Հայաստանի լողի հավաքականին Օլիմպիական խաղերում մասնակցելու համար երկու սպիտակ քարտ է տրվել:
Դրանցից մեկը վաստակել է Մոնիկա Վասիլյանը, որը Ռիոյում հանդես է գալու 50 մ ազատ ոճում:
Mediamax Sport-ը հետաքրքիր եւ ուրախ հարցազրույց է ունեցել Մոնիկայի հետ:
- Լողն ամենագեղեցիկ ու առողջարար մարզաձեւերից է: Դու ինչպե՞ս հայտնվեցիր լողավազանում:
- Երեք տարեկանից հաճախել եմ լողի: Հորեղբայրս ջրագնդորդ է, իսկ նրա կինը՝ ջրացատկորդ: Երբ առաջին անգամ գնացել եմ լողավազան, հորեղբորս կինը միանգամից գցել է ջուրը, ու ես սկսել եմ լողալ: Երբեք էլ չեմ վախեցել ջրից, այն միշտ ինձ դուր է եկել: 10 տարեկանում առաջին անգամ մրցման մասնակցեցի ու 25 մետր տարածությունում հաղթող դարձա: Այդ ժամանակից էլ սկսեցի լուրջ պարապել ու պայքարել:
- Ինչո՞վ է գրավել քեզ լողը:
- Լողի գեղեցկության ու մյուս մարզաձեւերից տարբեր դարձնող հիմնական գործոնը ջուրն է: Ջրում ես խաղաղվում եմ, հանգստանում, գլխիս մեջ սկսում է երաժշտություն հնչել: Լողն ինձ տեղափոխում է այլ աշխարհ:
- Իսկ այսօր ի՞նչ երաժշտություն էր քեզ ուղեկցում:
- Անկեղծ ասած, այսօր մտածում էի: Գիտեի, որ գալու եք ու փորձում էի հասկանալ, թե ինչ հարցեր եք տալու, ինչպես է անցնելու հարցազրույցը (ծիծաղում է): Իսկ ընդհանրապես լինում է, որ նույնիսկ ինքս ինչ-որ բան եմ հնարում ու երգում մտքիս մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Լողն անչափ շատ էներգիա խլող մարզաձեւ է: Ինչպե՞ս ես կարողանում վերականգնվել:
- Առավոտյան մարզումից հետո պարտադիր քնում եմ, որն օգնում է կորցրած էներգիան վերականգնել: Արթնանալուց ու սնվելուց հետո արդեն պատրաստ եմ լինում երեկոյան պարապմունքներին:
- Իսկ հատուկ սննդակարգ ունե՞ս:
- Աշխատում եմ վիտամիններով հարուստ սնունդ ընդունել: Մրգերն ու միսը պարտադիր ներառված են իմ սննդակարգում: Ու, իհարկե, քաղցր, ես շատ քաղցրակեր եմ:
- Ասում են, լավ լողորդ լինելու համար կրկնակի աշխատանք պետք է կատարել նաեւ ջրից դուրս:
- Այո, պետք է ֆիզիկապես լավ պատրաստ լինես, որպեսզի կարողանաս լողավազանում քեզ լավ զգալ: Ցամաքում պետք է կոփվես, որպեսզի ջրում, որտեղ ավելի դժվար է, կարողանաս հեշտ աշխատել:
- Գաղտնիք չէ, որ լող մարզաձեւը մեր երկրում խնդիրներ ունի եւ ամենագլխավորը 50-մետրանոց լողավազանների քիչ լինելն է: Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել դժվարությունները:
- Իսկապես, դժվար է մարզվել 25 մետր լողավազանում, հետո գնալ մրցման ու հանդես գալ 50-մետրանոցում: Հիմա Օլիմպիական խաղերին մենք պատրաստվում ենք 50 մետրում, սակայն, կարծում եմ, լողավազանների թիվը պետք է ավելացվի: Լողը շատ օգտակար մարզաձեւ է, այն հավասարաչափ զարգացնում է բոլոր մկանները, սրտանոթային, շնչառական համակարգը: Հաստատ լողի զարգացումը մեծ օգուտ կտա մեր բնակչությանը:
-Մոնիկա, արի խոսնեք Օլիմպիական խաղերից, որոնք քեզ համար առաջինն են լինելու: Ի՞նչ է սա նշանակում քեզ համար:
- Օլիմպիական խաղերում հանդես գալն իմ ու հայրիկիս երազանքն է եղել: Ցավոք, նա արդեն մի քանի ամիս է մահացել է, սակայն ես կարողացա նրա ցանկությունը կատարել ու մեկնելու եմ Ռիո: Անչափ ուրախ եմ, որ մասնակցելու եմ այդ կարեւոր միջոցառմանը ու փորձելու եմ իմ լավագույն արդյունքը ցույց տալ:
- Հիմա արդեն քիչ ժամանակ է մնացել խաղերին: Ինչի՞ վրա ես հիմնականում աշխատում:
- Փորձում ենք ուղղել սխալներս, որպեսզի կարողանամ տարածությունն արագ հաղթահարել: Բացի այդ էլ, մեկնարկն ինձ մոտ լավ չի ստացվում, դրա վրա ենք աշխատում:
- Ասում են, որ լողորդները մեկնարկը չեն սիրում, ինչո՞ւ:
- Մեկնարկը շատ լարված է: Հենց այդ լարվածությունից է, որ լողորդները երբեմն ուշ կամ շուտ են թռչում ջուրը: Երբ կանգնած ես ու հանկարծ ձայն է լսվում, ենթագիտակցորեն ընկնում ես ջուրը, դրա համար ելույթից առաջ լողավազանում պետք է ոչ մի ձայն չլինի: Բայց երբ արդեն ջրում ես, ամեն ինչ անցնում է ու սկսվում է պայքարը:
- Ո՞րն է լինելու Ռիոյում քո հիմնական նպատակը:
- Իմ անձնական ռեկորդի բարելավումը: Այն եղել է 27.27, հիմա ձգտում եմ հատել 26-ի սահմանը:
- Կա՞ լողորդ, որի ելույթներին միշտ հետեւում ես:
- Այո, շատ եմ սիրում Քեթի Հոֆին եւ Լաուր Մանաուդուին: Ինձ դուր է գալիս նրանց ոճը, տեխնիկան, հաղթելու ու առաջինը լինելու ցանկությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Ո՞վ է, ըստ քեզ, ամենալեգենդար լողորդը:
- Միանշանակ Օլիմպիական 18-ակի չեմպիոն Մայքլ Փելփսը:
- Եթե բրազիլացի լինեիր, ի՞նչ մարզաձեւով կզբաղվեիր:
- Լողով կամ թենիսով, երկուսն էլ շատ եմ սիրում:
- Հայերն ու բրազիլացիները նմա՞ն են:
- Ոչ: Բրազիլիան, կարծում էմ, ավելի ազատ երկիր է: Բացի այդ էլ, մեր մաշկի գույնն է տարբեր:
- Եթե մուլտֆիլմի կերպար լինեիր, ո՞ւմ կընտրեիր:
- Եթե ջրի հետ կապենք, ապա կընտրեի ջրահարսի կերպար: Հնարավոր է լինեի նաեւ «Գեղեցկուհին եւ հրեշը» մուլտֆիլմի գեղեցկուհին (ծիծաղում է):
- Մոնիկա, արի ավարտենք այս նախադասությունները: Ամեն անգամ լողավազանից դուրս գալիս ես…
- մտածում եմ հանգստի մասին, քանի որ պետք է լավ ներկայանամ երկրորդ մարզմանը:
- Ջրում ազատ լինելու ու չվախենալու համար…
- պետք է վստահ լինես:
- Եթե ես չլինեի լողորդ, ապա…
- կզբաղվեի թենիսով:
- Օլիմպիական խաղերում ամեն հայ մարզիկ պետք է…
- չվախենա ոչ մի բանից եւ գնա դեպի հաղթանակ:
Մոնիկա Վասիլյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: