Փետրվար 06, 2026
99 դիտում

Նազարեթյան. Կարեւոր է, որ ֆուտզալի հավաքականի հաջողությունը շարունակական լինի


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ


Լիտվայում կայացած ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ: Հայ մարզիկները խմբային փուլում 3 հաղթանակ տարան եւ փլեյ-օֆֆում զիջեցին Խորվաթիային:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր թիմի ելույթները:

«Մեր առջեւ խնդիր էր դրվել Եվրոպայի առաջնությունում նվազագույնը մեկ հաղթանակ տանել, ես էլ իմ կողմից ավելացրել էի խմբային փուլը հաղթահարել, ինչն արեցինք 1-ին տեղով: 

Ցավալին այն է, որ կարող էինք նույնիսկ լավագույն քառյակում տեղ գտնել, բայց մի քիչ մեր բախտը չբերեց, մի քիչ էլ դարպասապահի խաղը վնասեց: Ուզում եմ տղաներին ու մարզչական շտաբին իրենց կատարած մեծ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել: Ամեն ինչ արեցին, որ երկրի պատիվը բարձր պահեն:

Առհասարակ ֆուտզալում մի գաղտնիք կա՝ թիմի հաջող ելույթի գրավականը դարպասապահի հուսալի խաղն է: Իսկ Ալբերտ Աղաջանովը խորաթների դեմ դիմակայությունում սխալներ թույլ տվեց, մեղքը նրա վրա չեմ գցում, պարզապես փաստն եմ արձանագրում: Դենիս Նեւեդրովն ու Արթուր Մելքոնյանն էլ սխալվեցին, ես էլ իմ հերթին, որ շուտ փոփոխություններ չկատարեցի: Բայց նաեւ մեզ արագ գոլը պակասեց, նախորդ անգամներն ընդունած գնդակից հետո կարողացել էինք արագ պատասխանել ու մեզ դա վստահություն էր տվել:

Լուսանկարը` ՀՖՖ


Հիմա մեր առաջնային նպատակը հետագայում էլ հաջող ելույթները շարունակելն է, Աշխարհի առաջնության որակավորման փուլում եւս վստահ հանդես գալն եւ խմբային փուլը հաղթահարելը: Ապրիլին կլինի վիճակահանությունը, ինչից հետո կհասկանանք ինչպես մեր առջեւ դրված առաջադրանքը կատարել:

ԵԱ-ում մեզ համար ամենամեծ նորությունը երկար ընթացքն էր, դեռ այդքան տեւական ժամանակահատված խաղեր չէինք անցկացրել ու պայքարի մեջ եղել: Նաեւ դրա համար ֆիզպատրաստվածության մարզիչ բերեցինք, որ թիմն այդ ծանրաբեռնվածությանը դիմանա: 

ԵԱ-ի դրական կողմերից մեկն էլ այն էր, որ մեր տղաները չընկրկեցին ու հավասար պայքար ծավալեցին, ինչի հետ կապված մինչեւ մրցաշարի մեկնարկը մտավախություններ ունեի: Թեեւ միեւնուն է մնում եմ այն համոզման, որ խորվաթների հետ կարող էինք ոչ-ոքի խաղալ:

Ինձ համար կարեւորն այն է, որ տղաներն իրենք են ցանկանում հավաքականում հանդես գալ: Լեգիոներներից մի քանիսը նույնիսկ իրենց հունվարյան աշխատավարձից հրաժարվել են, որպեսզի միանան հավաքականին:

Պետք է այնպես անել, որ այս հաջողությունը մեկանգամյա չլինի ու հետագայում էլ շարունակվի: Այդ նպատակով նաեւ սերնդափոխությունն ապահովելն է շատ կարեւոր, այնպես կանենք, որ փոփոխություններն անցնցում եւ աննկատ անցնեն: Տեսադաշտում երիտասարդ խաղացողներ կան, որոնցից մի քանիսին ընկերական խաղերում կփորձարկենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին