Դեկտեմբեր 22, 2024
3870 դիտում

Ռեկորդակիրները. Լարիսա Լատինինայի Օլիմպիական 18 մեդալները


Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Getty Iamges

Լուսանկարը` Si.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Կան մարզիկներ, ովքեր ոչ միայն մեծ նվաճումների են հասնում, այլ դա անում են անհավանական կերպով ու կարողանում պատմության մեջ մնալ նաեւ իրենց սահմանած ռեկորդներով:

Հենց նրանց մասին էլ Mediamax Sport-ը պատմելու է իր նոր «Ռեկորդակիրները» շարքում, որի բացումն անելու է ամենատիտղոսակիր կին մարզուհին՝ Օլիմպիական խաղերի 18-ակի մեդալակիր, որոնցից 9-ը ոսկե, Աշխարհի 9-ակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լարիսա Լատինինան:

Նա բացարձակ ռեկորդակիր է մարմնամարզության կանանց ու տղամարդկանց պայքարում նվաճած 9 օլիմպիական մեդալներով:

Լուսանկարը` Si.com


Լատինինան մասնակցել է 3 Օլիմպիական խաղերի ու բոլորում էլ ոսկիներ նվաճել: Փայլուն է ստացվել նրա մեկնարկը 1956-ին Մելբուռնում կայացած խաղերում, որտեղ նա մեդալներ է նվաճել բոլոր գործիքների վրա՝ բացառությամբ գերանի: Մարզուհին հաղթող է հռչակվել թիմային պայքարում, բազմամարտում, հենացատկում եւ ազատ վարժություններում:

22-ամյա Լատինինայի մասնակցությունն ու նվաճած մեդալներն իսկական սենսացիա են դարձել ու նրան մեծ ճանաչում բերել: Իսկ նա նվաճած 4 ոսկե մեդալներից մեկը նվիրել է առաջին մարզչին՝ Միխայիլ Սոտնիչենկոյին, ի նշան հարգանքի եւ իր մեջ առաջացրած մրցակցության ոգու համար:

Օլիմպիական խաղերից վերադառնալուց հետո մարզիկներին դիմավորել է ԽՍՀՄ-ի ղեկավարությունը՝ Նիկիտա Խրուշչովի գլխավորությամբ: Լատինինան հաղթողների անունից ելույթով է հանդես եկել ու բավական համարձակ ճառ ասել. «Գիտե՞ք թե ինչու ենք Օլիմպիական խաղերում այդքան ինքնամոռաց պայքարել: Վախեցել ենք, որ անհաջողության դեպքում Նիկիտա Սերգեւեիչը բոլոր դաշտերում եգիպտացորեն ցանել կտա»,- բոլորին զարմացրել ու վախեցրել է մարզուհին:

Լուսանկարը` Getty Iamges


Բարեբախտաբար, նրա խոսքերը որպես կատակ են ընդունել, մարզուհին սկսել է պատրաստվել իր հաջող խաղերին, որոնք 1960-ին Հռոմում էին: Մինչ այդ նա հասցրել է հղիության 5-րդ ամսում հաղթել Աշխարհի առաջնությունում, դուստր ունենալ եւ վերականգնվել մինչեւ խաղերը:

Հռոմում Լատինինան ֆավորիտների թվում էր եւ արդարացրեց սպասելիքները՝ պատվոհարթակին բարձրանալով բոլոր վարժություններում: Նա նվաճեց 3 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալներ: Մարմնամարզուհին լավագույնն էր թիմային պայքարում, բազմամարտում եւ ազատ վարժություններում:

Իր «Հավասարակշռություն» ինքնակենսագրական գրքում այսպես է գրել. «Մեկնաբանը հայտնեց. «ԽՍՀՄ-ի մարմնամարզուհիները բոլորին գերազանցեցին: Նրանք տուն կտանեն հնարավոր բոլոր մեդալները: Արդեն 3-րդ անգամն է նրանք թագավորում են խաղերում»: Այդ երեկո երկրպագուներից մեկն ինձ ասաց. «Փառահեղ էր: Մեդալները երկնքից թափվում էին ձեզ վրա»: Ինչին պատասխանեցի. «Ոչ, պարոն: Ամեն մեդալ երկնքից ինքներս ենք ցած իջեցնում: Մեզնից ամեն մեկն իր աստղերն ունի»»:

Լուսանկարը` Getty Images


Լատինինայի վերջին Օլիմպիական խաղերը Տոկիոյում էին, որտեղ նվաճած 6 մեդալներից 2-ն էին ոսկե: Նա անգերազանցելի էր թիմային պայքարում եւ ազատ վարժություններում:

Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների քանակով Լատինինայի ռեկորդն անգերազանցելի է եղել 48 տարի՝ մինչեւ որ 2012 թվականին Մայքլ Ֆելփսին հաջողվեց շրջանցել նրան (ամերիկացի լողորդին հետագայում հաջողվեց Օլիմպիական խաղերում նվաճել 28 մեդալ): Այդ առիթով Louis Vuitton-ը սպորտային լեգենդների հետ պայմանագիր կնքեց ու նրանց մասնակցությամբ ֆոտոշարք նկարեց: Նրանք «Երկու փառահեղ ուղի՝ մեկ ճակատագիր» կարգախոսով գովազդում էին բրենդի պայուսակները:


Լատինինան շարունակում է Օլիմպիական մեդալների քանակով 2-րդ տեղում մնալ, իսկ կին մարզիկներից՝ լավագույնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին