Դեկտեմբեր 22, 2024
exclusive
16609 դիտում

Հայկ Աբգարյան. Ես ձեզնից մեկն եմ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«1996 թ-ին Ատլանտայի Պարալիմպիկ խաղերից վերադառնալուն պես՝ որոշեցի բարձրագույն կրթություն ստանալ։ Դիմեցի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, բայց ինձ մերժեցին։ Ռեկտորն ասաց, որ մարզիկների հոգեբանության վրա հաստատ կազդի, եթե մեր ինստիտուտում սովորի նաեւ հաշմանդամություն ունեցող ուսանող։ Վիրավորվեցի։ Դիմում-բողոք ուղարկեցի նախարարություն։ Խոստացան որոշումը վերանայել։ Բայց այդպես էլ ոչինչ չփոխվեց։ Չփոխվեց նաեւ սովորելու իմ ցանկությունն ու ձգտումը։ Ավելի քան երկու տասնամյակ անց իմ երազանքը դարձավ իրականություն: Հիմա արդեն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող եմ»։

Հայկ Աբգարյանը 42 տարեկան է։ Նա Հայաստանի Պարալիպմիկ առաջին մարզիկներից մեկն է։ Սպորտի միջազգային կարգի վարպետ է։ Զբազվում է նաեւ բիզնեսով։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ապրում է լիարժեք կյանքով, փորձում է օրինակ ծառայել հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց համար։

Լուսանկարը` Անձնական արխիվից



... ես ընդամենը 12 տարեկան էի

Ջավախքում միջգյուղական առաջնության պիտի մասնակցեինք։ Համագյուղացիներս ստադիոն գնացին մեքենայով, ես որոշեցի ճանապարհն անցնել հեծանիվով: Շատ ակտիվ ու չարաճճի երեխա էի։ Ճանապարհին մեքենան կանգնեց, կանգնեցի նաեւ ես։ Վայրկյաններ հետո դիմացից եկող բեռնատարը հարվածեց ինձ։ Ոտքս մնաց անիվի տակ։ Այդ ամբողջ ընթացքում գիտակցությունս չեմ կորցրել: Հիշում եմ՝ ինձ տարան շրջանի հիվանդանոց։ Ասացի, եթե մինչեւ առավոտ ողջ մնա, կվիրահատենք։ Հայրս որոշեց ինձ տեղափոխել Երեւան։ Կեսգիշերին ես արդեն Կարեն Քոլոյանի վիրահատական սեղանին էի։ Փտախտ էր սկսվել։ Բժիշկը խոստացավ ամեն ինչ անել,  որ գոնե ծունկս պահպանի։ Բուժումը տեւեց մոտ 4 ամիս։ Այդ ընթացքում գլխի չէի ընկել, որ ոտքս ամպուտացրել են։ Մի օր վիրակապը փոխելու ժամանակ տեսա, որ ոտքս ծնկից ներքեւ չկա։ Շոկ էր։ Ես ընդամենը 12 տարեկան էի։

Երբ հաղթող ես

Ես պրոթեզավորվեցի ու վերադարձա Ջավախք։ Գնացի դպրոց ու հենց առաջին օրը բոլոր աշակերտներին հավաքեցի մի վայրում։ Ասացի տեսեք՝ սա իմ պրոթեզն է։ Նայեք, տվեք ձեր հարցերը, բավարարեք ձեր հետաքրքրությունը, որ հետո չմտածեք՝ ո՞նց եմ քայլում, պրոթեզը ի՞նչ տեսք ունի։ Նրանք նայեցին ու ինձ ընդունեցին այնպիսին, ինչպիսին կամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընկճվելու առիթներ, հուսահատության պահեր շատ են եղել։  Դժվար էր, երբ ֆիզկուլտուրայի ժամին ընկերներս վազում էին, իսկ ես նայում էի։ Բայց ինչ արած:

Մի պահ է գալիս, որ նույնիսկ ուզում ես կյանքիդ վերջ տալ։ Բայց եթե այդ փուլը անցնում ես՝ վերջ։ Դու արդեն հաղթող ես։

Ավելի ինքնավստահ՝ սպորտի օգնությամբ

Ժամանակի ընթացքում հասկացա, որ կյանքը պետք է սիրել։ Այդ ճանապարհին ինձ շատ օգնեց «Փյունիկ» հաշմանդամների միությունը։

92-ին տեղափոխվեցի Երեւան։ Սկսեցի ապրել սպորտային ակտիվ կյանքով, տարբեր ճամբարների էի գնում։ Դահուկավազքով էի զբաղվում, դարձա Հայաստանի չեմպիոն ու մեկնեցի Շվեյցարիա մարզումների։ Մեծ աշխարհի դռներն իմ առաջ արդեն բաց էին։ 1996-ին ընկերներիս հետ առաջին անգամ մնասնակցեցի Ատլանտայի Պարալիմպիկ խաղերին: Դարձա առագաստանավային սպորտի միջազգային կարգի վարպետ։

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մասնակցել եմ չորս Պարալիմպիկ խաղերի, զբաղվում եմ նաեւ սայլակավազքով։ Մի քանի խոշոր մարաթոնների մասնակից եմ։ Լավագույն արդյունքս գրանցել եմ Նյու Յորքում՝ 42 կիլոմետրը անցել եմ 1 ժամ  50 րոպեում։ Սպորտը օգնեց, որ դառնամ ավելի ինքնավստահ: Հիմա ընկերներիս հետ փորձում եմ օգնել հաշմանդամություն ունեցող տղաներին, Հայաստանում զարգացնել հաշմանդամային սպորտը:

Ոտք չունեմ, բայց ունեմ կամք

Երբ արդեն ծառայության ժամանակն էր, գնացի զինկոմիսարիատ։ Ասացին՝ ծառայության համար պիտանի չեմ։ Բայց ես այլ կարծիքի էի, մտածեցի ումի՞ց եմ պակաս։ Եթե մյուսները կարող են, ես էլ կկարողանամ։ Ոտք չունեմ, բայց փոխարենը կամք ու ցանկություն ունեմ։ Երեք ընկերներիս հետ գնացինք կամավոր ծառայության։ Մեր օրինակով ուզում էինք ցույց տալ, որ մեզ պետք չէ խղճալ, որ ուզում ենք ու կարող ենք:

Հանձնվել չկա

2003-ին ամսուսնացա, կինս բժիշկ է, երկու երեխա ունենք։ Մեծ տղաս երկու տարի հետո կգնա ծառայության։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընկերներիցս մեկի հետ բիզնեսով ենք զբաղվում, կահույքի արտադրամաս ենք հիմնել, 20 աշխատող ունենք։ Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը, ԹՈւՄՈ կենտրոնը, ԱՅԲ դպրոցը մենք ենք կահավորել։ Երբ նոր էի սկսում, չէի էլ պատկերացնում, որ կհաջողեմ։ Առաջին շենքը, որ կահավորում էինք, հինգհարկանի էր, վերելակ չուներ: Օրը մի քանի անգամ բարձրանում-իջնում էի, երեկոյան ոտքերս արյունոտվում էին։ Մտածում էի՝ Աստված իմ, ինչ դժվար է, ի՞նչ եմ անելու, իսկ եթե... Բայց չեմ սիրում հանձնվել ու սկսած գործը կիսատ թողնել։

Ես ձեզնից մեկն եմ

Ես երբեք թույլ չեմ տվել, որ ինձ խղճան։ Եղել են դեպքեր, երբ արտասահմանում ապրող ընկերներս որոշել են ինձ ամսական գումար ուղարկել։ Նեղացել եմ իրենցից ու ասել, որ ինքս կարող եմ աշխատել ու վաստակել։ Ես ձեզանից մեկն եմ, եթե կա խնդիր, կա նաեւ լուծում։ Դժվարությունը սովորաբար ուժեղներին է տրվում։ Պետք է ընդամենը աշխատասեր լինել ու մի քիչ էլ համբերատար։ Հստակ սկզբունք ունեմ՝ նոր օր, նոր կյանք։

Արփի Մուրադյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Հայկ Աբգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին