Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն արդեն մի քանի ամիս է նախաձեռնել է ամպուտացված վերջույթներով տղաների համար ծրագիր, որի շնորհիվ 2020 թվականի պատերազմի մասնակից զինվորները սկսել են տիրապետել լողի ու ջրագնդակի հմտություններին:
Ծրագրի ֆինանսավորումը ստանձնել է ԱՄՆ-ում գործող Veterans of Armenia կազմակերպությունը, իսկ աջակիցը Hills Sport Complex-ն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Mediamax Sport-ը ներկա է եղել տղաների մարզմանը, ովքեր մեծ ոգեւորությամբ աշխատում եւ յուրացնում են մարզաձեւերի գաղտնիքներն ու պատրաստվում ամռանը կայանալիք 44-օրյա պատերազմի մասնակից Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարին:
Մարզիչ Գուրգեն Հակոբյան, որին բոլորն ընկեր Համիկ են ասում
Լուսանկարը` Մեդիամաքս
Մոտ 2 ամիս է, որ տղաների հետ սկսել ենք աշխատել, բայց արդեն նրանց մոտ շատ լավ է ստացվում: Այսօր նորեկ ունենք՝ Հրաչն է, նա էլ արագ հունի մեջ կընկնի ու կսովորի լավ լողալ: 8 մարզիկ ունենք ու նրանց հետ պատրաստվում ենք հունիսի 17-ին տղայիս՝ Հենրիկի 2-րդ հուշամրցաշարին մասնակցել: Տղաները ներկայանալու են որպես «Զինվորի տան» թիմ:
Լողի շնորհիվ տղաներն իրենց շատ լավ են զգում, ջուրը կյանք է, մարդուն լրիվ փոխում ու տալիս է ամեն ինչ: Ամենակարեւորն այն է, որ ջրում իրենց լավ են զգում, ազատ եւ ուժեղ: Միաժամանակ կարեւոր է տեսնել նրանց ձգտումն ու ավելացնելու ցանկությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Փոփոխությունը սկզբի համեմատ հսկայական է, այն ժամանակ համարյա լողալ չգիտեին, հիմա բավական առաջադիմել են: Սրտատրոփ սպասում են, թե երբ են պայքարի մեջ մտնելու ու ելույթ ունենալու հնարավորություն ստանալու:
Հուշամրցաշարին 9 թիմ է մասնակցելու, այդ թվում ԱՄՆ-ի մեր հայրենակիցները՝ Գլենդելի «ORWP» ակումբը, այստեղի թիմերից էլ կլինեն:
Տղաներն արդեն թիմ են դարձել, հասուն մարդիկ են ու գիտակցում են, թե ինչ են ուզում: Նրանք հասկանում են, որ անընդհատ պետք է պայքարել, չընկճվել ու ձգտել: Այս վիճակում էլ նրանք վճռական են:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրանց ապագայում տեսնում եմ որպես Հայաստանի պարալիմպիկ թիմ, որը հանդես կգա տարբեր խոշոր մրցումներում: Վաղուց մտադրություն ունեի պարալիմպիկ թիմ ստեղծելու, մեր երկրում պարալիմպիկ մարզիկներ ունենք, բայց թիմային պայքարում հանդես գալու փորձ դեռ չի եղել: Հիմա առաջին քայլերն ենք անում այդ ուղղությամբ ու դնում ենք հավաքականի հիմքերը:
Ամեն ինչ կախված է հունիսին կայանալիք մրցաշարից, կտեսնենք, թե այնտեղ իրենց ինչպես են դրսեւորում ու կորոշենք հետագայում ինչպես աշխատել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես իմ կյանքը նվիրել եմ սպորտին ու հատկապես՝ ջրագնդակին: Որդիս էլ մարզիկ է եղել, ցավոք, նա զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ ու հիմա նրա հուշամրցաշարն ենք անցկացնում:
Հենրիկը 2002 թվականին է ծնվել, Հայաստանի հավաքականի անդամ էր, զոհվել է Մարտակերտում՝ հենց պատերազմի առաջին օրը: Այդ ժամանակ նա ընդամենը 1,5 ամիս էր հասցրել ծառայել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իմ գլխավորությամբ էր պարապել, իմ թիմում մեծացել, նրա եւ հայրն էի, եւ մարզիչը: Այնքան լավն էր, թիմում բոլորը որոշեցին, որ Հենրիկը պետք է լինի ավագն ու ընտրեցին նրան: Արդեն իմ ընկերն էր դարձել, բայց ցավոք սրտի...
Նրա բացակայության հետ համակերպվել չեմ կարող, իմ համակերպումն այս աշխատանքն է, որ տղաների հետ տանում եմ ու փորձում օգնել նրանց: Իմ սաներն են, որոնց դաստիարակում եմ ու ամեն երեխայիս մեջ ուզում Հենրիկին տեսնել:
Հայկ Խաչատրյան, Զինվորի տան կինեզոթերապեւտ
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես Զինվորի տանն աշխատում եմ չորս տարի: Բացի հաճույքից ու կատարած աշխատանքի դիմաց վարձատրվելուց, ես մեծ բավարարվածություն եմ ստանում: Սա յուրահատուկ պարտք է, որը տալիս եմ իմ հայրենիքին, վերականգնում եմ այն տղաներին, ովքեր իրենց կյանքով եւ առողջության կորստով պահել են մեր հայրենիքը:
Լողի մարզիչները մեծ աշխատանք են կատարում, որպեսզի նրանց սովորեցնեն մարզաձեւի նրբությունները: Իմ գործունեությունը կապված է հենաշարժողական համակարգի հետ: Քանի որ տղաներն ունեն ամպուտացիաներ, բնականաբար, հենաշարժիչ համակարգը որոշ չափով տուժած է ու մկանների մեջ դիզբալանս է առաջացել: Փորձում ենք բեռնաթափել ծանրաբեռնված մկանները, բերել ճիշտ կեցվածքի, որպեսզի ավելի առողջ լինեն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատերազմից հետո տղաների հետ ակտիվորեն զբաղվում ենք նրանց առողջության վերականգնմամբ եւ այսօր հասել ենք մի մակարդակի, որ կարողանում են տարբեր սպորտաձեւերի մեջ ներգրավվել: Ընդամենը մի քանի ամիս է, որ լողի են գալիս, բայց գերազանց արդյունքներ են ցույց տալիս: Միանշանակ, լողը նպաստում է ինտեգրմանը:
Մեր զրույցներից հասկանում եմ, որ տղաները մեծ սիրով են մարզվում: Լողը բոլորի վրա էլ լավ ազդեցություն է թողնում, տեսնում եմ դրական փոփոխություն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Զինվորի տան բոլոր տղաներն արագ վերականգնվեն: Թե առողջացման ընթացքում, թե հետո վերականգնողական փուլն ավելի լավ է ստացվում նրանց մոտ, ովքեր ավելի բարձր կամային որակներ ունեն։ Մեր տղաները շատ մեծ կամքի ուժ ունեն, հենց սկզբից ընկճվածություն շատ քչերի մոտ է եղել: Առողջության բարելավման փոքրիկ հաջողության հասնելուց հետո նրանք ոգեւորվում են, փորձում հասնել ավելիին:
Արամ Արզումանյան, պատերազմի մասնակից
Լուսանկարը` Մեդիամաքս
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից առաջարկեցին լողով զբաղվել, միանգամից եկա ու սկսեցի մարզվելը: Քանի որ երկու ոտքի ամպուտացիա ունեմ, լողը շատ է օգնում թեթեւ զգալ ու ավելի հեշտ կարողանալ քայլել: Դրա շնորհիվ մկաններս ամբողջությամբ աշխատում են: Սպորտն ինձ օգնում է վերականգնվել ֆիզիկապես:
Այստեղ պարապող տղաները բոլորն էլ իմ ընկերներն են, մինչեւ մարզումների հաճախելն էլ իրար ճանաչել ենք:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես ծառայել եմ Կապանում ու եղել հետախուզական վաշտի վարորդ, վիրավորում ստացել եմ հոկտեմբերի 10-ին Ջրականում՝ բայրաքթարից, գրադ ու սմերչ համազարկից:
Վերականգնողական կենտրոնում սկսել եմ քայլել կինեզիոլոգի օգնությամբ, հիմա ապրում եմ սովորական կյանքով: Նման իրավիճակում հայտնված մյուս տղաներին միակ խորհուրդս է, որ առաջ նայեն ու երբեք չապրեն անցյալով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա մեր կարեւոր նպատակը լավ մարզավիճակ ձեռք բերելն է, ջրագնդակի նրբություններին տիրապետելը, որպեսզի ամռանը կարողանանք հաջող մասնակցել Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարին: Մեր թիմը մյուսներից տարբերվելու է, դա էլ մեր առանձնահատկությունը կլինի: Ամեն ինչ կանենք, որ հաղթենք:
Վլադիմիր Վարդանյան, պատերազմի մասնակից
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատերազմ մեկնել եմ որպես կամավոր սեպտեմբերի 29-ին: Սկզբից Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում էինք, հետո տեղափոխվել ենք Մատաղիս, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին վիրավորվել եմ:
Մենք մտածում էինք, որ գնում ենք կռիվ, բայց պարզվեց այդպես չէր: Սա պատերազմ չէր, թյուրիմացություն էր, չեմ ուզում ավելին ասել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մի քանի ամիս է գալիս եմ լողավազան ու արդեն բավական լավ լողում եմ: Նախկինում լողալ գիտեի, բայց չէի պատկերացնի, որ մի ձեռքով էլ այսքան լավ կստացվի: Նստակյաց կյանքից հետո լողի շնորհիվ մկաններս բացվում են, ինձ շատ լավ եմ զգում ու ամենեւին էլ չեմ նեղվում:
Պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու մասին չեմ մտածել: Հիմա միայն մարզվում եմ, եթե հաջողություններ գրանցեցի, ինչու ոչ, կարելի է նաեւ փորձել:
Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: