Դեկտեմբեր 04, 2024
9368 դիտում

Ռեկորդակիրները․ ԱԱ-ում Սիմոն Մարտիրոսյանի անգերազանցելի արդյունքները


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` IWF

Լուսանկարը` IWF


Հայ ծանրորդները միշտ էլ աչքի են ընկել իրենց գրանցած արդյունքներով ու հիանալի ելույթներով։

Նրանցից է Օլիմպիական կրկնակի արծաթե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Այս անգամ Mediamax Sport«Ռեկորդակիրները» շարքի հերոսը հենց նա է։

Լուսանկարը` IWF


2018-ին ծանրամարտի Աշխարհի առաջնությունն ընդունել էր Աշխաբադը։ Սպասվում էր, որ 109 կգ քաշային կարգում պայքարը կծավալվի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի, բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի եւ չորրորդ տեղը զբաղեցրած Յանգ Ժեի միջեւ։

Պոկում վարժությունում հաղթող դարձավ եւ առաջատարի դերը ստանձնեց Ժեն, որին Մարտիրոսյանը զիջեց ընդամենը 1 կգ-ով ու 195 կգ արդյունքով բավարարվեց փոքր արծաթով։

Սակայն Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն ամենեւին էլ չէր անհանգստանում, քանի որ վստահ էր, որ Սիմոնն ամեն ինչ հետ է բերելու հրման ժամանակ։ Հրումում հայ ծանրորդը ցույց տվեց, որ իսկական առաջատար է ու պատրաստվում է մրցակիցներին ոչ միայն հաղթել, այլ անել դա ակնհայտ առավելությամբ՝ գրանցելով ռեկորդներ։

Մարտիրոսյանը հրում վարժությունը սկսեց ամենավերջում եւ ընդամենը մեկ մոտեցմամբ հռչակվեց Աշխարհի չեմպիոն։ Այն բանից հետո, երբ Նուրուդինովը չբարձրացրեց 238 կգ-ն, մարզիչները պատվիրեցին 240 կգ։ Սիմոնը դուրս եկավ հարթակ ու վստահորեն իրեն ենթարկեց պատվիրած քաշը։ Այս ցուցանիշով նա գրանցեց Աշխարհի ռեկորդ։ Ավելին, Մարտիրոսյանը ռեկորդակիր դարձավ նաեւ երկամարտի արդյունքով, որը կազմում էր 435 կգ։

Լուսանկարը` IWF


Նրանից պահանջվեց ընդամենը մեկ տարի, որպեսզի աշխարհի ռեկորդ սահմանի նաեւ պոկում վարժությունում։ Պատտայայում նա, Ժեն եւ Անդրեյ Արամնաուն հերթով ռեկորդային քաշեր էին բարձրացնում, սակայն Մարտիրոսյանը վերջին մոտեցմամբ ֆիքսեց 199 կգ եւ աշխարհի ռեկորդը գրվեց հենց նրա անվան դիմաց։

Այդ առաջնությունում հայ ծանրորդը երկամարտի 429 կգ-ով դարձավ Աշխարհի կրկնակի չեմպիոն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին