Դեկտեմբեր 26, 2024
exclusive
16385 դիտում

Ա լիգայի ակումբները. ՖԻՄԱ


Լուսանկարը` FIMA

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում արդեն ընթանում են փլեյ-օֆֆի հանդիպումները: ՖԻՄԱ ակումբն անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո լքել է պայքարը:

Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել բասկետբոլային թիմերի անցած ճանապարհը, այս անգամ ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի հետ խոսել ենք ինչպես թիմի, այնպես էլ Ա լիգայի խնդիրների մասին:

ՖԻՄԱ-ի վերադարձը. Ա լիգայի մասնակից թիմերից ամենահին ու լուրջ ավանդույթներ ունեցող ակումբը ՖԻՄԱ-ն է: Հայաստանի բասկետբոլիստները, ովքեր այսօր ներկայացնում են Ա կամ Բ լիգաների այլ ակումբներ, անցել են ՖԻՄԱ-ի դպրոցով: Չմոռանանք, որ ՖԻՄԱ-ն մեկ տարի հանդես է եկել ԽՍՀՄ-ի Բարձրագույն խմբում, իր կազմում ունեցել է Վիտալի Զաստուխովի պես ուժեղ մարզիկ:

Այս ավանդույթները շարունակելու համար Ա լիգայի կազմակերպիչների հետ որոշեցինք, որ թիմը պետք է կրկին ելույթ ունենա: Ես համաձայնեցի լինել գլխավոր մարզիչ, որպեսզի օգտակար լինեմ վերջինիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻՄԱ-ի կազմում պետք է լինեին ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողներն ու մի քանի լեգիոներներ: Սկզբից շատ մարտունակ թիմ ունեինք, լավ էինք խաղում, հաղթանակներ ունեցանք: Առաջնությունում առանձնանում էր միայն «Արագածը», մնացածը նույն մակարդակի էին, բայց հետո բոլոր ակումբները շատ ուժեղացան, մենք՝ ոչ:

Մարզիչների խնդիրը. Մենք լուրջ խնդրի հետ ենք բախվում մարզիչների թվի հետ կապված: Ունենք բասկետբոլ, բայց չունենք վերջինիս մակարդակին համապատասխան մարզչական կազմ: Իհարկե, ֆեդերացիան աշխատանքներ տանում է, սեմինարներ են լինում, բայց միջազգային փորձի պակասը զգացնել է տալիս: Միջազգային հանդիպումներում ոչ միայն բասկետբոլիստներն են աճում, այլ նաեւ մարզիչները: Մարզիչը պետք է միջազգային խոշոր խաղերում «ծեծ ուտի», որ իսկապես մարզիչ դառնա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ա լիգայի բացթողումները. Այս տարվա Ա լիգայում փողը պարտվելու է շատ փողին: Ամեն խաղի մենք մրցում էինք նոր հակառակորդի դեմ, որովհետեւ վերջինս նոր խաղացող էր ձեռք բերել: Անցած մրցաշրջանում հստակ դրված էր, թե խաղացողը երբ իրավունք ունի տեղափոխվել թիմից թիմ, երբ կարող է ակումբը նոր բասկետբոլիստ ձեռք բերել, իսկ այս տարի ով երբ ուզում էր մարզիկ էր ձեռք բերում: Մենք իրավունք չունենք այդպես վարվել, եթե ցանկանում ենք մի բան զարգացնել, պետք է հստակ կանոնադրություն ունենանք:

Սա կազմակերպիչների բացթողումն էր, իմ վրայից էլ պատասխանատվությունը չեմ գցում, ես էլ եմ մեղավոր: Մյուս տարի պարտավոր ենք այլ որակի Ա լիգա ունենալ, որը թույլ չի տա նման անարխիկ վիճակ: Հաջորդ տարի հաստատ շատ բաներ կփոխվեն:

Ժամանակացույցի բացակայությունը. Այս տարի չկար նաեւ հստակ ժամանակացույց: Ա լիգայում չպետք է թույլ տալ ինչ-որ ակումբի թելադրել իր կամքը, պետք է բացառել կամայականությունները: Կազմակերպիչներն ամեն ինչ պայմանավորվում են՝ հեռարձակում, քարտուղար, մրցավար, ու հանկարծ թիմն ասում է հարմար չէ այդ օրը խաղալ: Նման քայլով վարկաբեկում են Ա լիգան: Յուրաքանչյուրը պարտավոր է սովորել ճիշտ աշխատել:

Ա լիգայում այս բացթողումները լինում են փորձի պակասից: Երկար տարիներ աշխատել ենք նման առաջնություն ունենալու համար, որն, իսկապես, լավ պայքարում կընթանա: Հետագայում հարկավոր է ուղղել բացթողումները, որպեսզի շարունակությունը եւս արդյունավետ լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լեգիոներներն ու մարզիչների աճը. Խնդիր ունենք նաեւ լեգիոներների թվի հետ կապված: Բասկետբոլը զարգացնելու համար հարկավոր է նաեւ հայաստանցի խաղացողներ լինեն թիմի կազմում:

Կարեւոր է, որ յուրաքանչյուր թիմ ներկայացված լինի առնվազն երկու մարզչով: Մենք պետք է զարգացնենք ոչ միայն բասկետբոլիստներին, այլ նաեւ մարզիչներին: Երեխաների թիմերը մարզող ու արդյունք ցույց տված մասնագետներին արժե ընդգրկել այս գործի մեջ ու սովորեցնել, որպեսզի նրանք ներգրավվեն ու կամաց-կամաց անցնեն մեծահասակների առաջնություններ:

Բոլոր թիմերի ղեկավարները պետք է մտածեն ոչ միայն իրենց ակումբների, այլ նաեւ հայկական բասկետբոլի ապագայի մասին: Իսկ այն շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ մի ակումբը:

ՖԻՄԱ-ի ապագան նոր մրցաշրջանում. Հաջորդ մրցաշրջանում ՖԻՄԱ-ի հետագայի մասին հստակ բան չեմ կարող ասել: Թիմը հանդես կգա, սակայն, եթե լինի այս տարվա ձեւաչափով, ոչ ոք չի աշխատի:

ՖԻՄԱ-ն այս մրցաշրջանի վերջում միայն պարտություններ էր կրում, որովհետեւ մենք անհամեմատ զիջում էինք մրցակիցներին: Եթե ուզում ենք լավ թիմ ունենալ, ապա համապատասխան պայմաններով ապահովել է հարկավոր: Նման վերաբերմունքով ՖԻՄԱ մյուս տարի չի կարող լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես տեղացի բասկետբոլիստներով եմ հաջողությունների հասնում, բայց եթե թիմը վերաձեւավորվի, հարկավոր է առնվազն երեք լեգիոներ ունենալ:

Երկար տարիներ աշխատել եմ աղջիկների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ նրանց հետ անհամեմատ հեշտ է: Աղջիկներն ավելի նվիրված են, մարզչին լսող ու հրահանգները կատարող, նպատակասլաց: Ինչպես ավելի վաղ ասացի, եթե ՖԻՄԱ-ի ֆորմատը փոխվի, ես կլինեմ թիմում մարզիչների պակասի հարցերը լուծելու եւ նրանց օգնելու համար: Այլ կարգավիճակում ինձ չեմ պատկերացնում:

Բասկետբոլային թիմերից անդրադարձել ենք նաեւ «Ուրարտուին» եւ «Արցախին»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին