Դեկտեմբեր 11, 2024
exclusive
11814 դիտում

Սպորտով ու մշակույթով. Հաշմանդամություն ունեցողները դեպի հասարակություն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում պարալիմպիկ սպորտը մեծ զարգացում չունի: Հաշմանդամություն ունեցողները հիմնականում մարզվում են առողջական խնդիրները բարելավելու համար:

Չնայած տարբեր դժվարություններին, կան մարզիչներ, ովքեր մեծ նվիրումով աշխատում են նաեւ խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնցից մի մասը հետագայում ուժերը փորձում է միջազգային հարթակներում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրանցից է մարզիչ-մանկավարժ Կարեն Սարգսյանը, որը որպես լողի մարզիչ աշխատում է արդեն 15 տարի: Mediamax Sport«Սպորտը բոլորի համար» նախագծում զրուցել ենք նրա հետ:

Աշխատանքը շարժողական սահմանափակումներ ունեցող երեխաների հետ

Ես աշխատում եմ սովորական սոցիալական խմբերի հետ եւ հատուկ սոցիալական խմբերում ներառական աշխատանք չեմ անում: Բացառություն են կազմում մի քանի  երեխաներ, որոնց մարզելն ինքնաբուխ սկսվեց: Նրանցից մեկը Նարեկն է:


Նույնիսկ ոչ սահմանափակ շարժումներ ունեցող մարդու հետ աշխատելու համար պետք է հստակ իմանաս անելիքդ: Լողուսուցմանը հաջորդող քայլը սպորտային լողաձեւերին տիրապետելն է: Պետք է մասնագետ լինես, որ կարողանաս երեխային սովորեցնես սպորտային տեխնիկան: Նույնն է նաեւ շարժողական սահմանափակումներ ունեցողների հետ, պարզապես հարկավոր է ունենալ համապատասխան գիտելիք, որպեսզի այս կամ այն վնասվածք ունեցողին ճիշտ մոտեցում ցուցաբերես: Առանձնահատկությունը միայն դա է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես ավելի շատ ինքնուս եմ այս հարցում: Իհարկե, ինստիտուտում բազային գիտելիքներ ստացել եմ, բայց պրակտիկայում հասկացա, որ տարբեր նրբություններ կան: Սկսեցի ուսումնասիրել բժշկական առանձնահատկությունները եւ, անկեղծ ասած, շատ դժվարություններ չունեցա:

Երբ նոր էի սկսել աշխատել սահմանափակ շարժումներ ունեցող երեխաների հետ, փնտրտուքների մեջ էի: Գտա Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան, որի մասնագետների շնորհիվ հաշմանդամային լողը մեր երկրում բավական բարձր մակարդակի է հասել: Պարալիմպիկ խաղերի մասնակից Մարգարիտա Հովակիմյանն իրենց մոտ է սկսել լողալ:


Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանի հետ ծանոթացա, սկսեցինք շփվել ու հենց իրենցից ահագին գիտելիքներ ստացա:

Պարալիմպիկ լողի մրցում կազմակերպվում է տարին միայն մեկ անգամ

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի հետ իմ կապն այնքանով է, որ ճշտում եմ իրենց կազմակերպած միջոցառման անցկացման օրերը եւ իմ սաներին ընդգրկում այնտեղ:

Կոմիտեն ամեն տարի եռօրյա հավաք է կազմակերպում Ծաղկաձորում ու դրա շրջանակներում մրցաշար անցկացնում: Արդարության համար ասեմ, որ դա առաջնություն չէ, այլ ավելի շատ միջոցառում:

Հաշմանդամային լողում 10-ից ավել կարգեր կան: Մրցումների ժամանակ բժիշկների հատուկ կոմիտեն ուսումնասիրում է տվյալ մարզիկի մարմնի դինամիկան, շարժումները, մկանային համակարգը, նրա հնարավորությունները, որից հետո ընդգրկում է կոնկրետ խմբի մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում, ցավոք, նման մոտեցում չկա: Ամենաթույլ հաշմանդամություն ունեցողը կարող է ամենաբարդի հետ պայքարել, չկա նաեւ տարիքային սահմանազատում:

Իհարկե, ճիշտ կլինի, որ մրցումներ շատ լինեն: Մարզման փուլում գալիս է մի պահ, երբ մարզիկին մրցապայքար է հարկավոր: Այս առումով տարին մեկ անգամը շատ քիչ է: Միջոցառմանը շատ քիչ թվով լողորդներ են մասնակցում, կարելի է ասել մարզիկներ էլ չեն, այլ լողալ իմացող մարդիկ:

Պարալիմպիկ սպորտին հարկավոր է համապատասխան ուշադրություն

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտը ենթադրում է կոմերցիա, միայն պետությունից ֆինանսավորում սպասելը, իմ կարծիքով, սխալ է: Իհարկե, կոնկրետ սոցիալական խավի համար պետք է լինի պետական աջակցություն: Հաշմանդամություն ունեցողներին սպորտում ներառելն այդ ոլորտներից է:

Ես շատ խորը չեմ ուսումնասիրել, բայց նույն Պարալիմպիկ կոմիտեի ֆինանսավորումը չնչին գումար է, մեծ ծավալի աշխատանքներ դրանով անել հնարավոր չէ: Եթե ուզում ենք արդյունք ունենալ պարալիմպիկ սպորտում, պետք է նաեւ համապատասխան ուշադրություն դարձնենք:

Ունեմ մարզիկ, ով, չնայած շարժողական խնդրին, Հայաստանում սովորական մրցումների է մասնակցում, մրցանակային տեղ գրավում է, թե չէ՝ սա հարցի երկրորդ կողմն է: Կարեւորն այն է, որ լավացնում է իր անձնական արդյունքը:
 
Առողջությունից դեպի պրոֆեսիոնալ սպորտ

Լուսանկարը` Մեդիամաքս


Լողավազան երեխաները գալիս են առողջության խնդիրներ լուծելու համար: Ես սովորեցնում եմ նրանց լողը կիրառել կյանքի ընթացքում: Բացի այդ, լողը շարժողական սահմանափակումներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս զարգացնել այն մկանները, որոնց միջոցով ինքն իր առօրյան կարողանում է կազմակերպել:

Սրանից հետո, եթե ֆինանսավորումը խնդիր չէ ու երեխայի մոտ պոտենցիալ կա, սկսվում է սպորտը:

Որպես մարզիչ, իմ խնդիրը երեխային մի քայլ առաջ տանելն է: Ճիշտ է, միշտ պետք է ունենաս մեծ նպատակներ, բայց ես միանգամից Օլիմպիական ոսկու մասին չեմ երազում: Նախ՝ պետք է սպորտի վարպետ տամ, հետո տրամաբանական հաջորդականությամբ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ ու, եթե կարողանամ եւ գիտելիքս ու մարզիկիս պոտենցիալը կների, բնականաբար, Օլիմպիական մեդալներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա ես իմ թե շարժողական խնդիրներ ունեցող, թե չունեցող երեխաների առաջ դրել եմ առաջիկա նշված փուլի համար արդյունքների բարելավում, ինչի ուղղությամբ եւ աշխատում ենք:

Սպորտի շնորհիվ հաշմանդամություն ունեցողներն իրենց լավ են զգում

Հաշմանդամություն ունեցողների ինտեգրմամբ պետք է զբաղվեն պետական կառույցներն ու տարբեր հասարակական կազմակերպություններ: Այդ մարդիկ հոգեբանական բարդույթներ են ունենում, որոնք պետք է  հաղթահարվեն նրանց հետ ճիշտ աշխատելու միջոցով:

Երբ մարդ իր խնդիրը խորապես գիտակցի, կարողանա ապրել դրա հետ, երջանիկ կզգա իրեն:

Երեխաների հետ աշխատելով՝ նրանց պետք է փորձել տարբեր մարզաձեւերում, որպեսզի հասկանան, թե որն է իրեն ավելի հարազատ, ֆիզիոլոգիային եւ առողջական վիճակին մոտ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես մրցումներից մեկի ժամանակ կարդացի հաշմանդամային ֆեդերացիայի  «Սպորտով դեպի հասարակություն» միտքն ու հասկացա, որ իրականում դա շատ ճիշտ նկարագրություն է:

Հենց սպորտի շնորհիվ են այդ մարդիկ որպես անհատ իրենց լավ զգում, որովհետեւ հաղթահարում են դժվարություններ, բարձրանում է նրանց ինքնագնահատականը: Բացի այդ էլ ինտեգրվում են հասարակության մեջ, մրցման են մասնակցում ու միջազգային հարթակում բարձրացնում երկրի դրոշը:

Սպորտը եւ մշակույթը, իմ կարծիքով, հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպի հասարակություն տանող ամենաուղիղ ճանապարհն են:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին