Դեկտեմբեր 22, 2024
671 դիտում

Ռեկորդակիրները. Լոպեսի Օլիմպիական ոսկիները Պեկինում, Լոնդոնում, Ռիոյում, Տոկիոյում եւ Փարիզում


Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Olympics


Ամռանը Փարիզում կայանած Օլիմպիական խաղերը մի քանի առումով էին ուշագրավ կուբացի Միխաին Լոպեսի համար: Նա փառահեղ կերպով մասնակցեց իր 5-րդ խաղերին ու 5-րդ անգամ անընդմեջ չեմպիոն հռչակվեց:

Mediamax Sport«Ռեկորդակիրները» շարքում այս անգամ ներկայացնում ենք 42-ամյա կուբացու անհավանական պատմական նվաճումը:

Հունահռոմեական ոճի ըմբիշը վաղուց է ապացուցել, որ սովորական ըմբիշ չէ: Քչերին է հաջողվում նույնիսկ մեկ Օլիմպիական ոսկի նվաճել, իսկ նա դա կարողացել է անել 5 անգամ շարունակ: Լոպեսը բացառիկ ու երկար մարզական կարիերա է ունեցել եւ ամեն անգամ կարողացել լավագույն մարզավիճակում լինել խաղերի ժամանակ:

Լուսանկարը` UWW


Փարիզում էլ նա մեծագույն մարզիկի պես ելույթ ունեցավ ու հենց այդպես էլ՝ փառքի գագաթնակետին ավարտեց կարիերան: Առաջին անգամ Օլիմպիական խաղերում ուժերը չափել է հեռավոր 2004-ին Աթենքում, այն ժամանակ երիտասարդ ըմբիշը մեդալային պայքարին խառնվել չկարողացավ, սակայն Պեկինում, Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Տոկիոյում եւ Փարիզում անհավանական էր:

2020-ի խաղերում գրանցած 4-րդ ոսկուց հետո կարող էր հանգիստ ավարտել կարիերան, արդեն իսկ մոլորակի մեծագույն ըմբիշն էր համարվում, ամառային խաղերում նրանից բացի նույն ձեւում 4 ոսկի ունեին միայն լողորդ Մայքլ Փելփսը, վազորդներ Կառլ Լյուսիը, նիզականետորդ Էլ Օրտերը, առագաստանավորդ Պաուլ Էլվստրյոմն ու ըմբիշ Կաորի Իտյոն, սակայն կուբացին ցանկանում էր բացառիկ լինել:

Իր 42-ամյակից մեկ շաբաթ առաջ նրան հաջողվեց Փարիզում ռեկորդ սահմանել ու դառնալ 5 Օլիմպիական խաղերում հաղթած առաջին ըմբիշը:

Լուսանկարը` Olympics


Մինչեւ 130 կգ քաշային կարգի եզրափակչում նա հանդիպեց չիլիացի Յասմին Ակոստա Ֆերնանդեսին ու հաղթեց 6:0 հաշվով: Լոպեսը դարձավ նաեւ ամենատարեց Օլիմպիական չեմպիոն ըմբիշը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ֆին Ադոլֆ Լինդֆորսին, որը 1920-ի խաղերում հաղթել է 41 տարեկան 190 օրականում:

Փարիզում Լոպեսը հավասարվեց Նիդերլանդները ներկայացնող չմուշկորդ Իրեն Վյուստի հետ, որը միեւնույն մրցատարածությունում հաղթել է 5 անգամ, սակայն ի տարբերություն նրա, կուբացին լավագույն է եղել 5 խաղեր անընդմեջ:

Լուսանկարը` UWW


Եզրափակիչ սուլիչից հետո Լոպեսը Փարիզում հանեց խաղակոշիկները, համբուրեց դրանք ու հուզված թողեց գորգի վրա: Դահլիճը րոպեներ շարունակ հուզված ու արցունքն աչքերին ծափահարում էր մեծագույն ըմբիշին:

Եզրափակչից հետո Լոպեսին խնդրեցին նկարագրել իր հաղթանակներից յուրաքանչյուրը: Ստացվեց այսպիսի պատասխան. «Պեկին՝ երիտասարդություն, Լոնդոն՝ առավելություն, Ռիո՝ ջանքեր, Տոկիո՝ զոհողություն եւ Փարիզ՝ ուրախություն: Իրականում շատ երջանիկ եմ: Իմ կյանքում ու կարիերայում շատ նշանակալի իրադարձություն է: Սակայն այդ ճանապարհին ես միայնակ չեմ եղել: Իմ բոլոր նվաճումները նաեւ մարզչական շտաբինս են, ծնողներինս ու ընտանիքինս, որոնք միշտ կողքիս են եղել ու աջակցել են ինձ երկարատեւ կարիերայիս ընթացքում: Եվ ինչը կարող է ավելի հիասքանչ լինել, քան ազդարարել ավարտը նման հաղթական պահի»:

Փարիզի խաղերի իր 5-րդ ոսկին Միխաին Լոպեսը նվիրեց հոր հիշատակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին