Հոկտեմբեր 14, 2025
exclusive
111 դիտում

«Հայաստանում մենամարտելը պարտավորեցնող էր»․ Անի Հովսեփյանի հաղթանակը


Լուսանկարը` Հովսեփյանի անձնական արխիվ


Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն օրեր առաջ նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ռինգում՝ տոնելով իր առաջին հաղթանակը։

Երեւանում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ Հովսեփյանը մինչեւ 68 կգ քաշային կարգում հանդիպել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանրդա Ռապաիչին եւ ուժեղ եղել նրանից։ Mediamax Sport-ի հետ զրույցում հայ բռնցքամարտիկն ամփոփել է ելույթները։

«Պրոֆեսիոնալ ռինգը շատ էր տարբերվում սիրողականից, իսկ զգացողություններս ուրիշ էին։

Ամիսներ առաջ մարզչիս հետ սկսեցինք պատրաստվել այս մենամարտին։ Ֆիզիկականն ամրացնելուց հետո անցանք տակտիկական ու տեխնիկական աշխատանքներին։ Ամեն ինչ լավ անցավ ու կարողացանք շտկել բացթողումներս։

Ռապաիչը բարդ, պինդ մրցակից էր։ Զգացվում էր, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մենամարտ է անցկացրել։ Շատ պատրաստված էր, հեշտ չէր նրա դեմ գործելը։ Բայց ես եւս լավ նախապատրաստական ընթացք էի անցել, մարզչիս` Վաչե Վարդանյանի գծած սխեմայի շնորհիվ կարողացա ճիշտ գործել։

Ավելի քան մեկ տարի մենամարտ չէի ունեցել, դրա համար մարզիչս մտավախություն ուներ, որ հանդիպման ընթացքում կշտապեմ։ Բայց լսեցի նրան, հանգիստ էի, դիպուկ հարվածներ հասցրի ու կարողացա հաղթել։ 

Սիրողական բռնցքամարտն ինձ համար ավելի սթրեսային էր։ Դա պայմանավորված է ռաունդների քիչ թվով, երբ փորձում ես հանկարծ չսխալվել։ Պրոֆեսիոնալում լարվածություն չկար, 6-8 ռաունդ ունես եւ ուժերդ կարողանում ես բաշխել։ 

Միշտ եմ երազել պրոֆեսիոնալ ռինգի մասին։ Ինձ շատ էին ասում, որ ոճս հարմար է պրոֆեսիոնալին եւ երբ սկսեցի խորը հասկանալ բռնցքամարտը, ինքս էլ զգացի, որ կարող եմ։ Նայում էի մենամարտեր ու մտածում, թե իմ հերթը երբ է գալու։ Այդպես, երազանքս դարձավ նպատակ ու սկսեցի քայլել դեպի դա։ 

Երեկոյի մթնոլորտը, զգացողություններն ուրիշ էին։ Հայաստանում մենամարտ անցկացնելը պարտավորեցնող էր, դահլիճում հայրս էր, հարազատներս, ընկերներս։ Ուզում էի նրանց աչքի առաջ լավագույնս դրսեւորել ինձ։ Հիանալի էր դառնալ բարձրակարգ երեկոյի մի մասը։

Հիմա մի քիչ կհանգստանամ, կվերականգնվեմ ու թիմիս հետ կքննարկեմ առաջիկա մենամարտի մանրամասները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին