Դեկտեմբեր 27, 2024
exclusive
3306 դիտում

Ուժը սեռ չունի. Մարգարիտա Հովակիմյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարգարիտա Հովակիմյանը 2012 թվականի Լոնդոնի ու 2016-ի Ռիոյի Պարալիմպիկ խաղերի մասնակից է:

Լողորդուհին իր կարեւոր նվաճումներից է համարում վաստակած ուղեգրով խաղերում ելույթ ունենալը: Մանկուց ձեռք բերած հաշմանդամությունը նրան չի խանգարել իրականացնել երազանքները: Լողի շնորհիվ նախ սեփական բարդույթներն է հաղթահարել, ապա սկսել նաեւ սպորտային ուղին: Լավատես ու կյանքին սիրահարված մարզուհին մի նպատակ ունի՝ նորից վերադառնալ սպորտ ու հաջողություններ գրանցել:

TotogamingMediamax Sport-ի հետ համատեղ՝ կանանց միամսյակի շրջանակում ներկայացրեց այն հայ մարզուհիներին, ովքեր, չնայած բոլոր խոչընդոտներին, հավատում են իրենց ուժերին ու ներկայացնում Հայաստանն ամենախոշոր մրցումներում։ Վերջին տեսանյութը պատմում է պարալիմպիկ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանի մասին, նա իր հերթին ապացուցում է, որ ուժը սեռ չունի:




«Մինչեւ 3,5 տարեկանը խնդիրներ չեմ ունեցել, հետո աստիճանաբար սկսել եմ վատ քայլել: Ու հենց լողն է ինձ օգնել հաղթահարել շատ դժվարություններ: Ջուրն անչափ սիրում եմ»:

Մարգարիտա Հովակիմյանն առաջին անգամ մրցումների մասնակցել է 2010 թվականին, նա Տյումենում հանդես է եկել Ռուսաստանի բաց առաջնությունում, 3 ոսկե ու 1 արծաթե մեդալ նվաճել: Հենց այդ մեդալներն է նա համարում իր կարիերայի հաջող մեկնարկը:

«Շարունակեցի ելույթներս, մինչեւ որ հասավ 2012 թվականի Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի հերթը: Խաղերին մասնակցելու համար պետք է վարկանիշ ձեռք բերեի, բայց որակավորման վերջին մրցմանը մեկնել չկարողացա: Դեսպանատան հետ խնդիրներ էին առաջացել, ու ես սխալի պատճառով զրկվեցի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Այնքան էի լաց եղել, որ էլ արցունք չէր մնացել: Օրեր շարունակ մարզվել էի, տանջվել, մի վայրկյանում ամեն ինչ ջուրն ընկավ: Մարզիկի համար նման պահերը հաղթահարելը շատ դժվար է: Միայն հայրիկս էր ինձ հույս տալիս ու հավատում, որ եւս մեկ մրցում է լինելու»:

Իսկապես, այդպես էլ եղավ, մի քանի ամիս անց ԱՄՆ-ում անցկացվեց վարկանշային մրցաշար, որում Մարգարիտան եւս հանդես եկավ: Թեեւ մասնակիցների քանակն արդեն վաղուց համալրվել էր, սակայն նրա համար բացառություն արեցին: Լողորդուհին կարողացավ նվաճել իր առաջին ուղեգիրը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դեռ 4 վայրկյան էլ լավ լողացի ու վարկանիշով մասնակցեցի Պարալիմպիկ խաղերին: Շատ հպարտ էի, որ Հայաստանն էի ներկայացնում: Թեեւ բոլոր մարզիկները սովորաբար նշում են, որ Օլիմպիական կամ Պարալիմպիկ մեդալ նվաճելն է ամենակարեւոր ձեռքբերումը, ինձ համար շատ կարեւոր է եղել իմ անցած ճանապարհը վայելելը: Պարալիմպիկ խաղերից հետո լողն ավելի շատ սիրեցի, այնտեղ ինձ համար նոր բացահայտումներ արեցի»:

Բայց լողում հաստատվելն այնքան էլ հեշտ չի եղել Հովակիմյանի համար: Սկզբում բավական դժվար է եղել մատչելի ու հասանելի լողավազան գտնելը, որտեղ նա առանց դժվարության կկարողանար հաճախել:

«Բարեբախտաբար, հիմա Հայաստանում կան լողավազաններ, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց: Բոլորն էլ կարողանում են օգտվել ու ոչ մի դժվարություն չի առաջանում: Մարզիկին զարգանալու եւ աճելու համար պետք է անընդհատ մրցումների ու հավաքների մասնակցել, բայց դրա համար գումարի կարիք կա: Շատ կուզեի, որ պետական ֆինանսավորումը բավականացներ այդ ամենին»:

Սակայն դժվարություններ առաջանում են ոչ միայն սպորտում, աշխատանք գտնելն էլ Հովակիմյանի համար բավական բարդ է, ամեն տեղ չէ, որ պատրաստ են ունենալ հաշմանդամություն ունեցող աշխատակից:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես մատնահարդար եմ, երբ գնում եմ աշխատանքի տեղավորվելու ու տեսնում են հենակներս, միանգամից փոխվում են: Երեւի մտածում են, թե ինձ համար դժվար կլինի, ինչպե՞ս կշփվեն ինձ հետ կամ ինչպիսի՞ մարդ եմ: Ճիշտն ասած, մայրիկս սովորաբար այդ իրավիճակներում ավելի շատ է նեղվում: Մի անգամ գնացել էի աշխատանքի ընդունվելու, հենց առաջին հայացքից հասկացա, որ մերժելու են: Այնպես ձեւակերպեցին ամեն ինչ, որ ինքս հրաժարվեմ»:

Մարզուհին ուզում է, որ մարդիկ իրենց հետ շփվեն առանց կարեկցելու ու մտածելու, որ ամեն վայրկյան օգնության կարիք ունեն: Եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, անպայման կխնդրեն օգնել:

«Պետք չէ մեզ խղճալ: Հաճախ է լինում, որ փողոցում տեսնելիս ասում են «Առողջ լինես», կամ «Սիրուն աղջիկ ես, ինչո՞ւ է նման բան եղել»: Հասկանում եմ, որ մարդիկ հետաքրքրվում են, բայց շփվելիս պետք չի տարբերություն դնել, մենք էլ ենք մարդ, ուղղակի յուրահատկություն ունենք: Ոմանք ակնոց են կրում, դա էլ իրենց տարբերությունն է, մենք էլ հենակ ունենք: Պարզապես պետք է ընդունել հաշմանդամություն ունեցողին այնպիսին, ինչպիսին նա կա: Սա էլ մեր առանձնահատկությունն է, բայց այն խնդիր չէ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարգարիտան, չնայած ամեն ինչին, միշտ լավատես է, գտնում է, որ ամեն մեկն առաջին հերթին պետք է հավատա սեփական ուժերին, երբեք չթերագնահատի իրեն: Ուզում է մեծ արդյունքների հասնել ու կայանալ որպես լողորդ: Դրա համար էլ շատ է ցանկանում ֆինանսական աջակցության դեպքում նորից սպորտ վերադառնալ:

«Պետք է հավատալ, առաջ գնալ եւ չհուսահատվել: Կյանքում առհասարակ ամեն ինչ չի լինում հենց այս րոպեին, մարդն անհամբեր է, ես էլ եմ այդպիսին: Բայց եթե հենց այդ պահին չի ստացում, լինում է այն ժամանակ, երբ դու իսկապես պատրաստ ես դրան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին