Դեկտեմբեր 06, 2024
4312 դիտում

Ռեկորդակիրները․ Պեկինի խաղերի բացահայտում եւ 8-ակի չեմպիոն Մայքլ Ֆելփսը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Մայքլ Ֆելփսի սահմանած ռեկորդներն անթիվ ու անհամար են։ Նա այն մարզիկներից է, որը գրեթե ամեն մրցաշարում գերազանցում էր ինքն իրեն ու հաղթանակը կերտում ռեկորդով։

Mediamax Sport«Ռեկորդակիրները» շարքում անդրադառնալու ենք Պեկինի խաղերին, որտեղ Ֆելփսը 8 անգամ դարձավ Օլիմպիական չեմպիոն։

Լուսանկարը` Reuters


«Նա գերազանցելու է իմ ռեկորդը»,- խաղերից առաջ ասել էր ամերիկացի Մարկ Սպիցը, որը 1972-ին Օլիմպիական ռեկորդ էր սահմանել՝ միանգամից նվաճելով 7 ոսկե մեդալ:

Իսկապես, Պեկինի խաղերի լողի մրցումների հենց մեկնարկից Ֆելփսը ցույց տվեց, որ անգերազանցելի է։ Նա ամեն օր դառնում էր մեդալակիր, իսկ ողջ սպորտային աշխարհը խոսում էր հենց իրենից։ Պեկինում ամերիկացի լողորդը ոսկե մեդալներ նվաճեց 200 մ ազատ ոճում, 100 եւ 200 մ բաթերֆլայում, 200 եւ 400 մ, 4x100 համալիր լողում, 4x100 եւ 4x200 մ ազատ ոճում։

Նշենք, որ բոլոր այս մրցատարածություններում նա սահմանել է Աշխարհի ռեկորդներ, իսկ 100 մ բաթերֆլայում՝ Օլիմպիական։ Ֆելփսը դառնում է առաջին լողորդը, ում հաջողվում է պաշտպանել Օլիմպիական ոսկին բաթերֆլայ ձեւում։

Լուսանկարը` Reuters


Օգոստոսի 17-ին հաղթելով 4x100 փոխանցումալողում՝ նա գերազանցում է Սպիցին, ապա խոստովանում․ «Ռեկորդները մի օր գերազանցվում են մեկ այլ մարդու կողմից․․․ամեն մեկը կարող է անել այն, ինչ իր մտքին է։ Ես չէի ուզում լինել երկրորդ Մարկ Սպից, ես ուզում էի լինել առաջին ու միակ Մայքլ Ֆելփս»։

Խաղերի ընթացքում ու հատկապես հետո շատ էին կարծիքները, թե առանց «լրացուցիչ օգնության» Ֆելփսին դժվար կլիներ նման ցուցանիշներ գրանցելը՝ նկատի ունենալով արգելված խթանիչներ օգտագործելը։ Լողորդը մամուլի միջոցով հերքեց բոլոր կասկածները եւ նշեց, որ ինքն ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության անդամ է ու կամովին բազմաթիվ անգամներ ստուգումներ է անցել։

Նրան ստուգել են նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում։ Խաղերի ժամանակ նրանից վերցվել է 9 փորձանմուշ եւ բոլորն էլ եղել են բացասական։

Լուսանկարը` Reuters


«Երբ ես լողում եմ, կատարյալ ազատություն ու հանգստություն եմ զգում: Մինչ մրցումը ես այնքան շատ եմ աշխատում, որ սուլիչից հետո սկսում եմ վայելել պայքարը: Անկեղծ եմ ասում, եթե հնարավոր լինի, ես կքնեմ ջրի մեջ, դա ամենաապահով վայրն է ինձ համար»,-տարիներ առաջ խոստովանել է մեր շարքի այսօրվա հերոսը՝ Մայքլ Ֆելփսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին