2022 թվականին Քրիշտիանու Ռոնալդուն բավական աղմկահարույց հարցազրույց տվեց լրագրող Փիրս Մորգանին, որում խիստ քննադատեց իր այն ժամանակվա ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Կարճ ժամանակ անց նա լքեց Մեծ Բրիտանիան ու կարիերան շարունակեց Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Նասր»-ում սկսելով իր կյանքի նոր գլուխը։ Եվ ահա պորտուգալացին նորից է զրուցել Մորգանի հետ ու պատմել կարիերան ավարտելու, մոտալուտ հարսանիքի, Մեսսիի ու Աշխարհի Գավաթի մասին:
ՄՅՈւ-ն
«Այս տարի Անգլիայի չեմպիոնի կոչումը կարող է նվաճել «Արսենալ»-ը, բայց ոչ ՄՅՈւ-ն (մրցաշարում 8-րդն է, խմբ.), որն արդեն իսկ շատ միավորներ է կորցրել: Տխուր եմ այդ առիթով, այդ ակումբը դեռ իմ սրտում է ու շարունակում եմ այն սիրել:
«Յունայթեդ»-ին փոփոխություններ են պետք, հանուն ակումբի ապագայի անհրաժեշտ է խելացի մարդկանց ներգրավել, ինչպես դա արվել է տարիներ առաջ: Հիմա ՄՅՈւ-ն ենթակառուցվածքներ չունի: Հուսամ՝ ապագայում այդ ամենը կփոխվի, քանի որ այն մեծ պոտենցիալ ունի եւ աշխարհի կարեւորագույն թիմերից մեկն է:
Լուսանկարը` goal.com
Մարզիչ Ռուբեն Ամորիմն անում է այն ամենը, ինչ կարողանում է: Սպորտում հրաշքներ չեն լինում: Նա լավ ֆուտբոլիստներ ունի, բայց նրանից ոչ բոլորն են հասկանում, թե ինչ է նշանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Միլիարդատերը
Իրականում միլիարդատեր եմ դարձել ոչ թե նախորդ շաբաթ, այլ մի քանի տարի առաջ: Առաջին միլիարդը վաստակելը հիանալի զգացողություն է, ասես «Ոսկե Գնդա»-ն էի հաղթել: Հասա նպատակիս, քանի որ միշտ եմ ցանկացել միլիարդ վաստակել: Ես պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն եմ: Գուցե չափից դուրս ինքնավստահ է հնչում, բայց թվերը չեն ստում:
Ամենաթանկ գնումս եղել է ինքնաթիռը, որը ձեռք եմ բերել 13 տարի առաջ, բայց վերջերս այն փոխարինել եմ ավելի հարմարավետով: Երբ այն գնեցի, զգացի, որ եւս մեկ երազանք իրականացավ: Միշտ եմ ուզել ինքնաթիռ ունենալ:
Բայց այդ պահին հարցը նաեւ հարմարավետությանն էր վերաբերվում, քանի որ ես հայտնի մարդ եմ, դժվար է սովորական չվերթներով ճանապարհորդել: Իսկ սեփական ինքնաթիռով հանգիստ եմ տեղաշարժվում:
Լուսանկարը` անձնական արխիվ
Անկեղծ կլինեմ, չգիտեմ, թե քանի մեքենա ունեմ, ինքս չեմ վարում դրանք: Մեքենաներն իմ ներդրումն են: Կարծում եմ, որ մոտ 40 մեքենա կունենամ: Հատկապես շատ եմ սիրում «Բուգգատի»-ները, իսկական գազան են:
Աշխարհի առաջնությունը
Աշխարհի առաջնության նկատմամբ այդքան մեծ ուշադրությունն անարդար է: Չեմ երազում հաղթել Մունդիալը: Ուզում եք, որ այդ մրցաշարո՞վ որոշեն լավագույնին: Այն բաղկացած է 6-7 խաղից, մի՞թե դա արդար է:
Մեսսին
Համեստ չեմ լինի, չեմ համարում, որ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է:
Ժոտայի կորուստը
Չհավատացի, երբ իմացա Դիոգուի եւ նրա եղբոր մահվան մասին: Շատ արտասվեցի: Բոլորիս համար շատ-շատ բարդ պահ էր՝ երկրի, ընտանիքների, ընկերների, թիմակիցների: Իսկական աղետ էր:
Լուսանկարը` goal.com
Հարսանիքը
Ջորջինան իմ ողջ կյանքի կինն է եւ բնական է, որ նրան ամուսնության առաջարկություն եմ արել: Նա յուրահատուկ է, հոգ է տանում ընտանիքի ու իմ մասին, նա այն միակն է, որին այսքան ժամանակ փնտրել եմ:
Մատանին նախապես էի գնել, բայց չգիտեի, թե առաջարկությունը երբ կանեմ: Այդ երեկո հավաքված էինք ընկերներիս հետ ու նրանք հեռախոսներով նկարահանում էին: Զարմացա, քանի որ երբեւէ ինձ նույնիսկ չեն խնդրել հետները լուսանկարվել, իսկ հիմա հեռախոսները հանել ու տեսագրում էին:
Հետո մոտ գիշերվա 1-ին ընկերներիցս մեկը փոխանցեց մատանին, որպեսզի այն Ջորջինային տամ: Դուստրերս քնած էին, այդ պահին զարմանալիորեն հայտնվեց որդիս՝ Մատեոն ու հարցրեց. «Հայրիկ, հիմա այս մատանին կտաս մայրիկին ու առաջարկություն կանե՞ս»: Ու ես մտածեցի. «Այ քեզ բան, իսկապես, հարմար պահ է «այո» ասելու համար»:
Առաջարկություն անելիս ծնկի չեմ իջել, բայց նախապես տեքստ պատրաստել էի: Ես ռոմանտիկ չեմ, ամեն շաբաթ ծաղիկներ չեմ նվիրում, գուցե, ամիսը միայն մեկ անգամ: Բայց ես էլ յուրովի եմ ռոմանտիկ:
Լուսանկարը` անձնական արխիվ
Գիտեի, որ նա իմ կյանքի կինն է ու վաղ թե ուշ կառաջարկեմ ամուսնանալ: Ջորջինան մատանուն ուշադրություն էլ չդարձրեց, պարզապես հարցրեց արդյոք լո՞ւրջ եմ հարցնում: Ու երբ հաստատեցի, նոր հավատաց:
Պլանավորում ենք ամուսնանալ Աշխարհի առաջնությունից հետո, հուսամ՝ գավաթը նվաճած կլինեմ:
Կարիերայի ավարտը
Այդ մասին շատ եմ մտածել ու կարծում եմ՝ շուտով կլինի: Համոզված եմ, որ պատրաստ կլինեմ: Իհարկե, դաժան ու ոչ հեշտ կլինի ինձ համար: Բնականաբար, կարտասվեմ: Արցունքներին հանգիստ եմ վերաբերվում ու երբեք դրանք չեմ զսպում: Առհասարակ ֆուտբոլին հրաժեշտ տալուն 27 տարեկանից եմ պատրաստվում ու մտածում ապագայիս մասին: Այնպես որ, ամեն ինչ լավ է լինելու:
Մարդկանց կարծիքները
Բարդ է խոսել իմ մասին, բայց ինչպես եւ նախկինում եմ ճշմարտությունն ասել, հիմա էլ եմ այդպես անում: Միեւնույն է, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին: Չեմ մտահոգվում, որ ինձ մեծամիտ են համարում: Արդեն 40 տարեկան եմ, 5 երեխա ունեմ, իմ կողքին են աշխարհի լավագույն ընկերները:
Լուսանկարը` Nassr FC
Հանրային կարծիքն ինձ համար այլեւս ոչ մի նշանակություն չունի: Պարզապես ուզում եմ երջանիկ լինել, անել այն, ինչ հավանում եմ, պահել խաղամակարդակս, գոլեր խփել, ինչն էլ վերջին հաշվով ինձ երջանիկ է դարձնում»:






















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: