հանդիպման ժամանակ դժբախտ պատահար տեղի ունեցավ: Խաղային դրվագում չմուշկի շեղբը կտրեց կանադացի դարպասապահ Քլինթ Մալարչուկի պարանոցը՝ վնասելով նրա քնային զարկերակն ու պարանոցի երակը։ 

Հենց այդ միջադեպի մասին էլ պատմելու ենք Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

Սառույցի վրա հոսող արյան տեսարանն այնքան սահմռկեցուցիչ էր, որ հանդիսականներից 11-ը չդիմացան եւ ուշաթափվեցին, երկուսը սրտի կաթված ստացան, մի քանի խաղացողներ էլ փսխեցին հենց սահադաշտի վրա: 

Մարզասրահում գտնվող միակ մարդը, ով խուճապի չմատնվեց ու չվախեցավ, «Բուֆֆալո Սեյբրեսի» բժիշկ ու Վիետնամի պատերազմի վետերան Ջիմ Պիցուտելին էր։ Նրանից ընդամենը 14 վայրկյան պահանջվեց, որպեսզի պահեստայինների նստարանից հասնի Մալարչուկին: Պիցուտելին չափազանց արագ գնահատեց իրավիճակն ու մատները մտցրեց վերքի մեջ, սեղմեց կտրված երակն ու Քլինթին տարավ հանդերձարան, որտեղ նրան սպասում էին մնացած բժիշկները:

«Գիտեի, որ մայրիկս դիտում է «Սենթ Լուիս»-ի հետ խաղը։ Երբ գիտակցեցի, թե ինչ է տեղի ունեցել, պարզապես ուզում էի հեռանալ հրապարակից, որպեսզի նա չտեսնի, թե ինչպես եմ մեռնում: Հանդերձարան գնալու ճանապարհին տեսա սառած ու վախեցած դեմքերով ինձ նայող մարդկանց: Խնդրեցի քահանա բերել եւ մայրիկիս ասել, որ սիրում եմ նրան», - հետագայում պատմել է Մալարչուկը։

Լուսանկարը` minutemediacdn.com


Մինչդեռ Պիցուտելին այդ նույն պահին հուսահատորեն փորձում էր դարպասապահին հետ բերել այն աշխարհից: Նա ամբողջ ծանրությամբ հենվել էր Մալարչուկի պարանոցին ու զգուշացրել. «Երբ ցանկանաս շնչել, ինձ նշան տուր»:

Հենց որ Մալարչուկը սկսում էր խեղդվել, Պիցուտելին թուլացնում էր ճնշումը, այդ ժամանակ արյունը նորից էր սկսում դուրս ցայտել վերքից: Այդպես էլ հասան հիվանդանոց։

Մալարչուկին 300 կար դրեցին, նա կորցրեց արյան մեկ երրորդը։ Եթե կտրվածքը 3 միլիմետր ավելի բարձր լիներ, Քլինթը կմահանար հենց մարզադաշտում։ Եթե նա սահադաշտի մուտքի հակառակ կողմի դարպասում կանգնած լիներ, նրան հիվանդանոց հասցնելու ժամանակ չէր մնա: Եթե Ջիմ Պիցուտելլին մասնակցած չլիներ Վիետնամի պատերազմին․․․ եթե-ները շատ են, պարզապես այդ օրը Մալարչուկը պետք է ապրեր: 

Հաջորդ օրը դուրս գրվեց հիվանդանոցից ու տուն գնաց, իսկ 11 օր անց արդեն սառույցին էր, որտեղ երկրպագուները բուռն ծափահարություններով դիմավորեցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին