Բասկետբոլի Ա-լիգան այս տարի մեկնարկեց գարնանը, իսկ մասնակցող թիմերը վեցն են։
Դրանցից մեկն «Արթիկ»-ն է, որը ներկայացնում է համանուն քաղաքը եւ միշտ ակտիվ ու ջերմ երկրպագուներով լի դահլիճ ապահովում։ Ծանոթանանք «Արթիկ»-ի հետ ու փորձենք հասկանալ, թե այս մրցաշրջանում ակումբն ինչ խնդիրներ է դրել իր առջեւ։
«Արթիկ»-ը մեծ ոգեւորությամբ է սկսել պայքարը
Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա
2017 թվականից, երբ մեկնարկել է Ա-լիգայի 1-ին մրցաշրջանը, Գոռ Մովսիսյանն աշխատում է որպես «Արթիկ»-ի գլխավոր մարզիչ։ Այն ժամանակ թիմը լիգայում զբաղեցրել է 2-րդ տեղը եւ դարձել Հայաստանի չեմպիոն։
«Լիգային պատրաստվելու աշխատանքները սկսել ենք ապրիլից։ Սկզբում ուզում էինք բացառապես տեղի ուժերով համալրվել, հետո հասկացանք, որ կարելի է 1-2 լեգիոներ հրավիրել ու նպատակը լինի ոչ միայն մասնակցելը, այլ նաեւ դեպի չեմպիոնություն գնալը։ Դավիթ Խաչատրյանը եւ Հայկազ Գրիգորյանն այլ քաղաքներից են, մնացածները ներկայացնում են Արթիկը։ Իսկ ահա Չիկագոյից ժամանած Քսավիերն ու Քոբին եղբայրներ են, որոնց լիգայի նախագահ Արա Պողոսյանի օգնությամբ գտանք։
Թիմում ունենք 16 տարեկանների հավաքականից երեք շատ հեռանկարային խաղացող, 24-25 տարեկանների ընտրանուց եւս երիտասարդներ կան, իսկ ազգային թիմից Մխիթար Վարդանյանն է։
Այս տարի կայանալու են Համահայկական խաղերը, որոնց մի մասն Արթիկում են լինելու։ Շատ ենք ուզում լավ թիմ ունենալ ու մեր քաղաքում տպավորիչ հանդիպումներ անցկացնել։ Ա-լիգան մեզ հնարավորություն տվեց, որպեսզի ավելի լավ պատրաստվենք, փորձ հավաքենք ու ձեւավորվենք որպես թիմ»։
Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա
Մովսիսյանը գտնում է, որ բոլորին համախմբում է բասկետբոլը, որի շուրջ կառուցվում է իր ու ողջ թիմի ամբողջ աշխատանքը։ Տարբեր մտածելակերպի բասկետբոլիստների միջեւ եղած տարբերությունն էլ փորձում են ուղղել ։
«Ամերիկյան ու եվրոպական բասկետբոլը տարբեր է։ Քանի որ արդեն բացի մարզումներից նաեւ հանդիպումներ ենք անցկացնում, ձգտում ենք հասնել նրան, որ թիմը գործի որպես միասնական օրգանիզմ, հավասարապես աշխատի եւ պաշտպանությունում, եւ հարձակման գծում։ Նկատում եմ, որ պաշտպանությունից առայժմ կաղում ենք, ունենք տուգանային ու 3-միավորանոց նետումների ցածր արդյունավետություն, բայց նոր ենք պայքարի մեջ մտել ու ճիշտ աշխատելու շնորհիվ կկարողանանք ուղղել բացերը։ Փորձելու ենք ցույց տալ տաք սրտով պաշտպանություն ու սառը գլխով հարձակում։
Իմ տղաներին ասում եմ, որ կապ չունի ում դեմ են խաղում՝ ամենաուժեղի, թե թույլի, պետք է կենտրոնացած մտնեն դահլիճ, հարգեն մրցակցին, խաղան լավ պաշտպանություն ու թիմային բասկետբոլ»։
Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա
Ըստ «Արթիկ»-ի գլխավոր մարզչի՝ Ա-լիգայում այս տարի լավ թիմեր են հավաքվել։ Չնայած պայքարը նոր է սկսվել ու հետեւություններ կարող է անել ավելի ուշ, բայց ընդհանուր առմամբ հետաքրքիր պայքար է ակնկալում։ Նա գտնում է, որ կհաղթի այն թիմը, որն ավելի կենտրոնացած է, մեծ ձգտում ունի եւ ում խաղն ավելի լավ կընթանա։
«Մեր նպատակը լավագույն եռյակում տեղ գտնելն է ու Համահայկական խաղերին պատրաստվելը։ Բացի այդ, հնարավոր է աշնանը սկսվի Հայաստանի կանոնավոր առաջնությունը, Ա-լիգան այս առումով շատ լավ նախապատրաստական փուլ կլինի»։
Արթիկում բասկետբոլ շատ են սիրում եւ մեծ ոգեւորությամբ սպասում, թե երբ է հարազատ թիմը հանդես գալու սեփական հարկի տակ։ Մինչ այդ Մովսիսյանի սաները ելույթ են ունեցել միայն Երեւանում։ Թիմը մարզվում է Արթիկում ու խաղից առաջ է ժամանում մրցավայր։
Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա
«Մոտ երկու ժամվա ճանապարհ է։ Արթիկում օդը սուր է ու սառը, իսկ Երեւանում արդեն սկսվում է շոգ եղանակը: Սրանք մի քիչ ազդում են տղաների վրա, սակայն կարծում եմ նրանք կսովորեն ու կհարմարվեն։
Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք նաեւ մեր քաղաքում խաղեր անցկացնելու։ Ճիշտ է, մեր դահլիճը փոքր է, բայց միշտ լիքն է լինում։ Տան պատերն էլ օգնում են, մեր երկրպագուների ներկայությամբ խաղալը ոգեւորում է։ Նրանք նաեւ Երեւանում են գալիս մեզ աջակցելու, ինչի համար շատ շնորհակալ ենք»։
Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա
«Արթիկ»-ում գտնում են, որ Ա-լիգան բացի դիտարժանությունից ու գեղեցիկ հանդիպումներից, նաեւ կարեւոր հարթակ է երեխաների համար, ովքեր սկսում են հետաքրքրվել բասկետբոլով։
«Հոսքը շատանում է, երեխաները տեսնում են, թե ինչպիսի մարզաձեւ է, սկսում են իրենք էլ մարզվել։ Նրանք, ովքեր արդեն զբաղվում են, ոգեւորվում են ու ձգտում ուժեղանալ։ Արթիկում ունենք պատանիներ, ովքեր հիմա ամեն ինչ անում են, որ գոնե հնարավորություն ունենան մարզվել առաջին թիմի հետ»։
Ավանդույթներ ունեցող թիմը ձգտում է լավագույնին
Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա
Արթիկում բասկետբոլի հիմնադիրներից Յուրի Նահապետյանը երկար տարիներ եղել է քաղաքի մարզադպրոցի տնօրենը, իսկ հիմա աշխատում է որպես մարզիչ։ Նա «Արթիկ»-ի գլխավոր թիմին շարունակում է օգնել, իսկ նրա սաների մի մասն էլ արդեն հանդես է գալիս Ա-լիգայում։
«Ֆինանսական խնդիրներ միշտ էլ առաջանում են, սակայն այս տարի մեզ օգնեց «Ույուտ սենթր»-ը, Հարությունյաններից շնորհակալ ենք, որ մեր կողքին կանգնեցին ու կարողացանք մտնել պայքարի մեջ։
Արթիկում բասկետբոլը միշտ մասսայականություն է վայելել։ Դեռ 1970-ականներին դրվեցին բասկետբոլի զարգացման հիմքերը, կառուցվեց մարզադպրոցը, մարզվողների թիվը շատացավ եւ արդեն հետագայում մեր սաները համալրեցին տարբեր տարիքային հավաքականներ։
Հիմա 4 տարիքային խմբերով մասնակցում ենք Հայաստանի առաջնություններին, մեր աղջիկները գրավեցին 3-րդ տեղը։ Մինչեւ 16 տարեկանների հավաքականից տղաներ ունենք, ովքեր անցած տարի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնին են մասնակցել, իսկ հիմա արդեն գլխավոր թիմում կազմում են»։
Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա
Նահապետյանը նշում է, որ Արթիկում մեծ ոգեւորությամբ սպասում են, թե երբ են տնային հանդիպում անցկացնելու։ Լինելով անկախ Հայաստանի առաջին չեմպիոն թիմը՝ հիմա եւս ձգտում են միայն բարձր հորիզոնականների։ Այս տարի լիգայում փորձելու են մրցանակային տեղ զբաղեցնել։
«Արթիկի մարզադպրոցի դահլիճը վերանորոգվել է, ամերիկահայ Ջեք Քալաջյանի շնորհիվ փոխել ենք նաեւ հատակը։ Բայց քաղաքում մենք ավելի մեծ ու լավ դահլիճ ունենք, որը վերանորոգված չէ։ Եթե այն համապատասխանի չափանիշներին, ավելի շատ երկրպագուներ կարող են ներկա լինել մեր հանդիպումներին։ Հուսանք, որ մի օր դա էլ կունենանք»։
Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Արփի Մալյանց/Ա-լիգա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: