Դեկտեմբեր 23, 2024
636 դիտում

Սերն Օլիմպիական խաղերի ժամանակ. Ամենագեղեցիկ զույգերն ու նրանց մեդալները



Փարիզը սիրո քաղաք է, ու այդ բնորոշումը լիովին արդարացրեց նաեւ Օլիմպիական խաղերի ժամանակ: Դժվար է հիշել որեւէ այլ Օլիմպիական խաղեր, որոնց ընթացքում ամուսնության այդքան առաջարկություններ արվեցին կամ էլ սիրո խոստովանություններ եղան:

19 օրերի ընթացքում ականատես եղանք ոչ միայն անհավանական նվաճումների ու հաղթանակների, այլ նաեւ գեղեցիկ մարդկային պատմությունների, որոնք էլ ներկայացնելու ենք:

Լյու Յունչեյ եւ Խուանգ Յա Ցիոնգ՝ Չինաստան

Այն բանից հետո, որ Խուանգը բադմինթոնի խառը թիմային մրցաշարում ոսկե մեդալակիր դարձավ, Լյուն ծնկի իջավ ու առաջարկեց նրան իր կինը դառնալ: Մարզուհին այդքան տեսախցիկների առաջ միաձայն «այո» պատասխանեց:
Լյուն էլ Օլիմպիական բրոնզե մեդալ է նվաճել 2021 թվականին Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերում:


«Այսօր ես Օլիմպիական չեմպիոն եմ ու ինձ ամուսնության առաջարկություն են արել, դրա համար ամեն ինչ այսքան անսպասելի էր»,- ասել է Յա Ցիոնգը:

Էլիս Ֆինոն եւ Բրունո Մարտինես Բարժալ՝ Ֆրանսիա ու Իսպանիա

Հենց որ ֆրանսիացի վազորդ Էլիս Ֆինոն 3000 մետր վազքում Եվրոպայի ռեկորդ սահմանեց, վազեց տրիբունաներ, ծնկի իջավ ու հանդիսականների բուռն ծափերի ներքո ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ նրան նվիրելով «Սերը Փարիզում» կրծքանշան: Նա 2015 թ. հանդիպում է իսպանացի եռամարտիկ Բրունո Մարտինես Բարժալի հետ, որը միանգամից տվեց իր համաձայնությունը:

Լրագրողների հետ զրույցում Ֆինոն այսպես մեկնաբանեց իր որոշումը. «Ինքս ինձ ասել էի, որ եթե կարողանամ 9 րոպեից արագ վազել, երջանիկ կլինեմ: Իսկ մենք Բրունոյի հետ ենք մոտ 9 տարի, սիրում եմ անսովոր արարքներ: Նա նախկինում ինձ ամուսնության առաջարկություն չի արել, ու որոշեցի ինքս կտրուկ քայլերի դիմել»:


Էլիսն իսկապես զարմանալի է, նա Փարիզում այն քչերից մեկն էր, ով մարզուհի չէ: Մասնագիտությամբ ինժեներ է ու աշխատում է Ավտոմոբիլային ինովացիոն կենտրոնում: Իսկ վազքով զբաղվում է 13 տարեկանից՝ իր հաճույքի համար շաբաթական վազելով երկու անգամ:

Տարա Դեւիս եւ Հանթեր Վուդհոլ՝ ԱՄՆ

Ամերիկացիներ Տարա Դեւիսի ու Հանթեր Վուդհոլի մասին էլի ենք անդրադարձել մեր կայքում ու պատմել նրանց մեծ եւ գեղեցիկ սիրո մասին: Նրանք միակ զույգն են, որոնք մասնակցել են Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերի:

Եվ ահա Փարիզում Տարան հեռացատկում իր ոսկե մեդալը նշեց ամուսնու գրկում: Պարալիմպիկ խաղերի չեմպիոնն ողջ մրցաշարի ընթացում կնոջ կողքին էր ու քաջալերում էր նրան: Հանթերը երազել է, որ կինն էլ իր պես քառամյակի կարեւոր մրցաշարում չեմպիոն հռչակվի: Իսկ ահա ինքը մի քանի օրից հանդես է գալու Փարիզի Պարալիմպիկ խաղերում, աջակցելու հերթն արդեն Տարայինն է լինելու:

«Հանթերի հետ մարզվել ենք ամեն օր ու սպասել այս պահին: Չեմ կարողանում հավատալ երազանքիս իրականացմանը, Հանթերն է ինձ հիշեցնում, որ վերջապես Օլիմպիական չեմպիոն եմ ու այս ամենին հասնելու համար շատ եմ աշխատել: Արժեր անցնել բոլոր դժվարությունների միջով»,- խոստովանել է Տարան:


Պաբլո Սիմոնետ ու Մարիա Կամպոյ՝ Արգենտինա

Օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ Սիմոնետը, որը հանդես է գալիս Արգենտինայի հանդբոլի հավաքականում, ամուսնության առաջարկություն արեց սիրելիին: Նա էլ իրենց երկրի հոկեյի հավաքականի խաղացող է:

Զույգը միասին է 2015 թվականից, միասին ելույթ են ունեցել նաեւ 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերում:



«Իմ կյանքի կինն ինձ «այո» պատասխանեց մեր երազանքի վայրում, այնքան համառորեն ենք պայքարել, որպեսզի այստեղ հայտնվենք: Բացարձակ երջանկություն ենք զգում: Շնորհակալություն մեր ընկերներին ու աջակիցներին, որոնք այս իրադարձությունն այդքան յուրահատուկ դարձրին: Այն հավերժ կհիշենք: Փարիզը միշտ էլ լավ միտք է»,-գրել է մարզիկը:

Քեթի Բոուլտեր եւ Ալեքս Դե Մինաուր՝ Մեծ Բրիտանիա եւ Ավստրալիա

Զույգն այս տարի նորամուտն է նշել Օլիմպիական խաղերում: Մեծ Բրիտանիան ներկայացնող Բոուլտերն ու ավստրալացի Դե Մինաուրը 2023-ին Ուիմբլդոնում միասին զուգախաղում են հանդես եկել:

Հանդիպում են 2020 թվականից ու Փարիզում իրենց հարաբերությունների 4-ամյակը նշեցին:


Օլգա Հարլան ու Սամելե Լուիջի՝ Ուկրաինա եւ Իտալիա

Սուսերամարտիկները առաջին անգամ հանդիպել են պատանի տարիքում, քանի որ հաճախակի էին մասնակցում միեւնույն մրցումներին: Սակայն պաշտոնապես ծանոթացել են 2017-ին, ու դրանից հետո միասին երկու Օլիմպիական ցիկլ անցել՝ հանդես եկել Տոկիոյում եւ Փարիզում:

Ուկրաինուհին Փարիզում բրոնզե մեդալ նվաճեց անհատական պայքարում եւ ոսկե՝ թիմային: Իսկ իտալացին կանգեց պատվոհարթակի 3-դ աստիճանին:



«Մեր կարիերայի ամենակարեւոր օրերին միասին էինք: Նույնիսկ երբ մրցակցում էինք ու նյարդային էինք, միեւնույն է կարողանում էինք ճիշտ բառեր գտնել ու ասել միմյանց, կամ պարզապես լռել, բայց միասին լինել: Սա հիանալի պատմություն է, որի մասին հետագայում դեռ շատ կպատմենք:

Ասում են, որ սերն ամենալավ դեղամիջոցն է: Այսպիսով՝ այդ դեղամիջոցի շնորհիվ մենք հիշում ենք, թե ով ենք իրականում: Միշտ շնորհակալ կլինեմ նրա աջակցության համար, երբ բոլոր դժվարություններն ու հիասթափությունները գլուխ էին բարձրացրել: Միշտ կհիշեմ միասին անցկացրած ամեն վայրկյանը: Բայց ավելին մեզ առջեւում է սպասվում»:


Էլինա Սվիտոլինա, Գաել Մոնֆիս՝ Ուկրաինա եւ Ֆրանսիա

Ուկրաինուհի ու ֆրանսիացի թենիսիստները միասին են 2019 թվականից, ամուսնացել են դրանից 2 տարի անց: 2022-ին նրանք առաջին անգամ ծնողներ են դարձել ու դստերն անվանել Սքայ: Փարիզում երկուսն էլ առաջին անգամ հանդես եկան ծնողների կարգավիճակում:

Փարիզում Մոնֆիսը 4-րդ անգամ հանդես եկավ, նա առաջին անգամ մասնակցել է դեռ 2008-ին Պեկինի խաղերին, իսկ Սվիտոլինան նորամուտը նշեց: Երկուսն էլ դեռ Օլիմպիական մեդալներ չունեն:


Ռոսելա Ֆիամինգո եւ Գրեգորիո Պալտրիների՝ Իտալիա

Իտալացի սուսերամարտիկ Ֆիամինգոն ու նրա նշանածը՝ լողորդ Պալտրիներին Փարիզում Օլիմպիական մեդալակիրներ դարձան մոտ 15 րոպեի տարբերությամբ: Մինչ սուսերամարտիկը ոսկի կնվաճեր թիմային պայքարում, նրա սիրելին պատմության մեջ մտավ որպես առաջին իտալացի մարզիկ, ով 3 խաղեր շարունակ մեդալակիր է նվաճում: Փարիզում նա բրոնզ նվաճեց 800 մ ազատ ոճում, մինչ այդ Ռիոյում հաղթել էր, իսկ Տոկիոյում 2 արծաթ ու 1 բրոնզ ապահովել:

Ի դեպ, զույգը ծանոթացել է հենց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ու արդեն պատրաստվում է ընտանիք կազմել:



Խաղերի փակման արարողության ժամանակ էլ նրանք իրենց երկրի դրոշակակիրներն էին:

Մանոն Ապիտի-Բրյունե եւ Բոլանդե Ապիտի՝ Ֆրանսիա

2021 թվականից ամուսնացած սուսերամարտիկները դժվարություն չունեցան ու իրենց հայրենիքում անցկացված խաղերում մեդալակիր դարձան: Մանոն ոսկե մեդալով հարստացրեց Ֆրանսիայի հավաքածուն ու այդ հաջողությունը տոնեց ամուսնու գրկում: Մինչ այդ նա արծաթե ու բրոնզե մեդալակիր էր դարձել
Տոկիոյի խաղերում: Իսկ Բոլանդեն Փարիզում 3-րդ տեղը գրավեց, միասին նրանք խաղերի փակման արարողությանն էին:



«Ավելի լավ է, երբ մենք միասին ենք վայելում հաջողությունը»,- Ինստագրամում գրել է Ապիտին:

Ժոաո Չիանկա եւ Լունա Սիլվա՝ Բրազիլիա

Չիանկան ու Սիլվան երկուսն էլ զիջել են սերֆինգի քառորդ եզրափակչում: Նրանք չեն կարողացել իրականացնել իրենց երազանքներն ու Օլիպիական չեմպիոններ չեն դարձել: Փոխարենը բրազիլացիները մեծ սեր ու լավ կողակից ունեն, ինչի շնորհիվ էլ բոլոր դժվարությունները հաղթահարելի են:



Դոմինիկ Չերնի եւ Հանա Բուրզալովա՝ Սլովակիա

Այս զույգի մասին պատմել ենք մեր «Մեկ կադրում» շարքում, թե ինչպես է Չերնին 2023 թվականի ատլետիկայի Աշխարհի առաջնության ժամանակ սիրելին ամուսնության առաջարկություն արել:

Նրանք երազում էին միասին հանդես գալ Փարիզում, ինչը եւ իրականացրին՝ մասնակցեցին կանանց ու տղամարդկանց համատեղ մարաթոնին ու 18-րդ տեղը զբաղեցրին:



Թեեւ մեդալներ չնվաճեցին, սակայն իրենց երեխաներին կարող են ցույց տալ Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ անցկացված մրցումների ռոմանտիկ կադրերն ու կիսվել անմոռանալի հիշողություններով:

Խաղերի ընթացքում համարյա օր չէր լինում, որ չլսեինք ամուսնության առաջարկության կամ որեւէ այլ գեղեցիկ սիրո պատմության մասին: Փարիզում իսկապես հաղթեց սերը, որն ամենայուրահատուկ սպորտն է աշխարհում:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին