Դեկտեմբեր 27, 2024
exclusive
71912 դիտում

Պետական մոտեցումը հաշմանդամների սպորտին ու բազմաթիվ խնդիրները


Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


«Ոգին շարժման մեջ» կարգախոսով անցկացվող Պարալիմպիկ խաղերը չհանձնվելու ու միշտ սեփական ուժերին հավատալու հիանալի օրինակ են:

Հաշմանդամների սպորտին մեծ ուշադրություն է սկսել դարձվել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Վիրավոր ու հաշմանդամ զինվորներին վերականգնման ու կյանք վերադառնալուն սպորտն անչափ օգնում էր: Աստիճանաբար այդ շարժումը տարածվեց ամբողջ աշխարհով, նորանոր մարզաձեւեր ի հայտ եկան:

Հայաստանում արդեն 25 տարի է գործում է ազգային Պարալիմպիկ կոմիտեն, որի նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ Mediamax Sport«Սպորտը բոլորի համար» շարքին պատմել է մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարզիկների ձեռքերումների, այս հարցում պետության դիրքորոշման ու ապագա ծրագրերի մասին:

Պարալիմպիկ կոմիտեն ու ամենամյա փառատոնը

Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեն գործում է 1994 թվականից: Այն ստեղծելու առիթ էր հանդիսացել Անգլիայում կայանալիք առագաստանավային սպորտի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավերը: Այդ ժամանակ էլ որոշվեց երկիրը ներկայացնել «Փյունիկ» հաշմանդամների միությունից անկախ, ստեղծվեց Պարալիմպիկ կոմիտեն, որը գլխավորեց Հակոբ Աբրահամյանն ու արդեն համարյա 25 տարի է զբաղվում է հաշմանդամների սպորտի հարցերով:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


1996-ին Ատլանտայում Հայաստանն առաջին անգամ մասնակցեց ամառային Պարալիմպիկ խաղերին:

Վերջինը 2018-ի ձմեռային խաղերն էին Կորեայում: Առաջին անգամ դահուկավազք ձեւում հանդես եկանք ու ընդամենը 1 մարզիկ ունեինք: Ստասիկ Նազարյանը 3-4 ամիս էր զբաղվել այդ մարզաձեւով, բայց կարողացավ պատվով քննությունը բռնել եւ ավարտել մրցելույթը՝ որոշակի տեղ գրավելով: Առաջինը չէր, բայց բոլորը զարմացել էին, որ այդքան կարճ ժամանակում հաջողվել էր նման արդյունքի հասնել:

Հակոբ Աբրահամյանն իրենց ամենամեծ ձեռքբերումն ամեն տարի կազմակերպվող Հաշմանդամների սպորտի Ազգային խաղերն է համարում: Այդ փառատոնը հաշմանդամություն ունեցող մարզիկներ է հավաքում ողջ Հայաստանից, նրանք մրցում են 7 ձեւերում ու ցույց տալիս իրենց ունակությունները: Պարալիմպիկ կոմիտեի նախագահը փաստում է, որ դրանց շնորհիվ վերջին տարիներին սպորտի նկատմամբ վերաբերմունքն զգալիորեն փոխվել է:

Մարզիկների մոտ հաղթելու ձգտում ու ցանկություն կա, նաեւ սկսել են տարվա ընթացքում մարզվել, նախկինում այդպես չէր, միայն մրցելույթի օրն էին նախավարժանք անցկացնում: Մինչդեռ հիմա ավելի ակտիվ են պարապում ու փորձում խաղերում լավագույն տեղը զբաղեցնել:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Խաղերի ընթացքում էլ ի հայտ են գալիս ուժեղ մարզիկները, որոնց հետ կոմիտեն ցանկանում է հույսեր կապել: Նրանց թիվը մոտ 50-ի է հասնում, Աբրահամյանը վստահեցնում է, որ որոշակի ներդրումներ կատարելու դեպքում արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Մեր մարզական պոտենցիալը մեծ է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկների մրցությանն էլ նրանց տեսնում ենք: Դժբախտաբար, մեր պետությունը չի կարեւորում այս ոլորտն ու համապատասխան միջոցներ չի տրամադրում:

Պետության դիրքորոշումը

Պետբյուջեից Պարալիմպիկ կոմիտեն տարեկան 3 մլն դրամ է ստանում, սակայն այդ գումարը բավականացնում է միայն փառատոնի անցկացմանը: Մնացած միջոցները սեփական ուժերով են փորձում գտնել:

Չգիտես ինչու, մերոնք անլուրջ են վերաբերվում սպորտին ու, մասնավորապես, հաշմանդամների սպորտին: Վատ միտում կա, երբ սպորտի ղեկավարությունից աջակցություն ենք խնդրում, իրենք դա ուղիղ ֆինասական օգնություն են հասկանում, միշտ նույն պատասխանն ենք ստանում՝ փող չունենք, բայց մեծ ծավալի այլ աշխատանքներ էլ կան անելու:

Աբրահամյանը, մասնավորապես, բերում է պաուերլիֆտինգի՝ հաշմանդամների ծանրամարտի, օրինակը: Նրա կարծիքով, մարզաձեւը հնարավոր է շատ արագ ու առանց լրացուցիչ մեծ ծախսերի զարգացնել: Քանի որ ծանրամարտը Հայաստանում լավ հիմքերի վրա է դրված, դժվար չի լինի հավաքել մարզիչների ու նրանց համար հատուկ ուսուցում անցկացնել: Արդյունքում նրանք կծանոթանան բոլոր կանոններին ու ինքնուրույն էլ կկարողանան մարզումները վերահսկել:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Դրա համար պարզապես դահլիճները պետք է հարմարեցնել հաշմանդամություն ունեցողներին: 4 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 28 դպրոցները մատչելիության տեսանկյունից մոնիթորինգի են ենթարկվել:

Զրոյական վիճակ էր, միայն 2 մարզադաշտ կար, որ կարելի էր սայլակով մտնել, այն էլ միայն մարզասրահ, ոչ սանհանգույց: Արդյունքները շատ մտահոգիչ էին: Այս խնդրի լուծման համար քաղաքական կամք է պետք դրսեւորել ու հասնել արդյունքի: Նախկին նախագահի մեկ հրամանով Երեւանի բոլոր վարչական շրջաններում ստեղծվեցին շախմատի դպրոցներ, այդ ամենի համար գումար հատկացվեց, բայց դրանք համարյա կիսադատարկ վիճակում են: Մեծ մասն էլ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցողներին:

2018 թվականի նոյեմբերին Հայաստանում էր Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնը: Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ հանդիպել չէր հաջողվել, քանի որ նրանք երկրում չէին եղել: Աբրահամյանը հույս ունի, որ նոր կառավարությունը կարժեւորի այս ոլորտը:

Կողմնակի ֆինանսավորումն ու հոկեյի ուժեղ թիմը

Քանի որ Պարալիմպիկ կոմիտեին հատկացվող գումարը քիչ է, կողմնակի գումար ու հովանավորներ է գտնում, որոնց աջակցությունը հատկապես կարեւոր է լինում Պարալիմպիկ խաղերի ժամանակ: 2018-ի խաղերի ժամանակ գույք ձեռք բերելու ու մրցավայր հասնելու համար ծախսվել է 6,5 մլն դրամ:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Հիմա Պարալիմպիկ կոմիտեն սկսել է միջազգային հովանավորների հետ աշխատել, բանակցություններ է վարում Տոյոտա ինտերնացիոնալի ու Ալյանս ապահովագրական միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաեւ սերտորեն համագործակցում է Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի Ագիդոս հիմնադրամի հետ: 

Արդյունքում ստեղծվել է հոկեյի թիմ, որը շատ մեծ երկրների նախանձն է շարժել: Ագիդոսից ֆինասավորում ստացանք ու հատուկ սահնակներ ձեռք բերեցինք: Հիմա բավական լավ թիմ ունենք:

Հայաստանում նաեւ միջազգային ուսուցողական ճամբար է կազմակերպվել, որին մասնակցել են 6 երկրներ: Համատեղ մարզումներ ու դասընթացներ են իրականացվել:

Կարող է զարմանալի թվալ, բայց ավելի շատ կին հոկեիստներ ունենք, նրանք մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Հնարավորություն ունենք 1 տարում պարահոկեյի կանանց թիմ ստեղծել, արդեն բազան կա եւ ֆինանսավորման դեպքում Եվրոպայի առաջնության C փուլում կսկսեն խաղալ:

Հոկեիստներն անվճար մարզումներ են անցկացնում Իրինա Ռոդնինայի անվան Երեւանի գեղասահքի մարզադպրոցում: Շաբաթական 3 անգամ 1 ժամով նրանց սառույց է տրամադրվում, ինչպես նաեւ գույքը պահելու համար տեղ է հատկացվել: 

Ագիդոսի աջակցությամբ է նաեւ, որ հայ մարզչը Կորեայում վերապատրաստվել է ու հիմա տիրապետում է պարահոկեյի նրբություններին ու կանոններին: Հայաստանը մասնակից է ունեցել նաեւ Գերմանիայում կայացած դահուկավազքի միջազգային ուսուցողական ճամբարում:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Ակտիվ մարզաձեւերն ու բասկետբոլային թիմը

Տարին պարալիմպիկ մարզիկները սկսում են Ծաղկաձորում, որտեղ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ կազմակերպվում է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնություն: Մրցաշարն ընդգրկված է դահուկասպորտի Միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում:

Վատ ֆինանսավորման պայմաններում էլ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հետ չմնանք ու ինչ-որ տեղ էլ հաջողություններ ենք գրանցում:

Ագիդոսի շնորհիվ 5 լեռնադահուկորդներ ու 3 մարզիչներ Դուբայի փակ լեռնադահուկային կենտրոնում պարալեռնադահուկային սպորտի պարասնոուբորդի ուսուցողական ճամբարի ու մրցումներին են մասնակցել:

Պարականոեով թիավարողների խումբ է զբաղվում Հրազդանում: Աբրահամյանը փաստում է, որ լավ մարզիկ կա նաեւ Սեւանում, նա լուրջ պարապմունքներ է անցկացնում ու պատրաստ կլինի Աշխարհի առաջնությանը մասնակցելու, նրա հետ մեծ հույսեր են կապում:

Գյումրիում մի քանի պարալիմպիկ խաղերի մասնակից Գրետա Վարդանյանը հաշմանդամություն ունեցողների խումբ է կազմել, եւ աշխատում է  նրանց հետ, եւ մարզվում:

Գրետան լավ մարզավիճակում է, փետրվարին, հավանաբար, ԱՄԷ-ում կմասնակցի Աշխարհի առաջնությանը, Մեծ ջանքերով պատրաստվում է 2020-ի ամառային խաղերին: Նրան կարող ենք Պարալիմպիկ չեմպիոն դարձնել, եթե ֆինանսական հատկացում լինի:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


«Միկա» մարզադահլիճում, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցողներին, իր մարզումներն է անցկացնում բասկետբոլային թիմը: Այն ստեղծել է Պարալիմպիկ կոմիտեն, սակայն փոխանցել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Մեզ համար կարեւոր էր, որ թիմը շարունակի մարզվել: Հույս ունենք, որ Պաշտպանության նախարարությունը նույնպես կցանկանա սայլակներով բասկետբոլի իր թիմն ունենալ, մենք կրկին կօգնենք այդ հարցում: Պատրաստ ենք ՊՆ-ին էլ սայլակներով հանդերձ թիմ տրամադրել: Հույս ունեք, որ շուտով Գյումրիում էլ թիմ կունենանք:

Սայլակներով բասկետբոլի թիմ Հայաստանում կա 2006 թվականից, այն  Հաշմանդամների «Փյունիկ» միությանն էր ու փոփոխական հաջողություններով էր գործում ՝ ակտիվ մարզումներ, դրսից մարզիչներ, ֆինանսական դժվարությունների պատճառով երբեմն պասիվանում էր, բայց չդադարեց իր գոյությունը:

Սկզբում տղաները խթան չունեին, մի կերպ ապահովում էինք ընթացիկ մարզումներն ու հետաքրքրությունը չէր ավելանում: Մեզ հաջողվեց նրանց 2 անգամ Իրան տանել՝ Թավրիզ ու Սպահան: Ընկերական հանդիպումների մասնակցեցին, որոնք շատ օգտակար էին մեր տղաների համար, նրանք հասկացան, որ դեռ թույլ են եւ շատ գործ ունեն անելու միջին մակարդակի թիմ դառնալու համար:

Հակոբ Աբրահամյանն առանձնացնում է նաեւ բազկամարտիկների հաջողությունները, թեեւ այն պարալիմպիկ ձեւ չէ, սակայն վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է Հայաստանում: Ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ հաշմանդամների սեղանի թենիսի ֆեդերացիան, այն սկսել է միջազգային կառույցներին անդամակցել ու մրցաշարեր անցկացրել Երեւանում, Սպիտակում, Կապանում:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Այս տարվանից նախատեսվում է նստած վոլեյբոլի թիմ ունենալ, հատուկ սարքավորումներ պետք չեն, դահլիճի առկայությունը բավական կլինի:

Լողում ակտիվ էր Լոնդոնի ու Ռիոյի խաղերի մասնակից Մարգարիտա Հովակիմյանը, դժբախտաբար, նա անցած տարի արտագաղթել է, հիմա 3 փոքր մարզուհիներ ունենք, որոնց հետ հույսեր ենք կապում:

Ապագա կենտրոնն ու միջոցները

Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնը Հայաստան կատարած այցի ընթացքում հասցրել էր հանդիպել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանի հետ:

Քաղաքապետի հետ հանդիպումը բավական արդյունավետ էր: Նա խոստացավ մոտ 5000 ք/մ հողատարածք հատկացնել, Փարսոնն էլ՝ գումարներ գտնել, որ այդ տարածքում պարալիմպիկ ուսուցման ու մարզումների կենտրոն կառուցվի: Քաղաքապետարանի հետ սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ:

Աբրահամյանի վկայությամբ, Փարսոնը խնդրել է Ղազարյանին բանակցել Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ, որպեսզի Պարալիմպիկ խաղերը եւս հեռարձակվեն: Փարսոնը կմիջնորդի, որ որոշ մարզաձեւերի տեսանյութերը անվճար տրամադրվեն Հայաստանին: Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահը դա եւս սպորտը մասսայական դարձնելու կարեւոր շարժառիթ է համարում:

Արդյունքում՝ ավելի շատ մարդիկ կծանոթանան հաշմանդամների սպորտին: Այդ առումով աննախադեպ էին Լոնդոնի խաղերը, կազմակերպիչները շատ լուրջ էին պատրաստվել ու մեծ քանակի տոմսեր վաճառել: Դա մեծ արդյունք տվեց, մարդիկ կային, որ Օլիմպիական խաղերի փոխարեն Պարալիմպիկ մրցումներին էին եկել հետեւելու:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Աբրահամյանը փաստում է, որ այս տարիների ընթացքում միշտ օգտագործել են «Փյունիկի» ռեսուրսները գույքը, շենքային տարածքներն ու նույնիսկ՝ հովանավորներին: Նա փորձել է 2 կազմակերպությունները համատեղ գլխավորել ու արդյունքի հասնել:

Հունաստանի պարալիմպիկ կոմիտեի հովանավորներից մեկը տարեկան մոտ կես միլիոն եվրո է հատկացնում: Դրանք մեծ գումարներ են, ու մարզիկները կարողանում են լավ մարզումներ անցկացնել: Մենք, չունենալով մեծ միջոցներ, նույնպես կարողանում ենք ակտիվ լինել ու ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործել, որպեսզի հաջողությունների հասնենք ու հետ չմնանք: Սպորտը սոցիալիզացիայի ամենալավ ու կարեւոր ձեւերից է, փորձում ենք այն առավելագույնս օգտագործել:

Սպորտով զբաղվելու կարեւորությունն ու հայեցակարգը

Հաշմանդամների սպորտն ինքնահաստատվելու ու դրսեւորվելու հիանալի հարթակ է: Մարզիկները մոռանում են իրենց ֆիզիկական սահմանափակումների մասին ու անմնացորդ նվիրվում սպորտին` դրանով օգնելով նաեւ մյուսներին ոգեւորվել ու փոքր խնդիրներին այդքան մեծ կարեւորություն չտալ:

Մենք իրար պետք ենք ու միանշանակ օգնում ենք: Հաշմանդամություն ունեցողներն էլ են ավտոմեքենա վարում, բանկային քարտ ունեն, խանութ են գնում ու հազար բան անում, բայց ոմանք  սայլակով են տեղաշարժում, ոմանք ակնոցով, քայլակով կամ հենակով: Մեր գործունեությունն ի սկզբանե այնպես ենք տարել, որ ամառային ու ձմեռային վերականգնողական ճամբարներին մասնակցեն հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաները: Եվ արդյունքն ակներեւ է, ամուսնություններ են եղել ու ընկերություններ առաջացել:

Լուսանկարը` Armenian National Paralympic Committee


Ցավոք, Հայաստանում չկա վիճակագրություն, թե հաշմանդամություն ունեցողներից քանիսն են զբաղվում սպորտով: Աբրահամյանն առանձնացնում է 50-ին, որոնք լավ մարզվելու դեպքում ունակ են միջազգային ասպարեզ դուրս գալու:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հաշմանդամների սպորտի հետ կապված հայեցակարգ է մշակել, որը Պարալիմպիկ կոմիտեն հերթական ձեւական փաստաթուղթն է համարում:

Այն արտատպված է որեւէ տեղից ու չի համապատասխանում մեր խնդիրներին: Դրա համար էլ լրացումներով հանդես չենք եկել, մինչ այն կազմելն էր պետք հանձնաժողով ստեղծել: Մի հաստափոր արտագրություն են սարքել ու ուղարկել, որ իմ կարծիքն արտահայտեմ: Նախարարության հետ աշխատում ենք, բայց ուզում եմ, ոլորտի նկատմամբ վերաբերմունքը փոխվի:

Աբրահամյանը ցանկանում է, որ նախարարության ենթակայության տակ գործող մարզադպրոցները հանձնարարական ստանան  ու իրենց  աշխատանքներում ներգրավեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, ժամանակավոր լուծումներ լինեն ու խելացի հարմարեցումներ:

Նախարարությունում չկա հաշմանդամների սպորտի բաժին, դրանով իսկ արդեն երեւում է պետության վերաբերմունքը: Այն կցված է մասսայական սպորտի վարչությանը: Հաշմանդամների սպորտը շատ ընդգրկուն ու մեծ ոլորտ է, պետք է միշտ զբաղվել դրանով, ոչ թե մեզ պես անել՝ ձեռքի հետ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին