Գեորգի կամ Ժորժ Միկաուտաձեին Հայաստանում լավ են հիշում, նա մարտին 4 օրերի ընթացքում Երեւանում եւ Թբիլիսում կայացած Ազգերի Լիգայի անցումային հանդիպումներում 4 գնդակ ուղարկեց Օգնյեն Չանչարեւիչի դարպասը:
Mediamax Sport-ը ծանոթացել է տաղանդավոր 24-ամյա ֆուտբոլիստի կարիերայի ու անցած ճանապարհի հետ:
Աստղային պահը ԵՎՐՈ-ում
2024-ի ամռանը Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունը մի քանի նոր ու վառ անուններ բացահայտեց, որոնց թվում էր Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն:
Նա ոչ միայն իր ընտրանու առաջին պատմական գնդակը խփեց ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլում՝ աչքի ընկնելով Թուրքիայի դեմ խաղում, եւս 2 անգամ էլ գրավեց Չեխիայի ու Պորտուգալիայի դարպասներն ու առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն էր: Նրա հավաքականը քառորդ եզրափակչում զիջեց Իսպանիային եւ դուրս մնաց մրցաշարից:
Միակուտաձեն պատմության 4-րդ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է գոլեր խփել Եվրոպայի առաջնության առաջին 3 խաղերում: Նրանից առաջ դա արել էին Վիկտոր Պոնեդելնիկը (ԽՍՀՄ), Հրիստո Ստոիչկովը (Բուլղարիա) եւ Գարեթ Բեյլը (Ուելս):

Լուսանկարը` անձնական արխիվից
Ամենավատ օրը
Միկաուտաձեին ֆրանսիական վրացի են անվանում: Բանն այն է, որ ծնողները Վրաստանից Ֆրանսիա են տեղափոխվել դեռ մինչեւ նրա ծնվելը: Միկաուտաձեն լույս աշխարհ է եղել 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Լիոնում: Իր հիմնական ֆուտբոլային կրթությունն էլ ստացել է «Լիոն»-ի ակադեմիայում, սակայն պատանի տարիքում կարճ հասակի պատճառով նրան հեռացրել են թիմից:
15-ամյա տղային այդ որոշումը շատ էր տխրեցրել, կարծում էր ստիպված կլինի հրաժեշտ տալ ֆուտբոլին եւ օրերով արտասվում էր: Ակադեմիայից հեռացման օրը նա իր կյանքում վատագույնն է համարում, սակայն ծնողների աջակցության շնորհիվ կարողացավ այդ ամենը հաղթահարել ու չհուսահատվել: Շուտով նրան նախ «Սենտ Պրի»-ն հրավիրեց, ապա եւ «Մեց»-ը: Հարձակվողին հավատացին ու իրեն դրսեւորելու եւս մեկ հնարավորություն տվեցին:
Որոշիչ «Սերեն»-ը
Մինչեւ 20 տարեկանը Միկաուտաձեն ոչ մի կերպ չի առանձնացել «Մեց»-ում եւ նրան որպես հիմնական կազմի խաղացող չեն էլ դիտարկել: Ամեն ինչ փոխել է Բելգիա կատարած այցելությունը, երբ նրան ակումբի գործընկեր «Սերեն» փորձաշրջան են ուղարկել:

Լուսանկարը` FC Seraing
Վրացի խաղացողի նոր թիմն այն ժամանակ հանդես էր գալիս Բելգիայի երկրորդ դիվիզիոնում, Միկաուտաձեն ակումբում նորովի խաղաց ու իրեն հիանալի կողմից բացահայտեց: «Սերեն»-ի կազմում անցկացրած 21 խաղում հարձակվողը 19 գոլ խփեց եւ առաջնության լավագույն ռմբարկուն դարձավ։ Ակումբում իր առաջին խաղում միանգամից 4 գնդակ հեղինակեց, իսկ թիմը 2-րդ տեղը զբաղեցրեց: «Սերեն»-ն անցումային խաղեր անցկացրեց եւ հաղթեց 6:3 հաշվով՝ գոլերի կեսը հենց Միկաուտաձեի հաշվին են: «Սերեն»-ի երկրպագուները միկաուտաձեին իր խաղաոճի եւ պաշտպաններին շրջանցելու հմտության շնորհիվ համեմատում էին Մադրիդի «Ռեալ»-ի աստղ Կարիմ Բենզեմայի հետ:
Վարձավճարն ավարտվելուց հետո վերադարձավ «Մեց» եւ Ֆրանսիայի առաջնությունում մի քանի հանդիպում անցկացնելուց հետո նորից վերադարձավ «Սերեն»: Բարձրագույն խմբում Միկաուտաձեն աչքի ընկավ 9 անգամ:
2021-2022 մրցաշրջանից հետո «Մեց»-ը լքեց Լիգա 1-ը եւ ստիպված վերադարձրեց Միակուտաձեին, որը արդարարեց սպասելիքներն ու 2022-2023 մրցաշրջանում Լիգա 2-ի գլխավոր գործող անձանցից մեկը դարձավ: Նա 37 խաղում 23 գոլ խփեց եւ առաջնության լավագույն ռմբարկուն ճանաչվեց, «Մեց»-ն էլ վերադարձավ Լիգա 1: Միկաուտաձեն Լիգայի լավագույն խաղացողի կոչմանն արժանացավ:

Լուսանկարը` FC Metz
«Լիգա 1-ում խաղալը հիանալի զգացողություն էր, քանի որ զգում էի՝ մանկական երազանքս իրականություն է դառնում: Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս ստորագրեցի»,- խոստովանել է Միկաուտաձեն:
Անհաջող «Այաքս»-ը
Ակումբում լավ մրցաշրջան անցկացնելուց հետո վրացուն սկսեցին ուշադրություն դարձնել ավելի ուժեղ եվրոպական ակումբները, այդ թվում՝ «Լիոն»-ը: Բայց նա նախընտրեց տեղափոխվել Նիդերլանդներ ու 16 մլն եվրոյով հայտնվեց «Այաքս»-ում:
Այնտեղ ֆուտբոլիստն իր կարողություններից ցածր հանդես եկավ, սակայն դա պայմանավորված էր նաեւ «Այաքս»-ի վատ խաղով, որը որոշ ժամանակ գտնվում էր առաջնությունից դուրս մնալու վտանգի տակ:
«Ինձ համար իրոք բարդ ժամանակաշրջան էր: Երկու ամիս հյուրանոցի համարում անցկացրի, արդեն խելագարվում էի: Ակումբն առանձնակի չէր օգնում բնակարան գտնել: Այնքան դժվար էր, որ ընտանիքս որոշեց մեկ ամսով տեղափոխվել ինձ մոտ ու կողքիս լինել: Այնպիսի պայմաններ չէին, որոնք կօգնեին ֆուտբոլ խաղալ: Ամեն ֆուտբոլիստ պետք է իրեն հարմարավետ ու հարգված զգա, որպեսզի կարողանա խաղալ: Նիդերլանդներում մեծ հիասթափություն ապրեցի»:

Լուսանկարը` FC Ajax
Թիմն այդ ժամանակ գլխավորում էր Հայաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Ջոն վանտ Սխիպը, որին Երեւանում ու Թբիլիսում կայացած մամուլի ասուլիսների ժամանակ վրացի լրագրողները հարցախեղդ արեցին եւ ուզում էին իմանալ, թե ինչու Միկաուտաձեի խաղալու հնարավորություն չտվեց:
Միկաուտաձեի վիճակագրությունն «Այաքս»-ում սարսափելի էր, նա ոչ մի արդյունավետ գործողությամբ այդպես էլ աչքի չընկավ ու ստիպված էր վերադառնալ «Մեց»:
Հավաքականը
Միկաուտաձեն առաջին անգամ Վրաստանի հավաքականից հրավեր է ստացել 2021 թվականին: Թիմի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլն է նկատել ֆուտբոլիստին, նա ֆրանսիացի է ու լավ ծանոթ էր երկրի առաջնությանը:
Առաջին խաղը թիմում անցկացրել է Շվեդիայի դեմ, որում Վրաստանը զիջել է 0:1 հաշվով: Իսկ ահա առաջին գոլը խփել է Ռումինիայի դեմ ընկերական խաղում եւ օգնել հաղթել 2:1 հաշվով: Պաշտոնական առաջին գոլն Ազգերի Լիգայում Ջիբրալթարի դեմ էր:
ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում էլ նա 3 գոլ է խփել եւ Վրաստանին օգնել առաջին անգամ պատմության մեջ դուրս գալ եզրափակիչ փուլ:
«ԵՎՐՈ-ում Վրաստանը ներկայացնելը հիանալի էր: Այդպիսի մակարդակի մրցաշարում խաղալն անհավանական հաճելի է: Նման պահեր կյանքում քիչ են հանդիպում, դրա համար էլ թիմակիցներիս հետ որոշեցինք ողջ ուժերը ներդնել ու մեզ չխնայել»:

Լուսանկարը` UEFA
Միակուտաձեին է պատկանում Վրաստանի հավաքականի ռեկորդը՝ 2023-ին Թաիլանդի հետ կայացած ընկերական խաղում նա պոկերի հեղինակ է դարձել: Մինչ այդ ոչ մի վրացի ֆուտբոլիստի չէր հաջողվել մեկ խաղում 4 գոլ գրանցել: Հիմա նա հավաքականում 20 գոլ ունի իր հաշվին:
Հարազատները
Ընտանիքն ու հարազատները Միկաուտաձեի կյանքում կարեւոր դեր են խաղում: Նախ ծնողներն են միշտ կողքին եղել ու օգնել կայանալ որպես խաղացող, ապա նաեւ կապը պահել է բազմաթիվ վրացի բարեկամների հետ:
Ապրելով հայրենիքից հեռու՝ ծնողները նրան մանկուց վրացերեն են սովորեցրել եւ ամառային արձակուրդներին ուղարկել Վրաստան, որտեղ էլ մտերմացել է բարեկամների հետ, ծանոթացել երկրի մշակույթին ու խոհանոցին: Սիրելի ուտելիքներն են խինկալին եւ աջարական խաչապուրին:
Միկաուտաձեն կասկած էլ չի ունեցել, որ ներկայացնելու է Վրաստանի հավաքականը՝ մանկուց էր այդ մասին երազել: Հիմա ելույթները շարունակում է «Լիոն»-ում, որտեղ վերադարձել է հեռացվելուց մոտ 10 տարի անց:

Լուսանկարը` FC Lyon
«Շարունակել եմ աշխատել ու ոչ մի պահ չեմ մտածել հանձնվելու մասին: Ակումբից հեռացա, երբ դեռ պատանի էի, ու վերադարձա արդեն տղամարդ դարձած: Այս ողջ ընթացում սպասում էի արդյոք «Լիոն»-ը կցանկանա՞ ինձ ձեռք բերել: Համարում եմ, որ ակումբի հետ իմ պատմությունը դեռ ավարտին չեմ հասցրել»,- տեղափոխության մասին ասել է նա:
Մրցաշրջնի առաջին մասն անհաջող էր հարձակվողի համար, հիմնականում պահեստայինների նստարանին էր մնում, «Լիոն»-ն էլ վատ էր հանդես գալիս: 2025 թ. հունվարին թիմը գլխավորեց Պաուլու Ֆոնսեկան, ու այդ պահից սկսած Միկաուտաձեն անհավանական մրցաշրջան անցկացրեց:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: