Դեկտեմբեր 22, 2024
exclusive
70278 դիտում

«Լեգենդներ»-ի հզոր ու հաղթանակի ձգտող բազկամարտիկները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լեգենդներ» մարզասրահ մտնելուց հետո միանգամից դառնում ես ջերմ, հաճելի ու ընկերական մթնոլորտի մի մասը:

Այստեղ մարդիկ են, ովքեր հաղթահարում են իրենց բաժին հասած մարտահրավերներն ամեն օր, ձգտում դառնալ ֆիզիկապես ու հոգեպես ավելի ուժեղ ու կոփված: Մարզասրահում միմյանց օգնելով ու քաջալերելով պարապում են ինչպես զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացածները, այնպես էլ
քաղաքացիական կյանքում կամ ի ծնե հաշմանդամություն ունեցողները:

Մեր «Սպորտը բոլորի համար» շարքում այս անգամ զրուցել ենք շատ ուժեղ ու հետաքրքիր մարդկանց հետ:

Արտավազդ Նալբանդյան (մարզիչ)

Լուսանկարը` Մեդիամաքս


2011 թվականից որպես բազկամարտի ու ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մարզիչ աշխատում եմ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, իմ սաները դարձել են ԵԱ-ի ու ԱԱ-ի չեմպիոններ:

Երկար տարիներ մարզվել եմ բազկամարտով, դարձել Աշխարհի չեմպիոն: Հենց այս մարզաձեւում կարող էի օգնել հաշմանդամություն ունեցողներին, դրա համար էլ հաճույքով անցա աշխատանքի:

Քանի որ հաշմանդամություն ունեցող մարզիկները տարբեր խնդիրներ ունեն՝ մկանային խմբերը լավ չեն աշխատում, կամ թերի զարգացած են, կամ էլ բացակայում են, ըստ այդմ փորձում ենք այնպես կազմակերպել պարապմունքը, որ գերհոգնածություն ու վնասվածքներ չառաջանան: Խմբակային մարզում նրանց հետ հնարավոր չէ անցկացնել, պետք է անպայման անհատական լինի, որովհետեւ ամեն մեկի մոտ տարբերվող խնդիրներ են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավատացեք` խնդիրներ ունեցող մարդկանց մոտ ցանկությունն ավելի մեծ է, սպորտը շատ կարեւոր դեր է խաղում նրանց կյանքում, այն հասարակությանը ներգրավվելու լավ միջոց է: Այստեղ իսկական ընտանիք ենք դարձել, ոչ միայն մարզվում ենք, այլ նաեւ տարբեր հավաքներ ենք ունենում, միջոցառումների մասնակցում կամ էլ ընտանիքներով տարբեր տեղեր գնում:

Մեր մարզասրահ հաճախում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 30 մարզիկ, տարիքային շեմ չկա՝ ունենք երեխա, որ Կոտայքի մարզից է գալիս ու այս ամիսների ընթացքում շատ լավ արդյունքներ է գրանցել, ունենք նաեւ մեծահասակներ: Նրանց հետ հիմնականում երեք մարզիչ է աշխատում՝ ես, Գեւորգ Ստեփանյանն ու Ոսկան Մարգարյանը: Մեր բոլոր մարզիկներն էլ մտածում են պրոֆեսիոնալների պես, նպատակ են դնում դառնալ նախ Հայաստանի, ապա նաեւ միջազգային մրցաշարերի հաղթող:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաշմանդամություն ունեցողների համար ամենամեծ խնդիրը տեղաշարժվելն է: Շատերը մեքենա չունեն, որ գան դահլիճ, իսկ Երեւանում հասարակական տրանսպորտը հարմարեցված չէ նրանց: Մեր դահլիճն առաջին հարկում է, սանդուղք չունենք, հանդերձարաններն ու լոգարանները թեքահարթակներով են:

Ֆեդերացիան փորձում է մեքենա ունենալ, որ կարողանա ապահովել իր անդամների տեղաշարժը: Պետական աջակցություն չունենք, հովանավորների շնորհիվ ենք անում այս ամենը, որի հիմնական մասը հոգում է ԱՄՆ-ի Հայ վիրավոր հերոսների ֆոնդը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենակարեւորը մեզ համար այն էր, որ չշտապեցինք ֆեդերացիա բացել ու տեսնել, թե ովքեր կգան մարզվելու: Փորձեցինք լավ օրինակ ունենալ, որ կարող ենք հաղթել ու չեմպիոն դառնալ: Դա եղավ Սարգիս Ստեփանյանը, նա ցույց տվեց, որ ցանկացած ծանրության հաշմանդամություն ունեցող էլ կարող է ուժեղ լինել ու հաղթել: Սա շատ ոգեւորեց նաեւ այլ տղաների, ովքեր գալիս են դահլիճ ու հավատում, որ հնարավոր է հաջողության հասնել:

Չեմպիոն դառնալն անձնական նպատակ է, իսկ հաշմանդամություն ունեցող մարզիկի համար առաջինը հենց ինքն իրեն ապացուցելն է, որ կարող է առողջ, ուժեղ ու հասարակության կարեւոր մաս լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի առաջնությունից հետո միջոցառումներ ունենք Հայաստանում, հունիսին կազմակերպելու ենք մաս-ռեսթլինգի առաջնություն, տարվա վերջում կմասնակցենք Աշխարհի առաջնությանն ու գավաթին: Բացի այդ, մեր մարզասրահի ներքին առաջնություններ ենք անցկացնում, որպեսզի մարզիկներն անընդհատ զգան հաղթանակի համը:



Վալտեր Հարությունյան (մարզիկ)

Ես միշտ էլ սիրել եմ սպորտն ու հետեւել տարբեր միջոցառումների: Հետո պարզեցի, որ Սարգիս Ստեփանյանը հիմնել է ֆեդերացիա ու որոշեցի, որ պետք է զբաղվեմ պրոֆեսիոնալ բազկամարտով: Արդեն 7 ամիս է հայրիկս ինձ բերում է այստեղ:

Մարզումներն ամեն ինչ են փոխվել է իմ մեջ՝ հոգեվիճակս, պատրաստվածությունս, դիմադրողականությունս, արդեն ավելի վստահ եմ քայլում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բազկամարտում սիրում եմ պայքարը, որի շնորհիվ անցած տարի Հայաստանի առաջնությունում առաջին հորիզոնականը գրավեցի: Շատ մեծ հաճույքով եմ գալիս այստեղ, որտեղ բացի մարզումներից շփվում եմ նաեւ լավ մարդկանց հետ:

Սարգիս Գաբրիելյան (մարզիկ)

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծառայել եմ Եղնիկներ զորամասում, որտեղ էլ 2015 թվականին հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ստացա վիրավորում: Անհավասար մարտ էր, մենք 11 հոգի էինք, թշնամին՝ 30: Շատ ուժեղ կռիվ եղավ, երեք զոհ տվեցինք, ես ու իմ դասակի զինվորը ծանր վիրավորվեցինք: Բայց ադրբեջանցիներից ոչ մի դիվերսանտ հետ չգնաց, տղաները հետապնդել ու ջախջախել էին բոլորին:

Մինչ բանակ գնալս ֆուտբոլով եմ զբաղվել, իսկ երբ հոսպիտալում բուժվում էի, ինձ տեսակցության եկավ Սարգիս Ստեփանյանը: Նա ասաց, որ ապաքինվելուց հետո կարող եմ բազկամարտով զբաղվել, ինչի շնորհիվ սպորտում առաջ կգնամ:

Սկզբում առողջական խնդիրների պատճառով զբաղված էի, չէր ստացվում մարզվել, բայց այս տարեսկզբից ինտենսիվ պարապմունքներ եմ անցկացնում: Նպատակս Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն դառնալն է: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ այստեղ գալս ես ուրիշ մարզասրահ էի գնացել: Այնտեղ մարզվողները մի տեսակ էին ինձ նայում, ճնշվում կամ հպարտանում էին, թե այս տղան մեկ ձեռքով ինչպես է աշխատում: Իսկ այստեղ ամեն ինչ շատ լավ է, հավասարը հավասարի հետ պարապում եմ:

Բազկամարտը հանգստություն է տալիս, ինչքան էլ նյարդայնացած լինեմ, այստեղ ամեն ինչ միանգամից անցնում է: Սպորտն առողջության գրավականն է, ֆիզիկապես ու նաեւ հոգեպես ուժեղանում ես, բացի այդ էլ շատ ընկերներ ձեռք բերում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

«Սպորտը բոլորի համար» նախագիծն իրականացվում է «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Ինտերնյուս Եվրոպայի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսական աջակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին