Դեկտեմբեր 22, 2024
exclusive
70104 դիտում

Երբ սպորտը կարող է օգնել հաշմանդամություն ունեցողներին


Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիա


Սպորտը պետք է հասանելի ու մատչելի լինի բոլորի համար: Այն կարողանում է համախմբել ու հաջողություն ապահովել ինչպես առողջ, այնպես էլ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Ցավոք, մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդիկ հիմնականում դուրս են մնում ակտիվ կյանքից ու ավելի շատ դժվարությունների հետ են առնչվում, քան առողջական խնդիրներ չունեցողները: Սա շատ ցավալի ու պատշաճ ուշադրության չարժանացած թեմա է, որին  Mediamax Sport-ը մանրակրկիտ անդրադառնալու ու բարձրաձայնելու է:

Մեր նոր նախագիծը կոչվում է «Սպորտը բոլորի համար» ու նպատակ ունի օգնելու բոլոր այն մարդկանց, ովքեր, չնայած մեծ ցանկությանը, հնարավորություն չունեն զբաղվել իրենց սիրած մարզաձեւով կամ էլ ընտրել են մարզիկի կարիերան, բայց խոչընդոտների պատճառով չեն կարողանում իրենց լիովին դրսեւորել:

Իսկ այն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր երկրում շատ են, անհերքելի է: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված է եղել հաշմանդամություն ունեցող 188,051 անձ: Նրանցից 8205-ը մինչեւ 18 տարեկան է, իսկ 23,260-ը՝ 18-40:

Հաշմանդամություն ունեցողների մեծ մասը՝ շուրջ 57 հազար, ապրում է Երեւանում: Մարզերում հաշմանդամության ամենաբարձր ցուցանիշն ունեն Լոռին (19 հազ.), Շիրակը (18 հազ.), Արարատն (17 հազ.) ու Գեղարքունիքը (17 հազ.):

Ցավոք, բայց տվյալներ չկան, թե նրանից քանիսն են զբաղվում սպորտով: Ֆիզիկական դաստիարակության եւ մարզվելու հարցերով հիմնականում զբաղվում են հասարակական կազմակերպությունները, որոնցից հատկապես ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեն, Խուլերի հայկական սպորտային կոմիտեն, Հայկական հատուկ օլիմպիադաներ, Հայաստանի կույրերի միավորում ՀԿ-ները, Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան:

Պարալիմպիկ, սուրդլիմպիկ, հատուկ օլիմպիադայի աշխարհի խաղերին մասնակցողները հիմնականում լինում են Երեւանից: Միջոցառումներ ոչ հաճախ, բայց կազմակերպվում են, իսկ պրոֆեսիոնալ մարզիկներ մեր երկրում դեռեւս մի քանիսն են:

Հետագայում անդրադառնալու ենք այդ կազմակերպությունների գործունեությանն ու բարձրացրած հարցերին, համապատասխան գերատեսչությունների ոչ պատշած մակարդակով կատարած աշխատանքին, ոլորտում առկա բացթողումներին եւ, իհարկե, այն մարդկանց, ովքեր, չնայած առողջական խնդիրներին, շարունակում են հավատալ իրենց ուժերին ու մարզվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին