Դեկտեմբեր 26, 2024
8160 դիտում

Գեւորգյան. Շնորհավորում եմ 2 Օլիմպիական չեմպիոնի կապակցությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական կողմնակալությունը շատերի զայրույթն է առաջացրել:

Այսօր իր Facebook-ի էջում դժգոհություն է արտահայտել նաեւ Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Սամվել Գեւորգյանը, որը նաեւ Հարությունյանի մարզիչն է Հայաստանում:

«Գիտեմ, թե հիմա Միհրանի ընտանիքն ինչ ապրումներ ու տառապանքներ ունի: Վերջին 3 տարիների ընթացքում ես Հայաստանում Միհրանի պատասխանատու մարզիչն եմ եղել: 2009-ից նրա մարզիչը Ռուբեն Թաթուլյանն է, իսկ մարզվել սկսել է  Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Երբ 2015-ին Բաքվի խաղերում ու Լաս Վեգասի ԱԱ-ում Միհրանին անարդար կերպով դատեցին, երեքս էլ չէինք կարողանում նայել նրա աչքերի մեջ, որովհետեւ ոչ մի բանով չկարողացանք օգնել»,- գրել է Գեւորգյանը:

Սակայն մարզչի խոսքով, Հարությունյանն այնպիսի կամքի ուժ ու տոկունություն է ունեցել, որ իրեն հետեւյալն է ասել. «Խոստանում եմ հաղթել Օլիմպիական խաղերում, կպատրաստվեմ 100 տոկոսով»: 

Գեւորգյանը նշել է, որ ըմբիշը կատարել է իր խոստումը: Կշռման արարողությունից սկսած նա համոզված է եղել իր հաղթանակում ու չի անհանգստացել, թե ինչպիսի ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել:

«Այսօր մեր օրն է, ու երբ դուրս գամ գորգ, մեջս Ալեքսանդր Մակեդոնացին է արթնանալու»: Այս խոսքերով ենք մենք մեկնել մրցման: Ամեն գոտեմարտի ժամանակ Միհրանը տրվել է առավելագույն կերպով: Եզրափակչից առաջ զգուշացրել ենք, որ մրցակիցը, ինչպես եւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչն, սերբ է: Մենք հստակ կատարել ենք բոլոր առաջադրանքները»,- շարունակել է Գեւորգյանը:

Մարզչի վկայությամբ, Հարությունյանն ակտիվ է եղել ողջ գոտեմարտի ընթացքում ու ոչ մի շանս չի տվել մրցակցին:  Գեւորգյանի խոսքով, մեդալը գողացել են ոչ միայն Միհրանից, այլեւ Հայաստանից ու ողջ հայ ժողովրդից.

«Այդ մեդալը նաեւ նրա ընտանիքինն էր, մեր թիմինը, անձամբ իմը, բայց այն բոլորիցս գողացան: Չնայած դրան՝ ես ու ամբողջ աշխարհը Օլիմպիական չեմպիոն Միհրանին ենք համարում: Այդ պատճառով էլ մեր երկրին շնորհավորում եմ 2 Օլիմպիական չեմպիոն ունենալու կապակցությամբ»:

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին